2016.03.11,

Նյուսրում

ՀՌԱՀ-ին՝ ընտրարշավի ժամանակ հեռարձակման լիցենզիա կասեցնելու իրավունք. նախագիծ

Դատարանի լիազորությունների վերապահում ՀՌԱՀ-ին և Դամոկլյան սուր՝ կախված մալուխային հեռարձակողների գլխին. Խոսքի  ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Media.am-ի հետ զրույցում այսպես բնորոշեց Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում առաջարկող նոր լրացումները:  

Օրերս Ազգային ժողով ներկայացրած այս նախագծով կառավարությունն առաջարկում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին բոլորովին նոր իրավունք վերապահել՝ կասեցնելու ընտրությունների ժամանակ կրկնակի խախտում թույլ տված հեռուստառադիոհեռարձակողի լիցենզիան՝ մինչև քվեարկության օրը, ժամը 20:00-ն:    

Խախտումների 4 կետ կա, որոնց կրկնվելու կամ շարունակվելու դեպքում ենթադրվում է լիցենզիայի կասեցումը՝

  • քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական նյութերի հեռարձակում,
  • քարոզչության նյութերի հեռարձակում՝ առանց համապատասխան հիշեցման,
  • թեկնածուների ( կուսակցությունների, դաշինքների) նկատմամբ խտրականության դրսևորում,
  • քարոզչության վերաբերյալ անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն չապահովելը:

Այս բոլոր խախտումներն առաջին անգամ թույլ տալու դեպքում կիրառվում է մեկ միլիոն դրամի տուգանք, կրկնվելու կամ շարունակվելու դեպքում նախագծով առաջարկվում է սահմանել  լիցենզիայի կասեցում: Առաջին երկու կետերը կան նաև հիմա, սակայն վերջին երկու կետերը, և հատկապես՝ լիցենզիայի կասեցման «պատժատեսակը», 2000 թվականից ի վեր գործող այս օրենքում առաջին անգամ են մտցվում:

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌԱՀ) այս պայմաններում դատարանի դեր է ստանձնում»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ նկատելով, որ իր ունեցած առանց այդ էլ լայն լիազորությունները ՀՌԱՀ-ը կա՛մ ընտրություններից դուրս չի կիրառում, կա՛մ էլ կիրառում է ընտրողաբար:  

«Չեմ բացառում, որ այս լիազորություններն էլ են տրվելու: Եվ գրեթե համոզված եմ, որ աչք կփակեն այն հեռուստաընկերությունների վրա, որոնք շատ հնազանդ ծառայում են, և թիրախը դառնալու են միայն այն հեռուստաընկերությունները, որոնք ասոցացվում են ընդդիմադիր կամ ոչ իշխանական կուսակցությունների հետ: Մի բան էլ, ընտրությունների ժամանակ հեռարձակողները դժվար թե հասցնեն դատարանում վիճարկել կասեցման որոշումը, և , փաստորեն, «կլռեն» մինչև քվեարկության ավարտը»:

Օրենքի նախագծի հեղինակները կից հիմնավորման մեջ նման փոփոխության անհրաժեշտությունն այսպես են բացատրել. «Կարծում ենք, որ նշվածը իրավական գործիք է կանխելու հատկապես քվեարկության օրը հեռուստաեթերով ընտրական օրենսգրքի պահանջների խախտումները: Հարկ է հիշատակել, որ նախորդ ընտրական փորձը վկայում է, որ հենց քվեարկության օրը հեռուստաընկերությունը եթեր տրամադրեց թեկնածուներին եւ իրականացվեց բացահայտ քարոզչություն, որի կանխման որեւէ գործուն իրավական մեխանիզմ առկա չէր: (Խոսքը 2012թ. ընտրարշավի և «Կենտրոն» հեռուստատեսության մասին է, ֊խմբ.):

Ինչ վերաբերում է «խտրականության դրսևորում» և «անկողմնակալ, գնահատականներից զերծ տեղեկատվություն» սահմանումներին, արդյո՞ք օրենքում նման վերացական, դժվար չափելի խախտումները սուբյեկտիվիզմի անսպառ աղբյուր չեն:

Աշոտ Մելիքյանի կարծիքով, այդտեղ որոշակի սուբյեկտիվիզմ կա. «Օրենքում մանրամասն սահմանելը, թե ինչ է նշանակում անկողմնակալ, բավական բարդ է: Չնայած, եթե ասենք լրագրողական որևէ շրջանակ հավաքվի, կարող է տալ դրա ձևակերպումը»:

Եվ պարտադրել ՀՌԱՀ-ի՞ն:

Ոչ, ՀՌԱՀ-ին պարտադրել, իհարկե չի կարող: Կարող է խորհուրդ տալ՝ ներկայացնել փորձագիտական եզրակացություն:

Եվ կարծում եք, որ ՀՌԱՀ-ը կհետևի՞ այդ խորհրդին:

Ո՛չ, ամենևին: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որևէ փորձագիտական կարծիք մինչև այսօր հաշվի չի առել և համարել է, թե մենք ուղղակի չենք սիրում այդ հանձնաժողովին և  իր «լավ աշխատանքը» չենք ուզում նկատել:

Նույն նախագծում նշվում է, որ քարոզչության ժամանակ կաբելային՝ մալուխային հեռուստաընկերությունները կարող են հեռարձակել վերգետնյա հեռուստաընկերությունների միայն վերգետնյա եթերային ծրագրերը…

Բայց ՀՌԱՀ-ն առանց այդ էլ բավական լծակներ ունի մալուխային հեռուստաընկերությունների հանդեպ: Ինչու՞ էլ ավելի խստացնել: ՀՌԱՀ-ին ուժեղացնելու’ համար, որպեսզի թույլ չտրվի պետական քարոզչության գերակշռության թուլացում:

Աշոտ Մելիքյանի բնորոշմամբ, առհասարակ այն ամենը, ինչ ընտրական օրենսդրության փոփոխութունների շրջանակում առնչվում է լրատվական դաշտին՝ «տոտալ գրոհ է լրատվամիջոցների դեմ». «Ակնհայտ է, որ իշխանությունները նախապատրաստական բոլոր, այդ թվում՝ օրենսդրական, քայլերն անում են՝ ընտրությունների ժամանակ իրենց համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, այն բոլոր մեխանիզմները կիրառելու համար, որոնք իրենց թույլ կտան մնալ իշխանության»:

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *