2015.12.29,

Քննադատ

Ամանորյա 8 նվեր լրագրողների համար

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Նոր տարին ավելի ջերմ է դառնում, երբ բարեմաղթանքներն ուղեկցվում են նվերներով: Հատկապես եթե այդ նվերները ոչ միայն հաճելի են, այլև օգտակար:

Տարբեր մարդկանց համար նվերներ գնելիս երբեմն գաղափարների ճգնաժամի մեջ ենք հայտնվում և ստիպված ենք լինում անդեմ որևէ բան ընտրել: Սակայն նվերը պետք է լինի անհատական, հատկապես եթե այդ նվերը լրագրողի համար է:

Ներկայացնում եմ լրագրողների համար հաճելի և օգտակար նվերների իմ (շատ սուբյեկտիվ) ցանկը, որը կարող եք նկատի ունենալ նաև դուք մասնագիտությամբ լրագրող ձեր ընկերների կամ սիրելիների համար ամանորյա նվերներ ընտրելիս:

Շարժական լիցքավորիչ (որ միշտ քեզ հետ է) (Power bank)

Լրագրողները ժամանակակից սարքավորումների ամենաակտիվ օգտատերերից են: 24 ժամ օնլայն լինելուն, ժամերով հեռախոսով խոսելուն, չաթվելուն, ձայնագրելուն, տեսանկարահանելուն և բազմաթիվ այլ գործողություններին չի կարող դիմանալ նույնիսկ ամենադիմացկուն սարքավորման մարտկոցը: Եվ քանի որ լրագրողները հիմնականում լինում են «դրսերում», որտեղ վարդակներ չկան, օգնության է հասնում շարժական լիցքավորիչը:

Շարժական լիցքավորիչի առավելությունը նաև այն է, որ այն կարելի է տեղավորել նույնիսկ ամենափոքր պայուսակում:

Ուղղագրություն ստուգող ծրագիր (Spell Check)

Տեքստի հետ հաճախ աշխատելիս վրիպակները նկատելն այնքան էլ հեշտ չէ. միշտ գտնվում է դավադիր մի տառ, որը, այնուամենայնիվ, վրիպում է աչքից: Կյանքը հեշտացնող, աշխատանքն արագացնող, եռանդը ստեղծագործելուն և ոչ թե վրիպակներ փնտրելուն ուղղող ծրագիր է spell check-ը: Այն օգնում է խնայել ժամանակը, նյարդերը և տեքստը հրապարակելուց հետո վրիպակ նկատելիս ինքնախարազանման վրա ծախսված էներգիան:

Էլ. ընթերցակ (E-reader)

Նորագույն տեխնոլոգիաների ամենամեծ ձեռքբերումներից մեկը գրադարանը գրպանում տեղավորելու հնարավորությունն է: Թեթև, շարժական էլ. ընթերցակը թույլ է տալիս ժամանակը որակյալ օգտագործել, օրինակ, կարդալ տրանսպորտում՝ հարցազրույցի գնալու ճանապարհին կամ ընդունարանում սպասելիս:

Գրիչ

Թվային դարաշրջանում «անալոգային» գրիչը շարունակում է մնալ ամենաակտուալ և արժեքավոր նվերներից մեկը: Որքան էլ հաճախ օգտվենք տարբեր խելացի սարքավորումներից և ծրագրերից, թանաքով գրիչն անփոխարինելի է, հատկապես սարքավորումների «լիցքաթափման» ժամանակ: Իսկ եթե գրիչը նաև անվանական ու ոճային է, այն գրեթե թանկարժեք զարդ է լրագրողի ձեռքին:

Սմարթ ժամացույց (Smartwatch)

Սմարթ ժամացույցը ոչ միայն զիլ աքսեսուար է, այլև օգտակար նորագույն տեխնոլոգիա, որը կարելի է կրել մարմնի վրա: Այն թույլ է տալիս բազմաթիվ գործողություններ իրականացնել հենց դաստակի վրա՝ առանց հեռախոսը պայուսակից կամ գրպանից հանելու՝ դրանով նաև խնայելով սմարթֆոնի լիցքը:

Լուսանկարը՝ Pixabay-ից

Ինքնուկի ձողիկ (Selfie Stick)

Ինքնուկի ձողիկը միայն ինստագրամյան սելֆիներ անելու համար չէ: Այն կարող է շատ օգտակար լինել նաև լրագրողների մասնագիտական գործունեության ընթացքում, օրինակ, դեպքի վայրից (Քիմ Քարդաշյանի հաջորդ գալստից) livestream կամ stand up անելու համար:

Լուսանկարը՝ Pixabay-ից

Բջջային հավելված (վճարովի)

Թեև բազմաթիվ անվճար լավ հավելվածներ կան, երբեմն դրանց առաջարկած հնարավորությունները սահմանափակ են միայն այն պատճառով, որ անվճար են: Լրագրողների համար օգտակար կարող են լինել, օրինակ, վիդեոմոնտաժի վճարովի հավելվածները, որոնք թույլ կտան, ասենք, ինքնուկի ձողիկով նկարահանած տեսանյութը գրեթե պրոֆեսիոնալ մակարդակով արագ մոնտաժել և ուղարկել խմբագրություն կամ տեղադրել ինտերնետում:

Ճամփորդության ուղեգիր

Ասենք՝ դեպի Հորդանան (Պետրա) կամ Պերու (Մաչու Պիկչու): Սա հաճելին օգտակարի հետ համատեղելու ամենալավ օրինակն է, ընդ որում՝ օգտակար ոչ միայն լրագրողի, այլև լսարանի համար: Ճամփորդությունը լրագրողին ոչ միայն հանգստանալու, նոր ինֆորմացիա ձեռքբերելու և աշխարհայացքն ընդլայնելու հնարավորություն է տալիս, այլև ստացված ինֆորմացիան հետագայում հոդվածի վերածելու և լսարանին հասանելի դարձնելու: Լրագրությունն ավելի լավն է դառնում, երբ լրագրողը ոգեշնչվում է աշխարհի յոթ նորագույն հրաշալիքներից գոնե մեկով:

Աննա Բարսեղյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *