2015.12.21,

Քննադատ

Լրագրողը ցանցում. ինչպես պաշտպանվել թրոլերից

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Անձնական թրոլերին իրականում պետք է հարգել և լսել՝ առանց նյարդայնանալու

Այսօր լրագրողը, առանց սոցիալական ցանցի, կարծես ծերուկ է առանց ձեռնափայտի։ Կամ ավելի վատ։

Եթե լրագրողն իր նյութը շեյր չանի Ֆեյսբուքում, շատ մեծ հավանականությամբ այդ նյութը կկարդա միայն ինքը, մորաքույրը և իրեն թաքուն սիրահարված մի երիտասարդ։

Մյուս կողմից՝ այսօրվա լրագրողների մեծ մասը ցանցի տեսանկյունից երիտասարդ է, շատերը սոցցանցերում գրանցվել են մոտավորապես 2010+ թվականներին, իսկ ցանցային վեճերին ակտիվորեն ներգրավվել են մոտավորապես 2012+ թվականներին։

Այսինքն՝ շատ հարցերում դեռ ավելի զգայուն են ցանցային թրոլինգի կամ քննադատության հանդեպ, քան դա հարկավոր է կայուն աշխատանքային մարզավիճակ ունենալու համար։ Կարճ ասած՝ միջին վիճակագրական լրագրողին կարելի է հունից հանել մի քանի ժամվա ընթացքում պլանավորված թրոլինգային հարձակման միջոցով։ Իսկ հունից հանած լրագրողը առնվազն.

  1. նորմայից դանդաղ է սկսում անել իր գործը,
  2. իր գործում սխալներ է թույլ տալիս,
  3. սկսում է օգտագործել անվայել խոսքեր և արտահայտություններ՝ ստվերելով կոլեգաներին և իր լրատվամիջոցը:

Քանի որ լրագրողի գործը գրեթե միշտ ինչ-որ մեկի ոտքը տրորելու հետ է կապված, ապա տվյալ լրագրողը երաշխավորված կերպով ցանցային հարձակումների է ենթարկվում։ Հիմնականում վիրավորված անձի մորքուրների և իրենց հետ նույն վարսավիրանոցը այցելող այլ անձանց մորքուրների կողմից։ Վատթարագույն դեպքում՝ իրականացվում է ուղղորդված կուսակցական հարձակում՝ բազմաթիվ ֆեյքերի կիրառումով։

Նման դեպքերում, անկասկած, հեշտ է ասել. «Ուշադրություն մի՛ դարձրեք և ձեր գործը արեք»։ Բայց ավելի կարևոր է հաշվի առնել ցանցային օրենքները։ Իրականում ցանցը անընդհատ զարգացող օրգանիզմ է, որտեղ իսկապես գոյություն ունեն օրինաչափություններ, որոնք թույլ են տալիս վիրտուալ շփումն ավելի ադեկվատ ու համարժեք դարձնել։

Այսպես, ցանցային ամենահայտնի օրենքներից մեկը պատկանում է Գոդվինին։

Գոդվինի օրենքն ասում է` որքան երկար է տևում ցանցային զրույցը, այնքան հավանականությունը, որ համեմատություն կհնչի նացիստների կամ Հիտլերի հետ, մոտենում է մեկին։ Այսինքն՝ վաղ թե ուշ զրուցակիցներից մեկը մյուսին կհամեմատի Հիտլերի հետ։

Սակայն օրենքները փոփոխվում են ժամանակի և տարածության մեջ։ Ռուսաստանում, օրինակ, այդ օրենքն ունի իր մոդիֆիկացիաները, և հիմնականում դա վերաբերում է Ստալինին։ Ավելի շուտ՝ վերաբերում էր մինչև վերջերս։ Հիմա Ռունեթը գտնվում է արժեքային վերանայման փուլում։ Ուկրաինայում նույն օրենքը վերաբերում է Պուտինին։

Հայաստանն էլ ունի իր յուրահատկությունները, այստեղ նման դերում է երկրի նախագահը կամ իր եղբայրը։ Բայց հարցն այն է, որ օրենքը գործում է։ Ով ինչ էլ ասի, անպայման հայտնվում է մեկը, որը հիշատակում է երկրի նախագահին՝ տեղի կամ անտեղի։ Միայն կարևոր է, որ մեկնաբանությունների թիվն անցնի հիսունը։

Բացի դրանից՝ անպայման հայտնվում են մարդիկ, որոնք խոսակցությունը և նույնիսկ զրուցակիցների կյանքը դարձնում են անիմաստ և աննպատակ՝ օգտագործելով հետևյալ տրամաբանական ռումբերը.

  • սկզբից գնացեք այս (այն, այդ) հարցը լուծեք, նոր սենց դատարկ բաներից խոսեք,
  • իսկ ինչու՞ եք լռում այս (այն, այդ) հարցի մասին,
  • ինչի՞ց եք խոսում, երբ երկիրը էս վիճակում է
  • երկիրը երկիր չի

Ամենավատ բանը, որ կարող է անել լրագրողը, սկսել բացատրել, թե ինչու ինքը չի գրել սկզբից կարմիր կհմերների մասին և հոդվածում անդրադարձել է միայն Երևանի Կենտրոն վարչական շրջանի աղբի խնդիրներին։ Բավական է դա սկսել բացատրել առավոտ կանուխ, չեք էլ նկատի՝ ինչպես արևը մայր մտավ, իսկ դուք դեռ ուժասպառ բացատրական նամակներ եք գրում։ Նման հարձակումների դեպքում պետք է թեթև տանել և հիշել երկու բան.

  • եթե դուք ուղղորդված հարձակման զոհ եք, ուրեմն ձեր գործը լավ եք արել. ավելի լավ է ուշադրություն դարձնել այս հանգամանքին, քան նեղսրտել ձեր հասցեին հնչող «DUQ CAR EQ U NAXAND»-ից և նմանատիպ արտահայտություններից,
  • հարձակումը երկար չի տևի. ամիսներով, նույնիսկ շաբաթներով նույն ինտենսիվությամբ ձեր վրա չեն հարձակվի։ Հարձակվողներն էլ տուն, տեղ, երեխա, լվացքի մեքենա ունեն։

Հարկ է նշել, որ առաջին կետը ճիշտ է, եթե դուք «զոռբա», անդաստիարակ, ինքնագոհ ու բթամիտ լրագրող չեք, որն իր` մարդկանց և տիեզերական ինտելեկտը վիրավորող հոդվածներով ում ասես հունից կհանի։ Այդ դեպքում մտածել, որ դուք ճիշտ գործ եք անում, նշանակում է սխալվել, այն էլ՝ չարաչար։

Բացի այդ՝ ցանցում պարբերաբար գրող և հասարակական ստատուս ունեցող մարդիկ գրեթե հարյուր տոկոս հավանականությամբ ձեռք են բերում անձնական թրոլեր։ Դրանք մարդիկ են, որոնց օրը օր չէ, եթե մի վատ կամ կծող բան չգրեն ձեր մասին։ Անձնական թրոլը ակամայից դառնում է ձեր տան անդամը։ Երբ նա մի քանի օր չի գրում, արդեն ուզում ես գտնել հարազատներին, զանգել, իմանալ, հանկարծ բան հո չի՞ պատահել։

Թրոլը շատ արագ կարող է հունից հանել, քանի որ ռիթմով է նյարդերը ուտում, և իր զզվեցնող մեկնաբանությունները դառնում են անխուսափելի։ Անձնական թրոլերին իրականում պետք է հարգել և լսել՝ առանց նյարդայնանալու։ Երբեմն իրենք ճիշտ բաներ են ասում. մոտավորապես նույն կերպ, ինչպես կանգնած ժամացույցը օրը երկու անգամ ցույց է տալիս ճիշտ ժամը։

Եթե ստացվի այդ պահերը «բռնացնել», թրոլից շատ բան կարելի է սովորել։ Նույնսիկ այն, ինչը ինքն էլ չգիտի։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *