2015.11.27,

vox populi

«Ուզում եմ՝ սիրուն մարդիկ մտնեն լրագրություն եւ շարունակեն մնալ սիրուն»

Լրագրության հետ կապված միակ զգացողությունը, որ անփոփոխ է մնում տարիների ընթացքում, յուրաքանչյուր հարցազրույցի ժամանակ կրծքավանդակումս բացվող թոնիրն է՝ բոցից մինչև մոխիր:

Ունեմ համոզմունք, որ լրագրողը լրագրող է, քանի դեռ հարցազրույց անելիս կենդանի ապրումներ է ունենում, քանի դեռ մարդու հետ շփումը չի դառնում ամենասովորական առօրյա, քանի դեռ յուրաքանչյուր նոր հանդիպում թարմ զգացողությունների փաթեթով է տրվում:

Շատ բաներ լրագրողի կարիերայում ժամանակի ընթացքում դառնում են մաշված շրջապտույտի բաղկացուցիչ. ասուլիսներին արդեն կարելի է գնալ՝ հստակ պատկերացում ունենալով վերջաբանների մասին, իրադարձությունների պաշտոնական մեկնաբանություններն արդեն հնարավոր է կռահել նաև առանց պահանջվող զանգերն ու հարցումներն անելու, անգամ հաջորդ օրվա լրահոսի ամբողջական պատկերն է գրեթե ճշգրիտ գծագրվում մտքում…

Սա, իհարկե, կարելի է նաև «փորձ» ու «փորձառություն» անվանել, բայց սա փորձի հենց այն տեսակն է, որը երբեմն դառնում է փորձանք:

Տեսնում եմ լրագրողների, որոնք զրուցակցի հետ խոսակցության ընթացքում ուղղակի հենարան են ծառայում սեփական ձայնագրիչի համար և այսպիսի դեմքի արտահայտությամբ՝ «Գիտեմ՝ ինչ ես ասելու, բայց ասա»:

Կանխակալ, «փորձառու» վերաբերմունքի մյուս ծայրահեղական դրսևորումը զրուցակցի խոսքն ամեն երկրորդ բառից ընդհատելն է՝ տեղեկացվածության սեփական պաշարն ի ցույց դնելու համար, հարց հարցի հետևից ուղղելով:

Հասարակության օդափոխությունը կայանում է նաեւ լրագրողների միջոցով: Ամեն մարդ, որ շփման է դուրս գալիս լրագրողի հետ, մեծ հույս ունի՝ ընկալվելու:

Ուզում եմ՝ սիրուն մարդիկ մտնեն լրագրություն և շարունակեն մնալ սիրուն: Շաբլոն արտահայտությունների հնչեղ բազան, նորաձև ագրեսիան ու ինտրիգային ոճը, որ կուտակվում են լրահոսից մնացած հանապազօրյա աղբը չթափելու դեպքում, կարող են, իհարկե, առաջին տպավորություն գործել միամիտների վրա, բայց առավել հավանական շարունակությունն այն է, որ այդպես էլ չի կայանում իրական հաղորդակցություն:

Լրագրողը չի դառնում մեդիա: Նա նմանվում է լաքապատ, չշնչող արհեստական մակերեսի՝ փակ ծակոտիներով: Հասարակության օդափոխությունը կայանում է նաև մեր միջոցով: Ամեն մարդ, որ շփման է դուրս գալիս մեզ հետ, մեծ հույս ունի՝ ընկալվելու: Ունի հավատ, որ իր հաղորդած տեղեկատվությունը, իր կյանքն ու գործն առանձնակի ուշադրության և մատուցման կարժանան մեր կողմից:

Գուցե նա մեր հերթական աշխատանքային օրվա հերթական՝ ասենք, վեցերորդ հարցազրույցն է, բայց չի բացառվում, որ դա ներկայանալու նրա առաջին հնարավորությունն է:

Պատահում է նաև հակառակը. երբ մենք ենք ինչ-որ մեկի հերթական աշխատանքային օրվա հերթական՝ ասենք, վեցերորդ լրագրողը, և Աստված չանի, որ դա մեր կյանքում որպես լրագրող ներկայանալու առաջին հնարավորությունն է…

Լավ առիթ՝ այլևս երբեք երկրորդ փորձի ցանկություն չունենալու համար, և պատճառը՝ դարձյալ «լաքապատ» հաղորդակցությունը:

Արդեն երեք տարի է, ինչ ակտիվ լրագրությունն իմ կյանքում իր տեղը զիջել է հասարակայնության հետ կապերին: Ժամանակի հետ վրա հասած այդ ընտրության հիմքում ևս հաղորդակցության հանդեպ մեծ հետաքրքրությունն է, այդ հնարավորությունները տարբեր ռակուրսներից փորձարկելու, աշխատեցնելու ցանկությունը:

Չնայած որ լրագրողի մասնագիտությունն ու մեր լրատվադաշտն իր շատ կողմերով անհրապույր են դարձել ինձ համար, հարցազրույցներ անելիս զգացողություններս նույնն են, ինչ առաջինի ժամանակ: Թթվածին, այրում…

Տաթև Մադաթյան
«Իդրամ» ընկերության հասարակայնության հետ 

կապերի պատասխանատու  

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *