Ընդդիմությունը, հատկապես դրա արմատական թեւի ներկայացուցիչները, հաճախ են բողոքում, որ իրենց համար մատչելի չէ հայրենական հեռուստաեթերը: Վերջին նման առիթն ընձեռվեց խորհրդարանում Հանրային հեռուստառադիոընկերության 2014-ի գործունեության վերաբերյալ քննարկման ժամանակ:
Մեկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բողոքեց, թե կա կոնկրետ պատգամավոր, որը 4 տարի անընդմեջ ելույթներ, հարցադրումներ, նախագծեր է ունեցել, բայց տեղ չի գտնում Հանրային հեռուստատեսության եթերում (ի սկզբանե ակնհայտ էր, որ նկատի ուներ ինքն իրեն):
Հետո էլ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դժգոհեցին, որ իրենց քիչ է եթեր տրամադրվում: Լեւոն Զուրաբյանը հարցրեց. «Ինչու՞ Հ1-ով չեն հնչում իշխանությանը հակադիր կարծիքներ: Ինչու՞ նման հակադիր կարծիք հայտնող ընդդիմադիրները չեն հրավիրվում ո՛չ բանավեճերի, ո՛չ էլ թոք-շոուների: ՀԱԿ-ն ընդհանրապես զրկված է Հանրային հեռուստատեսությունում մասնակցությունից այդ առումով»:
Ընդդիմադիրներն, անշուշտ, չեն կեղծում: Մասնագիտական շրջանակներին հայտնի է, որ ժամանակին հեռուստաընկերություններում յուրօրինակ «սեւ ցուցակ» կար գործիչների, որոնց ոչ մի դեպքում չէր կարելի հրավիրել եթեր: Այդ ցուցակում էր, ասենք, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Գուցե նման ցուցակ կա մինչ օրս էլ:
Սակայն անդրադառնանք, թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում լրատվական այլ հարթակները, որտեղ չկան նման սահմանափակումներ: Խոսքն, իհարկե, սեփական քարոզչամիջոցների մասին չէ. վերջիններս եւ՛ տեղեկատվության, եւ՛ մեկնաբանությունների «կանաչ քարտ» ունեն քաղաքական այն ուժերից, որոնց շահերը սպասարկում են:
Սակայն ցանկացած այլ լրատվամիջոցի ներկայացուցիչ, թերեւս, կհաստատի, որ նաեւ ընդդիմադիրների հետ շփումների ընթացքում բախվում է հետեւյալ խնդիրներին:
Նախ՝ այդ կուսակցությունների անգամ խոսնակները չեն սիրում պատասխանել հեռախոսազանգերին, չեն արձագանքում հաղորդագրություններին եւ այլն: Փոխարենը չեն վարանում հանդես գալ «մերկացնող» հրապարակումներով, եթե ինչ-որ բան այն չի լինում:
Երկրորդ՝ մեր ընդդիմադիրները մենախոսության սիրահարներ են: Բավական բարդ է այն լրագրողների գործը, որոնք կազմակերպում են բանավեճեր, թոք շոուներ եւ այլն: Ստիպված են լինում անընդհատ լսել այսօրինակ պատճառաբանություններ՝ «ախր դա ո՞վ է, որ ես դրա հետ մի սեղանի շուրջ նստեմ», «ես պատրաստ եմ բանավիճել Սերժ Սարգսյանի կամ վարչապետի հետ, ուրիշ ոչ մեկի»:
Երրորդ՝ ընդդիմության շատ ներկայացուցիչներ ոչ միայն քմահաճ են, այլ նաեւ քինախնդիր ու հիշաչար: Եթե տվյալ լրագրողը կամ ԶԼՄ-ն իրենց համար անդուր որեւէ հրապարակմամբ է հանդես եկել, վերջ, նա այլեւս ինքն է արդեն ընդդիմության «սեւ ցուցակում»:
Եվ ընդհանրապես, քաղաքական ուժերից շատերն իրենց պահում են այնպես, կարծես ԶԼՄ-ները պարտավոր են իրենց լուսաբանել բացառապես դրական լույսի ներքո: «Հիմնադիր խորհրդարանի» եւ այս կարգի քաղաքական ուժերից, որոնք իրենց թվաքանակին ու ազդեցությանը ոչ համարժեք լուսաբանում են ստանում, որեւէ լրատվամիջոց մինչ այժմ կարծես շնորհակալության չի արժանացել իրենց գործունեությունը քարոզելու, իրենց հաղորդագրությունները լրահոսում ընդգրկելու համար, բայց, այ, ոչ հրապարակային կսմիթներն ու հրապարակային «մուննաթներ»՝ որքան ասես: Ու մի օր կարող է լրագրողն էլ որոշի լինել քինախնդիր ու հիշաչար, եւ, ասենք, անտեսի «խնդրում ենք հրապարակել մեր հաղորդագրությունը» խնդրանքները:
Վերջում դարձյալ ընդգծեմ՝ իրոք փաստ է, որ հեռուստաընկերությունները «մատչելի» չեն շատ ընդդիմադիրների համար: Բայց նաեւ փաստ է, որ, ընդհանուր առմամբ, լրատվական յուրօրինակ շրջափակման ձեւավորման մեջ իրենց՝ ընդդիմադիրների մեղքի բաժինն էլ կա:
Աննա Իսրայելյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: