2016.02.12,

vox populi

«Լրագրողը, որը նստում է նյութ գրելու, հաճախ իրեն Նապոլեոն է զգում»

Այս դարում բոլորս կանք, գրանցված ենք սոցիալական ցանցերում և, ուզենք թե չուզենք, ապրում ենք լուրերի տարափի մեջ: Անկեղծ ասած՝ վերջին երկու տարիների ընթացքում զգացի, որ այս տարափը ոչ միայն հոգեբանորեն է ազդում մեզ վրա, այլև ֆիզիկապես մաշում է մեր առողջությունը՝ հոգնեցնելով ու էներգիա խլելով:

Ցանցային լուրերը կարծես դարձել են մի մեծ սարդ, որն ունի իր սնուցողները, իր սպառողները: Այդ սարդը ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ և ապրում է այլ՝ սեփական կանոններով:

Կախվածությունը սոցցանցերից ու ամեն վայրկյան փոխանցվող լուրերից արդեն մարազմի է հասնում: Փորձ է արվում ամեն գնով լուրը սենսացիա դարձնել, հիմարությունը՝ ուռճացնել, իսկապես կարևոր բանը՝ ընդհանրապես չնկատել:

Ի վերջո, լրատվությունը միտված է իրական կյանքը լուսաբանելուն կամ էլ իրականության մեջ կարևորը շեշտելուն: Բայց մեր այսօրվա լրատվական տարափը կարծես բոլորովին այլ՝ զուգահեռ հունով հոսող մի բան է:

Միգուցե բեմադրիչ լինելը շատ «վտանգավոր» է, քանի որ տեսնում եմ լուրի կառուցման բոլոր նրբություններն ու հնարքները. թե ինչպես է սկսում շարժվել ինֆորմացիոն առիթ ստեղծելու մեքենան, ինչ մեխանիզմներով է բեմադրվում ու տարածվում լուրը: Այսինքն՝ եթե մի քիչ տեղյակ ես, անպայման կգտնես այս կամ այն լուրի «պոչը»:

Լուրը բուն իմաստով բեմադրվում է: Եվ նշանակություն չունի, թե այն ինչ թեմայով է՝ քաղաքականության, տնտեսության, թե մշակույթի: Լուր սարքելու գործը հաճախ պրիմիտիվ է արվում, բայց երբեմն այն բեմադրում է բավական լավ «ռեժիսոր», ում աշխատանքը կարող է այնքան նրբանկատ ու որակյալ լինել, որ բոլորս էլ կուլ ենք տալիս նրա առաջարկած խայծը:

Բեմադրված սյուժեներով լուրերը իրոք անտանելի են: Վերջերս հանդիպեցի մի հետաքննության, թե ինչպես են դերասաններին վարձում ու նրանց օգնությամբ բեմադրում փախստականների մասին լուրերը: Դերասանները խաղում են իրականություն, ու այդ ամենը ներկայացվում է որպես իրական կյանք՝ հատուկ մոնտաժային հնարքներով, էմոցիոնալ տեքստերով: Եվ շատ մարդիկ, դիտելով այդ լուրերը,  չեն էլ կարող հասկանալ, որ իրենք բեմադրություն են դիտում: Դա շատ նման է «Պոչը շարժում է շանը» ֆիլմին, որտեղ իրականն ու հնարվածը տեղերով փոխված են:

Բայց Հայաստանում դա մեծ մասամբ արվում է բավական ապաշնորհ, բազմաթիվ կարկատաններով (տեսնում ես, թե ինչպես է մի մեջբերումը մյուսին կպցվել, ինչու է հատկապես այս միտքը շեշտվել, և ինչու չի հիշատակվում մեկ այլ տեսակետ):

Նկատե՞լ եք, թե ինչպես է, ասենք, մի շատ մանր լուր հանկարծ հայտնվում բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ նույն ձևակերպումներով, նույն շեշտադրումներով՝ առանց որևէ նոր տեսակետի ու հավելյալ մանրամասների: Իրականում այդպես լինել պարզապես չի կարող. նույն բառերն ու նույն ֆոնը չեն կարող անխտիր բոլոր լրագրողների մոտ ոչնչից ու միաժամանակ ծագել:

Լուրը բուն իմաստով՝ բեմադրվում է: Դերասանները խաղում են իրականություն, իսկ լսարանը՝ դիտելով կամ կարդալով այդ լուրը, չի էլ հասկանում, որ բեմադրություն է դիտում:

Դա բավական տխուր մտքեր է առաջացնում…

Լրատվամիջոցները լուրը մատուցում են թատերական մեծ պաթոսով: Կարծում եմ՝ դա ընդօրինակման արդյունք է: Միացրեք ցանկացած ռուսական հեռուստաալիք ու կհանդիպեք անտանելի վատ տոնայնությամբ պաթոսի (որը անգամ կարելի է «ռուսական լրատվական շկոլա» անվանել): Մեր լրատվամիջոցներից շատերն ընդօրինակում են լուրերի մատուցման այդ ոճը, քանի որ այնքան ճաշակ, խելք ու ազնվություն չունեն, որ այլ ճանապարհով գնան:

Ցավոք, մենք շատ ենք ընդօրինակում, և հիմնականում՝ վատ բաները:

Տպավորություն է, որ մեր իրականությունը հենց դա է: Լրատվական բեմադրությունները աննպատակ չեն, դրանք արվում են լսարանին ուղղորդելու համար:

Վստահ եմ նաև, որ հաճախ դա ոչ թե մեկ ենթադրյալ կենտրոնից է ուղղորդվում, կամ էլ լրատվամիջոցներին ասվում է, թե ինչպես պետք է աշխատել, այլ պարզապես շատերին թվում է, որ ճիշտը դա է: Ասենք՝ լրագրողները կարող են մտածել, որ լավ բան են անում, ու անգամ հաճույք ստանան այդ մտքից:

Կարծես յուրաքանչյուր նորակոչ լրագրող, որը նստում է նյութ գրելու, այդ պահին իրեն Նապոլեոն է զգում: Եվ երբ նրա ուղեղում արթնանում է Նապոլեոնը, լրագրողը փորձում է այնպես կպցնել ու մոնտաժել բառերն ու կադրերը, որ ինքն իր աշխատանքով հպարտանա ու մտքում ասի՝ հիմա ես կշրջեմ աշխարհը:

Այս իրավիճակն ավելի մոտ է աբսուրդի թատրոնին…

Ճիշտն ասած՝ մեր թատրոն-ստուդիայի երեխաների մոտ կախվածություն սոցցանցերից չեմ նկատում: Կարելի է ասել՝ դա իմ հստակ պարտադրանքն է: Կյանքում շատ ավելի գրավիչ ու թանկ զբաղմունքներ կան, քան ցանցում ժամերով թափառելն ու մանր լուրեր կարդալը: Առանց ավելորդ համեստության եմ ասում՝ երբ նայում եմ մեր երեխաներին, որոնք արդեն ավարտել են ստուդիան ու տարբեր գործերով են զբաղված, հպարտանում եմ: Նրանցից յուրաքանչյուրն իր ներաշխարհն ունի, իր հետաքրքրությունները, իր արժեքեային համակարգը: Նրանք ընդհանուր միջինացված երեխաների հոսքի մեջ չեն տեղավորվում: Եվ ես միայն ուրախ եմ…

Վահան Բադալյան
ռեժիսոր
«Փոքր թատրոն»-ի գեղարվեստական ղեկավար

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *