2015.11.16,

Նյուսրում

#ElectricYerevan-ը «Ֆոտոլուրի» ցուցահանդեսում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

2015 թվականի ամառը Հայաստանի պատմության մեջ կմնա #ElectricYerevan հանրային շարժումով, որի երկշաբաթյա պայքարի լարված ու հրապուրիչ մթնոլորտը վավերացրել են տարբեր լուսանկարիչներ ու լրագրողներ:

Սակայն ամենից ազդեցիկն առաջին օրվա (հունիսի 23-ի) կադրերն էին, որոնց շնորհիվ Հայաստանը հասկացավ, որ իր երիտասարդ քաղաքացիների նկատմամբ իր ոստիկանները բռնություն են կիրառել, եւ հարկավոր է գալ ու կանգնել Բաղրամյանում: Ավելի ճիշտ՝ լինել Բաղրամյանում, քանի որ լինելը միշտ էլ ավելի գերադասելի է, քան չլինելը (ասենք, ինտերնետով նայելը):

Երեւանն արեց այդ քայլը. համախմբվեց՝ պատկերացում անգամ չունենալով, թե ինչ կպատահի հաջորդ րոպեին: Կարեւորը «հիմա»-ն ու «այստեղ»-ն էր:

Լուրը, թե գործի են դրվել ջրցան մեքենաները, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող մարդիկ ծեծի ու բերման են ենթարկվել, որքան էլ զայրացնող, այնքան էլ ոգեւորիչ էր: Պատճառը ոչ թե ակցիան էր (ուժի կիրառումը), այլեւ ռեակցիան (ուժին դիմադրելու ուժը):

#ElectricYerevan-ի ամենահայտնի եւ շարժման հենց առաջին առավոտը աշխարհով մեկ տարածված լուսանկարը որսացել է «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Վահրամ Բաղդասարյանը: Ջրի շիթի դիմաց կանգնած, թրջված ու բարկացած երիտասարդ տղան վեր է բարձրացրել ձեռքերը՝ միջնամատներով շատ կոնկրետ ուղերձ ուղղարկելով դիմացիններին:

Բոլորը նստած կամ տապալված են ասֆալտին, կանգնածը միայն նա է: Միգուցե հաջորդ վայրկյանին ջրի հզոր շիթը նրան էլ կտապալի, բայց քանի դեռ նա կանգնած է, լուսանկարը շարունակում է ներգործել դիտողների վրա՝ ցուցադրելով հանդուգն կեցվածքի հմայքը: Տարերքի ու բռնության դիմաց կանգնած մարդը նույնքան բնական  է, որքան ինքնին տարերքը: Նա հավասարազոր է ուժին: Գոնե այս մեկ ակնթարթում…

Այդ լուսանկարը դարձավ շարժման խորհրդանիշը եւ հիմա «Ֆոտոլուրի» այլ լուսանկարների հետ որպես հուշ-ցուցահանդես ներկայացվում է Ժուռնալիստների միության դահլիճում: 70 լուսանկար՝ կախված կողք կողքի, արձանագրում են չորս լուսանկարիչների աշխատանքի արդյունքը: Բոլոր լուսանկարները իրադարձային են, բայց որոշ կադրեր՝ ավելին:

Դեպքի վայրում արված լուսանկարները, որոնք կարողացան փոխանցել իրավիճակի մթնոլորտն ու դիմակայելու ներուժը, դարձան միաժամանակ թե՛ տեղեկատվության աղբյուր, թե՛ արվեստի գործերի պես ընդհանրացնող փաստաթուղթ:

Այն էֆեկտին, որը կարող է հասնել վավերագրական լուսանկարը, շատ քիչ տեքստ կարող է հասնել: Իրադարձությունն ու աբստրակցիան բարդ են համադրվում լուսանկարում, բայց երբ համադրվում են, այլեւս չեն մոռացվում: Մխրճում են հիշողության մեջ: Այդպես եղավ #ElectricYerevan-ի օրերին արված որոշ լուսանկարների դեպքում, որոնք ակցիայի բազմաշերտ բողոքողների շարքերից գտան իրենց անանուն հերոսներին: Եվ դրանով նաեւ արժեւորեցին շարժումը:

Երբեմն լուսանկարիչն է գտնում իր հերոսին, իսկ երբեմն հերոսը՝ լուսանկարչին:

Լուսանկարի հերոսը, Կամո Ղուկասյանը հանրային ճանաչում ձեռք բերեց, հարցազրույցներ տվեց, եւ արդեն կիսում է լուսանկարի փառքը:

Հիմա, երբ կես տարի է անցել #ElectricYerevan-ի պայքարից, լուսանկարների ցուցահանդեսն ավելի շատ դիտարկվում է նոստալգիկ տեսակետից: Այն օրերի մթնոլորտը գրավիչ էր եւ օժտված ձգողականությամբ: Եվ պատահական չէ, որ այն կրկին վերապրելու ցանկությունը մեծ է, իսկ դահլիճը՝ մարդաշատ:

«Ֆոտոլուրի» տնօրեն Մելիք Բաղդասարյանը վստահ է, որ մարդիկ գալիս են լուսանկարները դիտելու, քանի որ կարոտում են այդ օրերը: «Իհարկե կար նաեւ վտանգ, քանի որ ոչ ոք չգիտեր, թե հաջորդ պահին ինչ է կատարվելու: Բոլորս էլ մշտական զգոնության վիճակում էինք»,- ասում է նա:

Հարցն այն է, որ լուսանկարները ոչ միայն պիտի արվեին, այլեւ պահպանվեին: Ի վերջո, առաջին օրերին շատ կարեւոր լուսնկարներ առգրավվեցին ոստիկանների կողմից: «Իսկ լուսանկարչական խցիկները վերադարձվեցին դատարակ հիշողության քարտերով»,- ավելացնում է Մելիք Բաղդասարյանը:

Լուսանկարիչը շատ նման է որսորդի: Նրա աչքը ու զենքը (տեսախցիկը) միշտ յուղած ու միացրած է, իսկ մատը՝ սեղմող կոճակին: Նա պատրաստ է միաժամանակ լինել թե՛ արթուն է, թե՛ աննկատ (դարան մտած): Լարված իրադարձությունների ժամանակ այդ երկու հակադիր իրավիճակներից է ծնվում լավ կադրը:

#ElectricYerevan-ի օրերին այդ կադրերը շատ էին:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *