2016.01.11,

Քննադատ

Հեշտ չէ լինել լրագրող սոցիալական ցանցերում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Գրեթե չկա խմբագրություն, որտեղ հստակ ձևակերպված կլինեն սոցիալական ցանցերում վարվելակերպի կանոնները։ Ինչի հետևանքով ոչ միայն լիարժեք չի օգտագործվում սոցիալական ցանցերի ողջ ներուժը, այլև դժվար է լինում տարբերակել լրագրողի անձնական կարծիքը խմբագրականից

Մի անգամ լսում էի BBC-ի խմբագիրներից մեկին, ով պատմում էր, թե իրենց խմբագրությունն ինչ մոտեցում ունի սոցցանցերում լրագրողների վարքի վերաբերյալ:

Զուտ փաստաթղթային մոտեցումներին կարելի է ծանոթանալ այստեղ։ Բայց մարդկային մոտեցումը հետևյալն էր. նույնիսկ խմբագիրը սոցիալական ցանցերում լրագրողի գրառումներից չպետք է կարողանա հասկանալ, թե նա ինչ քաղաքական համակրանք ունի։ Համաձայնեք՝ հայաստանյան իրականությունում նման մոտեցում պատկերացնելը նույնիսկ հնարավոր չէ։

Այսպիսի բանի մասին նույնիսկ երազելն անհնար է։ Եվ, գուցե, լավ է. մեզ նման փոքր և թափանցիկ հասարակությունում սա շատ արհեստական կթվար: Մի պահ պատկերացրեք, որ կարդում եք հայաստանյան որևէ լրատվամիջոցի լրագրողի ստատուսները ու չեք հասկանում, թե ինչ քաղաքական հայացքներ ունի։ Կարծում եմ՝ դա միայն կմտահոգի ձեզ։ Իսկ հետո կհետևեն կասկածները, մտորումները․․․

Սակայն նույնիսկ մեր նեղլիկ հասարակությունում սոցիալական ցանցերում վարքի առումով մի շարք սպասելիքներ կան լրագրողից։ Թվարկեմ այս թեմայի շուրջ իմ սուբյեկտիվ մի քանի «Չէ»-ները՝

ա․ Չլինել RSS-ռոբոտ։ Երևի նկատած կլինեք, որ կան լրագրողներ և խմբագիրներ, որոնց Ֆեյսբուքի կամ Թվիթերի պատը կարծես տվյալ լրատվամիջոցի բոլոր նյութերի ժամանակատարածքային կույտ լինի։ Լրագրողը դառնում է լրատվամիջոցի RSS-հոսքի կցորդ ռոբոտ։ Ֆեյսբուքում այդպես գործելն անիմաստ է․ այդպիսի գրառումները մարդիկ դադարում են կարդալ։

Իսկ Ֆեյսբուքի ներքին ալգորիթմը բերում է նրան, որ այդ գրառումները սկսում են թաքնվել մյուսներից։ Սոցցանցի մեխանիզմն սկսում է համարել, որ նման գրառումները արժեք չունեն մյուսների համար։ Ինքներդ կարող եք ստուգել․ մտեք նմանատիպ պրոֆիլներ և կտեսնեք, որ գրեթե լայքեր չկան, իսկ մեկնաբանությունները պարզապես բացակայում են։

բ․ Չտարածել ֆեյք լուրեր։ Ինչո՞վ է լրագրողը տարբերվում նորմալ մարդուց։ Բացի ամենից՝ լրագրողը զբաղվում է տեղեկատվությունը ստուգելով։ Եվ մարդկությունը հենց դա է սպասում լրագրողներից. ակնկալում է, որ գործ է ունենալու միայն ստուգված, ճշտված տեղեկատվության հետ։ Եվ երբ լրագրողն իր պատին Kghanqnews.com կայքից նյութ է տեղադրում այն մասին, որ Սթիվեն Հոքինգը իրականում Յապոնչիկի երկվորյակ եղբայրն է, ինչ-որ տեղ խելագարվում է մի գերմանամուկ։

գ․ Չքնել ավանակի լսողության օրգանում։ Լրագրողի համար սոցիալական ցանցը լսարանի հետ շփվելու հիանալի գործիք է։ Եվ շատ ու շատ հայաստանյան լրագրողներ ակտիվորեն օգտվում են այդ հնարավորությունից։ Բայց նույնքան շատ լրագրողներ հայտնվում են կարևոր իրադարձությունների էպիկենտրոնում ու մտքով էլ չեն անցկացնում, որ կարող են անմիջապես դեպքի վայրից տեղեկություն հաղորդել հանրությանը։

Մտնում ես լրագրողի էջ՝ կարևոր մի իրադարձության մասին տեղեկատվություն գտնելու, ու տեսնում ես, որ փոխարենը տեղադրված է թեսթ՝ ըստ որի այդ լրագրողն անցյալ կյանքում եղել է օբսիդիանից սառնարան Բաբելոնում։

Ցուցակը կարելի է շարունակել։ Սակայն այն սկզբից մինչև վերջ կմնա սուբյեկտիվ, զուտ իմ անձնական ցանկությունների շարքից։ Խնդիրն այն է, որ Հայաստանում այս հարցն առ այսօր չի հասունացել խմբագրությունների մակարդակով։

Գրեթե չկա խմբագրություն, որտեղ հստակ ձևակերպված կլինեն սոցիալական ցանցերում վարվելակերպի կանոնները։ Ինչի հետևանքով հաճախ ոչ միայն լիարժեք չի օգտագործվում սոցիալական ցանցերի ողջ ներուժը, այլև դժվար է լինում տարբերակել լրագրողի անձնական կարծիքը խմբագրականից։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *