Նման հոդվածի անհրաժեշտություն, թերեւս, կար մի 18-19 տարի առաջ, երբ համակարգիչը նոր-նոր մուտք էր գործում Հայաստան, իսկ ինտերնետի մասին շատ քչերը գիտեին: Ոմանք ինչ-որ բաներ լսել էին՝ առանց պատկերացնելու կամ տեսնելու, թե ինչ հնարավորություններ է բացում այն: Արդ, ինչո՞ւ եմ հանկարծ հիմա, երբ մեր կյանքը դժվար է անգամ պատկերացնել առանց դրա, որոշել գրել այս մասին:
Նախապատմությունը հետեւյալն է. մոտ մեկ ամիս առաջ հրավիրվել էի «Շողակաթ» հեռուստաընկերությունում հարցազրույցի հենց այս թեմաների շուրջ: Գնում էի մետրոյով: Վագոն մտավ մոտ 60 տարեկան մի մարդ եւ մի քանի տեղ փոքրիկ թղթեր փակցրեց: Հետաքրքրությունս շարժվեց, մոտեցա, գրված էր. «Ինտերնետ = այլասերում = անտարբերություն = կործանում»: Ինտերնետային թեմաներով հարցազրույցի գնացող մարդու համար սա ուղղակի նվեր էր, եւ մենք հաղորդման ժամանակ անդրադարձանք այս գրությանը: Սակայն ասելիք, երեւի, մնացել է, դրա համար էլ որոշեցի, այսուհանդերձ, անդրադառնալ նորից:
Իսկապես դժվարանում եմ հասկանալ, թե ինչն էր այդ մարդուն մղել նման հուսահատ պայքարի: Ի՞նքն է միայն այդպես մտածում, թե՞ մի կազմակերպություն ունի, որի անդամներով որոշել են պայքարել այդ «սատանայական» հորինվածքի՝ ինտերնետի դեմ: Չգիտեմ: Բայց գիտեմ հաստատ, որ այդ մարդու պայքարը անիմաստ է: Երեւի ինքն էլ է դա գիտակցում: Ինքը չի կարող հանրապետություն մտնող մալուխը կտրել եւ անզոր է արբանյակային կապի դեմ պայքարում: Եվ ընտրել է պայքարի իր ձեւը՝ կարծիք է արտահայտում նման թռուցիկներ փակցնելով: Ունի դրա իրավունքը: Ընդ որում, կարող է դա անել (ուզում եմ ասել՝ իրավունք ունի անել) նաեւ լրատվամիջոցներով, նաեւ հենց ինտերնետով: Բայց ինքն ինտերնետ ոչ մի անգամ երեւի չի այցելել, լսել է այդ մասին եւ համարում է սատանայական մի բան, ինչպես արդյունաբերական հեղափոխության սկզբին շոգեմեքենան էին սատանայական բան համարում, ինչպես ԽՍՀՄ-ում մի ժամանակաշրջան մերժում էին գենետիկան եւ կիբեռնետիկան՝ համարելով դրանք մարքսիզմ-լենինիզմի ուսմունքին հակասող գիտություններ, ինչպես ոմանք պայքարում էին սկզբում ռադիոյի, ապա եւ «այդ սատանայական արկղի»՝ հեռուստացույցի դեմ՝ բոյկոտում էին, կոչ անում հրաժարվել դրանից եւ այլն:
Արդ, իսկապե՞ս այդքան վտանգավոր է ինտերնետը, որ այս մարդուն ստիպել է իր բողոքն արտահայտել այս կերպ:
Սկսենք նրա «ֆորմուլայի» առաջին բաղադրիչից՝
Այլասերում. ինչո՞վ է այլասերում կամ ո՞ւմ է այլասերում ինտերնետը: Անկեղծ ասած՝ չեմ կարող հասկանալ: Այո, ինտերնետում կա հսկայական ծավալի մերժելի բովանդակություն, այո, այն լիքն է պոռնոգրաֆիայով, բռնությամբ եւ այլն: Բայց հասարակ բան է՝ եթե չես ուզում, ընդամենը մկնիկի կոճակի մեկ կամ կրկնակի կտտոց է պետք՝ նման կայքեր չմտնելու կամ պատահաբար հայտնվելիս այն լքելու համար: Ասում եք՝ բոլորին դա չե՞ս բացատրի, ասում եք՝ «արգելված պտուղը քա՞ղցր է»: Կա նման բան, իրոք, կա: Բայց այդ տիպի կայքերը կաճեն, քանի դեռ կա պահանջարկը, այսինքն՝ քանի դեռ մարդիկ բացում են նման էջերը: Բոյկոտեք, իրենք քիչ այցելուներ կունենան, այսինքն՝ չեն «վաճառվի» եւ կմեռնեն: Իհարկե իմ ասածն էլ ուտոպիական է. դժվար է մի քանի հարյուր միլիոն (կամ գուցե մեկ միլիարդ, չգիտեմ նման կայքերի այցելուների իրական թիվը) մարդու համոզել, որ չայցելեն այդպիսի էջեր: Բայց, ամեն դեպքում, մարդն ընտրության հնարավորություն ունի՝ ինտերնետից քաղել օգտակա՞ր բովանդակություն, թե՞ նայել պոռնոգրաֆիա, բռնություն եւ այլն: Այսինքն՝ եթե չուզենաս, չես այլասերվի: Վստահ եմ, որ շատերին չհամոզեցի:
Անտարբերություն. սա էլ դժվար եմ հասկանում: Ընդհակառակը՝ ինտերնետը բերում է հետաքրքրությունների լայնացում, ավելին՝ ընդլայնում է շփումների շրջանակը, իսկ վերջին տարիներին սոցիալական մեդիայի շնորհիվ մարդկանց նաեւ կազմակերպվելու, միասին ինչ-որ խնդիրներ լուծելու հնարավորություններ է ընձեռում: Կա, իհարկե, ինքնամփոփվելու, ժամեր շարունակ համակարգչի առջեւ անցկացնելու երեւույթը: Բայց դարձյալ պիտի ասեմ, որ ամեն ինչ կախված է մարդուց: Անհատից: Նրա բնավորությունից: Չէ՞ որ խաղատներն էլ են շատ, խաղամոլներն էլ: Բայց շատ են նաեւ մարդիկ, ովքեր ժամանակին հետ են կանգնում՝ գիտակցելով, որ մոլությունը կարող է բերել սնանկացման:
Կործանում. Չգիտեմ, թե ում կործանումը նկատի ունի, կամ քանի՞ կործանված կյանք է տեսել վերը բերված «ֆորմուլայի» հեղինակը: Կամ ինչի՞ կործանումը նկատի ունի: Բայց երեւի տեսել է ու մի բան գիտի, որ ասում է: Իհարկե մենք լսել ենք պատմություններ ինտերնետի բացասական ազդեցության մասին` ինքնասպանությունների կամ հենց սպանություների դեպքերի մասին: Բայց այս մարդը, ինչքան հասկանում եմ, մարդկության կործանումը նկատի ուներ: Սա էլ նորություն չէ. այդպես արտահայտվել են նույնիսկ գրատպության գյուտից հետո… Բայց մարդկությունը, ինչպես տեսնում ենք, դեռեւս կա ու նորանոր գյուտեր է անում:
Ավարտեմ. ամենացավալին այս ամբողջ պատմության մեջ ինձ համար այն է, որ այդ մարդը չի կարդալու իմ այս հոդվածը եւ ինձ առարկելու կամ ինձ հետ բանավիճելու հնարավորություն չի ունենալու: Բայց համոզված եմ, որ շարունակելու է իր հուսահատ պայքարն ինտերնետի դեմ՝ իր կարգախոսը փակցնելով մետրոյի վագոնների լուսամուտներին կամ էլեկտրասյուներին: Այդ ամբողջ տարածքն էլ իր «ինտերնետն» է: Ընդ որում, այդ տարածքը ավելի փոքր է ինտերնետից, բայց գուցե թե ավելի ընթերցվող (առայժմ): Իսկ իր գրածը իր բլոգային գրառումն է կամ կարճ նոթը, որ ինձ նմանները կարդում ու որին անդրադառնում են ահա այս՝ ինտերնետային տարածքում:
Մեսրոպ Հարությունյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: