Պարզվում է, որ զուտ «պրեսռիլիզային» լրագրությունը կարող է սպառնալ ոչ միայն պրոֆեսիոնալիզմին, այլև հասարակության առողջությանը:
Blasting news առցանց հանդեսում այս խնդիրը հետազոտած հեղինակ Ֆերգյուս Մեյսոնն, ամեն դեպքում, կենտրոնանում է հատկապես առաջին հետևանքի վրա՝ ամրագրելով՝ «Էլեկտրոնային սիգարների նոր հետազոտությունը բացահայտում է լրագրության ճգնաժամը»:
«Ճշմարտությունը պարզելու համար իրենց թեմաների մեջ խորանալու փոխարեն բազմաթիվ լրագրողներ ապավինում են մամուլի հաղորդագրություններին: Անհրաժեշտություն է դարձել վերադարձն իրական լրագրությանը»,- գրում է Մեյսոնը:
Հեղինակն իր ասելիքը բացատրում է վերջերս հրապարակված գիտական երկու հետազոտությունների լուսաբանման օրինակով: Հետազոտություններն արվել են՝ պարզելու, թե ինչ ազդեցություն ունեն էլեկտրոնային սիգարետները մարդու առողջության վրա:
Հարվարդի համալսարանի հետազոտողները կապ են հայտնաբերել էլեկտրոնային սիգարետների և թոքային, բրոնխային որոշ հիվանդությունների միջև: Մեծ Բրիտանիայի առողջապահական հիմնական կազմակերպության՝ Public Health England-ի վերջին զեկույցի եզրակացությունն է, որ էլեկտրոնային սիգարետների գործածումն 95 տոկոսով ավելի ապահով է, քան ծխախոտ ծխելը:
Ֆերգյուս Մեյսոնի դիտարկմամբ, առաջին հետազոտության շուրջ տարածված բոլոր լուրերի աղբյուրը նույն համալսարանի ենթակայության լրատվականն է, և՝ « լրատվամիջոցները փաստում են, որ էլեկտրոնային սիգարետ գործածողների մեծ մասի շնչառական օրգաններում դիացետիլ է հայտնաբերվել, սակայն նրանցից որևէ մեկը չի նշում, թե ինչ քանակի, թե արդյո՞ք այդ քանակությունը վտանգնավոր է մարդու առողջությանը և ինչ համեմատության մեջ է ծխախոտի ծխողների դեպքում»:
Հոդվածի հեղինակը երկու հետազոտությունների լուսաբանումից մնացած բազում այլ հարցականներ ևս առաջ քաշելուց հետո գրում է.
«Միայն այս մեկ թեմայի լուսաբանումն իսկ ցույց է տաս, թե ինչպես
է աշխատում լրատվամիջոցների գերակշիռ մասը: Ենթադրվում էր, որ լրագրողները պետք է ուսումնասիրեին թեման, իրենց հավաքած տեղեկությունները պետք է համադրեին՝ ճշմարտությունը գտնելու համար: Մինչդեռ նրանք հիմնականում նույնությամբ կրկնում են մամուլի հաղորդագրությունների բովանդակությունը, իսկ դրանցից բխող հարցերին բոլորովին չեն անդրադառնում»:
Ֆերգյուս Մեյսոնը տարակուսում է նաև, որ որևէ լրագրող չի արձանագրել այն իրողությունները, թե որքանով են այս հետազոտությունների ֆինանսավորման հետևում կանգնած ծխախոտ արտադրող կամ ծխելը թողնելու միջոց արտադրող հզորները:
Պատրաստեց Ռուզան Խաչատրյանը
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: