2011.06.28,

Տեսակետ

«Մուլտիմեդիան ընթերցողին հրավիրում է լրագրության աշխարհ»

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Շերի Ռիկիարդին միջազգային հարաբերությունների հարցերում մասնագիտացած American Journalism Review-ի ավագ հեղինակ է, ԱՄՆ-ի Ինդիանա համալսարանի լրագրության պրոֆեսոր:

Որո՞նք են մուլտիմեդիա լրագրողին անհրաժեշտ գլխավոր հմտությունները:

Կարծում եմ՝ այն է, ինչը հող է նախապարտաստել ավանդական լրագրության համար՝ հետաքրքրասիրությունը, հմտությունը, հարցազրույց անելու, աղբյուրներ օգտագործելու, պատմություն գրելու ունակությունը: Այսինքն՝ լրագրության հիմնական սկզբունքները մնում են նույնը, սակայն այժմ մենք ավելացնում ենք տաղանդի եւ հմտությունների նոր շերտ: Դու պետք է ունենաս լավ աչք եւ որոշես՝ գուցե պետք է տեսանյութ դնել լուսանկարների փոխարեն, պետք է մտածես, թե ինչ նոր տարրեր ավելացնել: Այսպիսով մենք իրազեկում ենք, թե ինչպես ենք տեղեկատվություն մատուցում, ընդլայնում ենք հորիզոնը, եւ դա մեծ մարտահրավեր է: Ամենակարեւորն այն է, որ սա միայն պահի կամ օրվա լուրը չէ, մենք կարող ենք սկսել օրվա լուրով եւ ընդարձակել այն մուլտիմեդիայով: Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում օգտագործել այն. սա է հարցը ամերիկյան եւ հայ լագրողների համար: Մենք ունենք իշխանություն. ինչպե՞ս ենք այն օգտագործում մեր մասնագիտության բարօրության համար:

Ինչպե՞ս է փոխվել ընթերցող- լրագրող հարաբերությունները մուլտիմեդիա լրագրության հետեւանքով:

Կարծում եմ՝ ամենակարեւոր փոփոխությունն այն է, որ մուլտիմեդիա լրագրությունը հանրությանը բերել է մեր աշխարհ: Մենք թույլ ենք տալիս նրանց գալ մեր լրագրություն, մասնակցել մեզ հետ, մեկնաբանություններ թողնել, քլիք անել իրենց հետաքրքրող նյութերի վրա: Պատմություններն ավելի վիզուալ են, գուցե վիզուալը նրանց ավելի է գրավում, քան կարդալը. դա իրենց ընտրությունն է: Մուլտիմեդիան իշխանություն է տալիս ընթերցողին, օգտատերին: Մենք նրանց հրավիրում ենք, թույլ ենք տալիս մտնել լրագրության աշխարհ:  Մենք ասում ենք՝ մեզ հետաքրքրում են ձեր մեկնաբանությունները, եթե ցանկանում եք, բլոգ արեք մեզ հետ, եւ դա շատ կարեւոր է, մենք չէինք կարող անել դա անցյալում: Ավանդական լրագրության մեջ մենք ասում ենք՝ դուք կարող եք գրել մեր խմբագրին, հիմա ամեն ինչ շատ տարբեր է, եւ ես կարծում եմ՝ հանրությունն իսկապես գնահատում է դա: Մենք տեսնում ենք, որ հետաքրքրությունն աճում է, եւ այն օգտատերերը, ովքեր սիրում էին ավանդական մեդիան, վերադառնում են, որովհետեւ նրանք ասում են, որ մենք լուսաբանմանը նոր մոտեցում ենք ավելացրել: Մենք շատ առեղծվածային աշխարհ ենք, մարդիկ ուզում են իմանալ՝ ինչ են անում լրագրողները, ինչպես են որոշումներ կայացնում, ինչու են անում, ինչպես են անում: Մուլտիմեդիա լրագրությունը գաղտնազերծում է, օգնում է նրանց տեսնել, թե ինչ ենք մենք անում, եւ մասնակցել մեր արածին: Սա հրաշալի է:

Ինչպե՞ս է փոխվել լրագրողի դերը:

Կարծում եմ՝ դերը նույնն է. մենք հանրության համար «հսկող շներ» ենք, մենք հսկում ենք կառավարությանը, որտեղ էլ լինենք, մենք վեր ենք հանում սոցիալական խնդիրներ: Անցյալ օրը մի խումբ լրագրողների ասացի՝ մի կարծեք, թե հետաքննական լրագրությունը միայն քաղաքականություն է, այն ամեն ինչ է՝ առողջապահություն, կրթություն, ամեն ոք եւ ամեն ինչ: Այսպիսով ես կարծում եմ, որ սա մեծ մարտահրավեր է մեզ համար, մենք պետք է ավելի լավ անենք այն, ինչ անում ենք: Ես պրոֆեսոր եմ ամերիկյան համալսարանում, մենք փոխում ենք մեր ուսումնական պլանը, որպեսզի համապատասխանենք մուլտիմեդիա լրագրությանը: Փորձում ենք պարզել, թե ինչ պետք է սովորեցնենք երիտասարդներին, որպեսզի նրանք պատրաստվեն անել դա: Մենք չունենք բոլոր պատասխանները, բայց աշխատում ենք դրանք գտնելու ուղղությամբ: Շատ մարդիկ մտածում են, որ դա չափազանց շատ է, ես ամենեւին այդպես չեմ կարծում, կարծում եմ՝ սա այն տեղն է, որտեղ մենք պատրաստվում ենք լինել 21-րդ դարում: Եթե մենք չանենք սա, մենք կպարտվենք: Այսպիսով սա շատ կարեւոր է: 

Ավագ սերունդը, հնարավոր է, չունի մուլտիմեդիա հմտություններ, օրինակ՝ իմ ամուսինն ունի, նա հեշտությամբ կարող է անել այդ ամենը, նա աշխատել է տեխնլոգիայի ոլորտում, փորձագետ է, իսկ ես ոչ: Ես հիանալի լրագրող եմ, շարունակում եմ զբաղվել լրագրությամբ, իսկապես լավ եմ անում իմ գործը, բայց ես չունեմ մուլտիմեդիա հմտություններ: Ես կարող եմ պատկերացնել, թե ինչպես են մուլտիմեդիա պատմություն անում, բայց ես չեմ կարող իրականացնել այն, ես կարող եմ նյութ բերել դրա համար, բայց տեխնոլոգիան պետք է անի մեկ ուրիշը: Իսկ ձեր սերունդը գիտի, թե ինչպես անել երկուսն էլ:

Որո՞նք են մեդիայի այսօրվա մարտահրավերներն առհասարակ եւ մասնավորապես ԱՄՆ-ում:

Լրագրողների համար մարտահրավերն այն է, որ մենք «գլոբալ գյուղ» ենք: Մենք կարող ենք կապի մեջ լինել: Լրագրողներն ամենուր նույնն են, եթե նրանք լավ լրագրող են: Վատ լրագրողները վատն են ամեն տեղ: Բայց մեզ ավելի շատ լավ լրագրողներ են անհրաժեշտ այս երկրներում: Մարտահրավերն այն է, թե մենք ինչպես ենք հաղորդակցվում միմյանց հետ՝ կա Սքայփ, էլ.փոստ, տեքստային հաղորդագրություն: Դու, որպես հայ լրագրող, կարող ես միանալ թուրք, հույն, ամերիկացի լրագրողների հետ եւ ասել՝ մեր երկիրը թրաֆիքինգի ծագմա՞ն, տարանցի՞կ, թե՞ նպատակակետ երկիր է: Եկենք միասին հավաքենք 5 երկիր եւ տեսնենք, թե ինչպես է թրաֆիքինգն առնչվում մեր երկրների հետ: Դուք կարող եք անել դա այս մեքենայով:

Սա այս ամենի հրաշալի մասն է. առաջին անգամ մենք հավաքվում ենք միասին որպես «գլոբալ գյուղ» եւ խոսում ենք միջազգային լեզվով, մենք գիտենք՝ ինչպես խոսել միմյանց հետ, եթե նույնիսկ դու չես հասկանում անգլերեն, իսկ ես՝ հայերեն: Մենք խոսում ենք լրագրության, ընդհանուր արժեքների եւ սկզբունքների մասին: Այսպիսով՝ այսօրվա մարտահրավերն է՝ ինչպես օգտագործել գլոբալ ցանցը աշխարհին ավելի լավ ծառայելու համար:

Ամերիկյան լրագրողի համար մարտահրավերն այն է, որ մեր մասնագիտությանը շատ ծանր հարված հասցվեց տնտեսության անկման պատճառով, հսկայական քանակությամբ լրագրողներ մնացին գործազուրկ: Խմբագրությունը, որն ուներ 150 լրագրող, այժմ ունի 90: 90 մարդու հետ կարող ես անել այն, ինչ 150-ի, բայց տուժում է որակը, լուսաբանումը: Տեխնոլոգիայի պատճառով մենք այժմ ունենք ավելի մեծ պահանջարկ, քան երբեւէ, բայց ավելի քիչ լրագրողներ: Սա էլ մեր մարտահրավերն է:

Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *