Թվում էր՝ այս օրերին յուրաքանչյուր լրագրող, որը լուսաբանում է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը, եթե գոնե ծանոթ չէ նախագծին, կարող էր այն տպած ունենալ իր ձեռքի տակ:
Ոչ «դեմ» խոսողներն են կարդացել սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ոչ «այո» ասողները, ոչ էլ այս ամենը լուսաբանողները: Կասեք՝ կատեգորիկ պնդո՞ւմ եմ անում: Այդպես է, իհարկե, այն առումով, որ առնվազն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները հաստատ ծանոթ են այն տեքստին, որը հեղինակել են:
Բայց ինչ վերաբերում է մնացածին… վերջերս անգամ ՀՀԿ գործադիր մարմնի անդամը հրապարակավ խոստովանեց, թե ամբողջությամբ ծանոթ չի սահմանադրության փոփոխությունների նոր տեքստին՝ միայն իրեն հետաքրքրող մասերն է կարդացել:
Ու մշուշոտ կասկած ունեմ, թե նաեւ որն է պատճառը այն երեւույթի, որի մասին խոսում էր Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի լուսաբանման մոնիտորինգի առաջին միջանկյալ արդյունքները՝ քարոզարշավում բովանդակային քարոզչություն չի իրականացվում. «Խոսվում է իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մասին ավելի շատ, քան Սահմանադրության նախագծի բովանդակության»: Բովանդակության մասին խոսելու համար սակայն պետք է դրան ծանոթ լինել:
Կողմերի միջեւ բովանդակային հատուկենտ բանավեճերի ընթացքում իրավիճակը եղել է մոտավորապես այնպիսին, ինչպես ներքոշարադրյալ դեպքում է:
Նոյեմբերի 5-ին «Հայացք» մամուլի ակումբում հյուրընկալվել էին Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ
Տաճատ Վարդապետյանը: Եվ Սոս Գիմիշյանը հերթական անգամ հայտարարեց, թե մտահոգիչ է Սահմանադրության 81-րդ հոդվածը, որով, նրա կարծիքով, ըստ էության, պաշտպանվում են նույնասեռականների իրավունքները:
Տաճատ Վարդապետյանն էլ հակադարձեց. «Մեր իշխանությունը ամենաավանդապաշտ ու հայեցի իշխանություններից է», ու ինքն էլ՝ «զզվում է համասեռամոլ արտահայտությունից»:
Մեջբերենք, որ Սահմանադրության նախագծի 81-րդ հոդվածը կոչվում է. «Հիմնական իրավունքներն ու ազատությունները եւ միջազգային իրավական պրակտիկան»: Հոդվածն այս է.
«1. Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: 2. Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»:
Համանման դրույթ կա նաեւ գործող Սահմանադրության մեջ.
«Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:
Ներկա որեւէ լրագրող թերեւս տեղյակ չէր այս մասին, այլապես բանախոսներից կհետաքրքրվեին, թե տվյալ հոդվածի բովանդակությունն ինչո՞վ է տարբերվում գործող սահմանադրության համանման դրույթից, որ դրա հիման վրա պնդում է արվում, որ նույնասեռականների ամուսնությունների օրինականացման երաշխիքներ ապահովող դրույթ կա Սահմանադրության փոփոխությունների նախագծում:
Սոս Գիմիշյանը կոնկրետ հոդվածներ էր մատնանշել՝ փորձելով հիմնավորել իր ասածը, ընդ որում՝ ոչ միայն 81-րդ, այլ նաեւ 82-րդ հոդվածը. «Օրինակ` ՀՀ-ն մասնակցում է միջազգային կառույցներից Եվրադատարանին, որը որոշում ունի, որ միասեռ ընտանիք կազմելու եւ երեխա որդեգրելու իրավունքը անխախտելի է: Այս նոր Սահմանադրության տեքստի 81-րդ եւ 82-րդ հոդվածներն այդ երաշխիքը տալիս են: Օրինակ, եթե երկու տղամարդ գնա ԶԱԳՍ, որ իրենց ամուսնացնեն, այդ կառույցի աշխատողը նրանց դուրս կհրավիրի` խուժաններ անվանելով: Բայց նրանք կհասնեն Եվրադատարան, այն կպարտադրի դա`հիմք ընդունելով մեր Սահմանադրության 81-րդ եւ 82-րդ հոդվածները»:
ՀՀԿ խմբակցության պատգամավորն էլ խոստացել էր. «Ես Ձեզ հետ միասին պայքարելու եմ դրա դեմ»:
Մեջբերենք նաեւ փաստաթղթի 82-րդ հոդվածը.
«Աշխատանքային պայմանները. Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ եւ արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա եւ շաբաթական հանգստի, ինչպես նաեւ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»:
Շատ ավելի հետաքրքիր նյութ կարող էր ստացվել, եթե ներկա որեւէ լրագրող փորձեր տեղում պարզել, թե արժանապատիվ աշխատանքային պայմաններն ինչպես կարող են նպաստել նույնասեռականների ամուսնություններին: Գուցե հենց վճարովի արձակո՞ւրդն է պակասում Ստրասբուրգ հասնելու համար:
Թվում էր՝ այս օրերին յուրաքանչյուր լրագրող, որը լուսաբանում է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը, եթե գոնե ծանոթ չէ նախագծին, կարող էր այն տպած ունենալ իր ձեռքի տակ: Եվ յուրաքանչյուր նման դեպքում, երբ պնդումներ են արվում, որոնք երբեմն վերաբերվում են Սահմանադրության չփոփոխված դրույթներին անգամ՝ ուղղակի ստուգեր հնչածն ու փաստաթղթում նշվածը:
Բայց այս ամենը մաս է մի առավել ընդհանուր երեւույթի՝ լրագրողները սկսել են չսիրել կարդալ ու ուսումնասիրել: Ասենք՝ խորհրդարանի գործունեությունը լուսաբանողները մեծ մասամբ չեն կարդում ներկայացվող նախագծերը՝ գերադասելով միջանցքներում պատգամավորների հետ առավել շատ ընթերցող բերող զրույցները:
Կառավարության գործունեությունը լուսաբանողներն էլ մեծ մասամբ նիստից հետո նախարարների հետ ճեպազրույցներն են նախընտրում՝ որոշման նախագծերն ուսումնասիրելու, թվերը համադրելու փոխարեն: Եվ այսպես շարունակ: Այս իմաստով՝ իսկ ինչո՞ւ պետք է բացառություն լիներ սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Աննա Իսրայելյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: