2016.07.08,

Տեսակետ

«Լրատվամիջոցները պետք է պայքարեն ազատության համար»

Գերմանիայի հեղինակավոր «Վիսբադեն Կուրիեր» («Wiesbadener Kurier») օրաթերթը տպագրվում է 1945 թվականից: Տպաքանակը` 56.085: Թերթի ստեղծագործական կազմը բաղկացած է գլխավոր և ևս 20 խմբագիրներից, 40 մշտական լրագրողներից և 100-ից ավելի թղթակիցներից: Ազատ թղթակիցների շարքում են ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրողները, այլև ուսանողները, թոշակառուները: 32 էջանոց թերթն ունի նաև փաստաբաններ, որոնց հետ խմբագրակազմը խորհրդակցում է՝ որոշելու համար վիճելի, անկախատեսելի հետևանքներով տեղեկատվության հրապարակման նպատակահարմարությունը:

Թերթը ներկայացնող ընկերությունը Հեսեն տարածարջանի խոշորագույն կազմակերպություններից է, որին պատկանում են ոչ միայն Վիսբադենի, այլև Մայնցի և էլի մի քանի քաղաքների տեղական թերթերը: Թերթն ինքնաֆինանսավորվող անկախ կազմակերպություն է, որի շահույթները գոյանում են հիմնականում բաժանորդագրությունից և գովազդից:

«Wiesbadener Kurier»-ի գլխավոր խմբագիր Շտեֆան Շղյոդերն (Stefan Schröder) ասում է, որ հրապարակվող օբյեկտիվ, հավասարակշռված և փաստարկված լրատվությունն այն հիմնաքարն է, որն անկախ լրատվական շուկայի մեծ այլընտրանքից՝ սպառողին հավատարիմ է պահում իրենց թերթերին: Խստագույնս պահպանվում են ԶԼՄ-ների համար նախատեսված էթիկայի կանոնները, սկսած առանց մարդու թույլտվության լուսանկար, տվյալներ հրապարակելուց, մինչև` copy paste-ը բացառելն ու աղբյուրնեին հղում տալը:

«Wiesbadener Kurier»-ը գործող թերթ լինելուց բացի՝ մեծ դպրոց է լրագրության ոլորտ մուտք գործող երիտասարդների համար: Շտեֆան Շղյոդերն անչափ կարևորում է աշխատակազմի կողմից երիտասարդներին մասնագիտական գիտելիքների փոխանցումը: Օրինակ, հիմա խմբագրությունում մեկ տարվա հայտատու պրակտիկանտների հսկայական հերթ է:

Պրն Շղյոդեր, Դուք ինքնաֆինանսավորվող կազմակերպություն եք, ունեք մեծ աշխատակազմ, ռեսուրսներ և ընթերցողների հզոր բանակ:

Մեր ընկերությունն ունի տարբեր ենթակառուցվածքներ, որոնք պատասխանատու են թերթի արտադրության համար: Խմբագրությունը միայն մեկ բաժինն է: Վիզբադենից 25 կմ. հեռավորությամբ Ռյուսելսհայմ քաղաքում է գտնվում մեր ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող տպարանը: Այնտեղ տպագրում ենք ոչ միայն մեր թերթն, այլև` «Frankfurter Allgemeine Zeitung Mainz», «Darmstatädter-Echo» և շատ այլ թերթեր, գովազդային ամսագրեր:

Ունենք առանձին կազմակերպություն, որը զբաղվում է մենեջմենթով և պատասխանատու է թերթի վաճառքի կազմակերպման համար: Գործում է նաև կոմերցիոն բաժին, որը պատասխանատու է գովազդների, հայտարարությունների, ներդիրների համար:

Նկատելի է, որ թե՛ թերթում, թե՛ կայքում զետեղված բոլոր նյութերի ծավալը բավական փոքր է:

Մեզ մոտ սկզբունքորեն այդպես է. բոլորը պետք է գրեն փոքր ծավալով և ոչ այնքան, որքան ուզում են: Պրոֆեսիոնալիզմը նաև ասելիքը հնարավորինս սեղմ փոխանցելն է:

Մեր հեղինակները պետք է ունենան նաև չհնացող հավելյալ նյութեր: Բացի ամենօրյա թռուցքաժողովներից, շաբաթը մեկ անգամ բոլոր ոլորտների պատասխանատու խմբագիրները պետք է խոսեն միմյանց հետ` ճշտելու թերթի անելիքները:

Ինչ վերաբերում է միջազգային լրատվությանը կամ մեծ քաղաքականությանն, ապա մենք աշխատում ենք «DPA» լրատվական գործակալության հետ, որն ապահովում է օրինակ`Վաշինգտոնից, Մոսկվայից, Բեռլինից և այլ երկրներից օպերատիվ տեղեկատվություն: Բեռլինում թղթակցային կազմակերպություն ունենք, որը տարբեր թերթերի հետ համագործակցում է: Կարող ենք մեզ հետաքրքրող թեմայով հանձնարարություն տալ, և իրենք մեզ համար հարցազրույցներ կանեն: Շատ քաղաքներում թղթակիցներ ունենք, որոնք անմիջապես արձագանքում են յուրաքանչյուր իրադարձությանը:

Ասեմ, որ մեզ մոտ յուրաքանչյուր լրագրող միմիայն իր ոլորտով է զբաղվում:

Որքան գիտեմ, «Wiesbadener Kurier»-ի տպագիր տարբերակն ամբողջ Գերմանիայի տարածքում չի իրացվում:

Ունենք բաժանորդագրության արդյունավետ աշխատող մեխանիզմ: Մեր ընթերցողների 90%-ը տարվա մեջ վճարում է մեկ անգամ, և ամեն օր թերթը հայտնվում է իրենց փոստարկղում: Անշուշտ, շատ քաղաքներում տպագիր թերթն ուղղակի վաճառվում է: Չգիտեմ` Հայաստանում որքանով է հայտնի, բայց աշխարհում ընթերցողները հետևում են մեր կայքի աշխատանքին, շատերը բաժանորդագրվում են նաև էլեկտրոնային E-Paper տարբերակով:

Զրույցի սկզբում ասացիք` Գերմանիայում լրագրողները պաշտոնյաներից հարցազրույց չեն խնդրում` պահանջում են: Արդյո՞ք հնարավոր է պետական ծառայողներից ստանալ ցանկացած տեղեկություն, նրանք այդքան թափանցի՞կ են աշխատում:

Այո, պետական պաշտոնյաները բաց են աշխատում: Խոսքն, անշուշտ, մասնավոր հատվածին չի վերաբերում: Լրագրողի՝ տեղեկություն ստանալու իրավունքը պետք է հարգել, և պետական կառույցները պարտավոր են լրատվամիջոցների միջոցով հասարակությանն իրազեկել իրենց կատարած աշխատանքների մասին: Հազվադեպ է պատահում, երբ անհրաժեշտ տեղեկությունը չենք ստանում:

Եթե օրինակ, պետական պաշտոնյան հրաժարվում է պատասխանել լրագրողի հարցերին, հաջորդ օրը գրում ենք, որ այսինչ անձը այսպես է վարվել: Եվ բոլորի մոտ միանգամից հարց է առաջանում` նա ինչ-որ բա՞ն է թաքցնում, մենք ուզում ենք նրանից պատասխաններ լսել: Այդպիսով` հարցերը լուծվում են: Այնուամենայնիվ, մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ խոսքի ազատությունը պաշտպանվում է օրենքով:

Հիմա գերմանական զանգվածային լրատվամիջոցները հասարակական, քաղաքական տարբեր շերտերի կողմից քննադատության են արժանանում փախստականների խնդրին դրական երանգով անդրադառնալու համար: Այսօր մեզ համար դա լուրջ խնդիր է, քանի որ ձևավորվել է դժգոհողների մեծ բանակ, որը դեմ է, մասնավորապես՝ իսլամական երկրներից, և առհասարակ՝ փախստականների հոսքին դեպի Գերմանիա:

Լայպցիգում «Պեգիդա» կոչվող շարժման ակտիվիվիստները ցույցեր են կազմակերպում՝ լրատվամիջոցներին անվանելով «ստախոսներ»: Լրատվամիջոցները աշխատում են հանդուրժողականության միջավայր ստեղծել` հորդորելով աջակցություն ցուցաբերել փախստականներին: Փորձում ենք հասարակական այդ զայրույթը զսպել հակակշռող փաստարկներով` մատնանշելով շատ ոլորտներում օտարերկրացիների առկայության դրական ազդեցությունը:

Արդյունքում արժանանում ենք հասարակության որոշ շերտերի դիմադրությանը:

Կայքերի, սոցիալական ցանցերի ակտիվացմանը զուգահեռ, տպագիր մամուլը կանգնեց լուրջ ճգնաժամի առջև: Ընթերցողների կորուստը, ֆինանսական բարդությունները որոշ թերթերի ստիպեցին փակվել, շատերն էլ` աշխատակազմի, տպաքանակի կրճատման գնով դեռ տպագրվում են: Ունե՞ք ընթերցողների ճգնաժամ:

Անշուշտ, Գերմանիայում էլ այդ խնդիրը կա, ավելին` Գերմանիայում ավագ սերունդը, որը տպագիր թերթի ջատագով էր, գնալով նվազում է, իսկ ներկայիս սերնդի մեջ բնիկ գերմանացիները, որոնք լավ տերապետում են մեր լեզվին, քիչ են և թերթի սպառողներ չեն: Մեր հասարակությունը բաղկացած է մեծաքանակ օտարերկրացիներից, որոնք թերթ շատ չեն կարդում:

Այսօր մենք ունենք այնքան ընթերցող, որքան երբեք չենք ունեցել, սակայն ցավոք, նրանք էլեկտրոնային տարբերակով ընթերցողներ են և տեղեկատվության համար չեն վճարում: Ֆինանսական ռիսկերին հակակշռելու նպատակով նորագույն մոդելներ ենք մշակում: Օրինակ, մեզ մոտ սկզբունքորեն այսպես է. եթե ընթերցողն ամսվա մեջ 50 անգամ օգտվել է տեղեկատվությունից, այդ շեմը լրանալուց հետո պետք է սկսի վճարել:

Անշուշտ, ոչ բոլորն են այդպես անում: Գովազդատուները նույնպես նախընտրում են էլեկտրոնային տարբերակը, քանի որ ի տարբերություն տպագիր թերթի գների` կայքում գներն անհամեմատ ցածր են: Թերթ տպագրելը թանկ երևույթ է: Չնայած դրան` մենք ունենք ընթերցողների մի շերտ, որը ցանկացած պարագայում տպագիր տարբերակի հավաատարիմ սպառողն է:

Ամբողջ աշխարհում ամենաընթերցվող նյութերը վթարների, ողբերգությունների, սպանությունների մասին են: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը սթրես առաջացնող այդ լրատվության վերաբերյալ:

Լրատվամիջոցներն իրականության հայելիներն են: Իհարկե, կյանքում ողբերգություններից բացի դրական երևույթներն էլ քիչ չեն: Կոնկրետ մենք սկզբունքորեն պահպանում ենք լրատվության հավասարակշռությունը, հետևաբար, երբ արհավիրքների, աղետների մասին տեղեկատվությանը զուգահեռ հրապարակում ենք նաև իրականության մեջ կատարվող դրական երևույթները` բացասականն այդքան սուր չի ընկալվում, մարդիկ սթրեսի չեն ենթարկվում:

Մեր լրատվամիջոցը հակված չէ ընթերցողին դեպի թերթ բերել՝ հոգեկան աշխարհը տրավմայի ենթարկելով: Կարող ենք նման բնույթի լրատվությունը չափավոր տեղադրել կայքում, բայց դրա շարժառիթը մարդկանց իրազեկելն է: Օրինակ, զգուշացնելով, այս ճանապարահատվածով երթևեկելիս կարող եք խցանման մեջ հայտնվել արձանագրված այսինչ վթարի պատճառով:

Այսինքն` նման լրատվության միտումը մանիպուլյատիվ ճանապարհով կայքի այցելություններն ապահովելը չէ, զուտ տեղեկատվական է: Թերթում նույնպես հրապարակում ենք այն վթարների, արհավիրքների մասին, որոնց առկայության պայմաններում պարզապես հասարակական բնականոն կյանքը խաթարվել է: Մեր պարտականությունը կատարում ենք բարեխղճորեն: Ցավոք, մեր օրերում, այո, շատ լրատվամիջոցներ չարաշահում են նման լրատվության հոսքը:

Գերմանիայի ԶԼՄ-ներում կա՞ արդյոք իշխանության կամ ընդդիմության ֆինանսական խողովակներով «սնվելու» ավանդույթ:

Կարող եմ վստահեցնել, որ չկա: Իհարկե, կան կուսակցական պաշտոնաթերթեր: Գերմանական մամուլը հովանավորվում է ոչ թե աջ կամ ձախ ուժերից, այլ թերթից ստացվող եկամուտներից: Մենք անկախ կազմակերպություններ ենք, և ֆինանսական ռեսուրսները գոյանում են լրատվական շուկայից: Կարող եք նկատել թերթեր, որոնք չեն թաքցնում իրենց համակրանքը լիբերալների կամ պահպանողականների նկատմամբ, ինչը մեղմ ասած` չի խրախուսվում, բայց համակրել՝ չի նշանակում ֆինանսավորվել:

Բայց հաշվի առնելով տարբեր երկրների լրատվական դաշտի առանձնահատկությունները, կարող եմ ասել, որ Գերմանիան քսան տարի առաջ նույնպես ուներ բազում խնդիրներ: Այսօրվա մեր ազատությունը երկարատև պայքարի արդյունքում վաստակած ազատություն է: Պայքարել է պետք:

Ասում են` Գերմանիայում անհնար է կոռուպցիա իրականացնել, քանի որ լրագրողները դեպքը բացահայտելուց հետո տվյալ անձին «հոշոտում» են` պահանջելով հեռացնել համակարգից:

Գերմանիայում լրագրողների լիազորությունները չափազանց կարևոր են, մենք հատկապես պետական ապարատի վերահսկողներն ենք: Մեր աշխատանքը՝ պաշտոնյաներին զգոն պահելուց բացի, նաև օգուտ է բերում: Չէ՞ որ մենք խնդիրներ ենք բարձրացնում, որպեսզի դրանք լուծում ստանան:

Կոռուպցիայի մասին ես իմ դիրքորոշումն ունեմ: Ինձ համար կոռուպցիան միայն անաշխատ փողերի շորթումը չէ, այն կարող է լինել ինչ-որ հարցերի շուրջ փոխհամաձայնություն: Օրինակ, եթե ձեզ ասեմ, որ պատրաստ եմ ձեզ համար այս բանն անել և ակնկալում եմ, որ Դուք էլ ինձ համար ինչ-որ բան կանեք, դա ևս կոռուպցիա է:

Եթե ընտրությունների ժամանակ որևէ թեկնածուի հետ պայմանավորվում ես, օրինակ, օգնել ինչ-որ հարցերում, բայց սպասում, որ ընտրվելուց հետո այսինչ տարածքում կառուցապատման թույլտվության կստանաս, դա ևս կոռուպցիա է:

Ընդհանրապես մարդկանց պետք է օգնել, միշտ ինչ-որ բան անել առանց ակնկալիքի և սեփական հնարավորությունների սահմանում և չգցել հոգեբանական ստրկության, խարդախության մեջ: Ամեն տարի աշխարհի բոլոր երկրների մասշտաբով կոռուպցիայի ցածր մակարդակի մասին հրապարակվող զեկույցում Գերմանիան առաջին դիրքը չի զբաղեցնում, իսկ դա արդեն նշանակում է` վատ է:

Պրն Շղյոդեր, որպեսզի ասածս առարկայական լինի, շատ անձնական մի բան պատմեմ: Խնդրանքով մի քանի անգամ դիմել եմ վարչական կառույցի կին պաշտոնյաներից մեկին, որը մշտապես դրական է պատասխանել: Գերմանացի ընկերներիս ասացի` ուզում եմ ծաղիներ գնել ու գնալ նրան շնորհակալություն հայտնելու: Ընկերներս սկզբում ծիծաղեցին, հետո ասացին` սա Հայաստանը չէ, տիկինը կարող է զայրանալ և վիրավորվել` համարելով, որ կաշառք ես առաջարկում: Մեզ մոտ ձեր այդ «ավանդույթները» մոռացիր:  

(Երկար ծիծաղում է): Ձեր գերմանացի ընկերները դիպուկ են ասել՝ օգնելով ճիշտ ուղի ընտրել: Այո, Գերմանիայում նման քայլերն անընդունելի են: Պետական պաշտոնյան իրավունք չունի նվեր վերցնելու, դա որպես կաշառք է ընկալվում: Որքան գիտեմ՝ պետական կառույցներում կառավարության կողմից հաստատված փաստաթուղթ կա, համաձայն որի`պետական պաշտոնյան մեկ այլ անձից անգամ գրիչ նվեր ստանալու իրավունք չունի:

Կին պաշտոնյային ծաղիկ կարող եք նվիրել, բայց այն չպետք է գերազանցի տասը եվրոն, և այդ նվերը չպետք է համընկնի դիմումը տալու, պատասխանը ստանալու ժամկետների հետ: Երբ նրա հետ գործնական հարաբերություններն ավարտվում են, այսինքն, այդ ծաղիկը դիմումի պատասխանի վրա չի ազդում, կարող եք որպես շնորհակալություն նվիրել:

                                                                                                                                                                                            Հարցազրույցը՝ Լուսինե Ստեփանյանի,
Վիսբադեն-Երևան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *