2015.10.12,

vox populi

«Լրատվություն տարածելը հիմնվում է շահերի վրա, բայց լրատվությունից օգտվելը նույնպես շահերից է ելնում»

Հայաստանի ԶԼՄ-ներում Թուրքիայի հետ հարաբերությունների անդրադարձների մասին կարող եմ ասել, որ մտայնությունը աստիճանաբար գնում է դեպի պետական շահի գիտակցումը:

Դա դրական երեւույթ է, քանի որ հայկական աշխարհի իրականության մեջ մեծագույն հարցերից մեկն այն է, որ մենք դժվարանում ենք նշել մեր շահերի ու նպատակների միասնական ուղղվածությունը:

Հայկական աշխարհի բոլոր հատվածները սովորաբար իրենց հայացքներն ու շահերն են համարում գերակա: Իսկ դա բավականին խնդրահարույց, անգամ խոցելի է դարձնում մեզ:

Եթե թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի մամուլը գործի առանցքում դնի Հայաստանի Հանրապետության պետական շահը, շատ ավելի նպատակասլաց գործելու հնարավորություն կունենա:

Հայաստանի ԶԼՄ-ներում Թուրքիայի վերաբերյալ նյութերում բացասական կողմ էլ կա:

Թուրքիայում կան շատ հզոր լրատվական լծակներ, որոնց հրապարակումները (շատ տարբեր թեմաներով) հետզհետե ավելի մեծ արձագանք են ստանում հայաստանյան ԶԼՄ-ների լրահոսում:

Սակայն հայաստանյան ԶԼՄ-ները, դժբախտաբար, չեն կարողանում զանազանել եւ տարանջատել լրատվությունն ու քարոզչությունը: Խնդիր է նաեւ վերաբերմունքը տեղեկատվության աղբյուրի կամ սկզբնաղբյուրի հանդեպ:

Ասենք, թուրքական լրատվամիջոցը կարող է տարածել շատ անկարեւոր, լուսանցքային մի լուր, որը, սակայն, մեծ աղմուկ կարող է առաջացնել Հայաստանում: Իսկ երբեմն էլ մեծ կշիռ ունեցող լրատվամիջոց լուրջ վերլուծություն է հրապարակում, սակայն դա Հայաստանում անուշադրության է մատնվում:

Ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում պիտի հստականա նաեւ այդ զանազանությունը: Հայաստանյան ԶԼՄ-ները աստիճանաբար պիտի կարողանան նպատակասլացորեն եւ հաջողությամբ մաղել Թուրքիայից եկող տեղեկատվությունը:

Իհարկե, հասկանալի է, որ լրատվություն տարածելը միշտ էլ հիմնվում է շահերի վրա, բայց լրատվությունից օգտվելը նույնպես շահերից է ելնում: Առանց աղավաղելու ու նենգափոխելու՝ կարելի է նույն տեղեկատվության սեփական ընկալումը առաջ տանել:

Աշխարհի բոլոր մեդիա խմբակներն իրենց շահերն ունեն, եւ դա այն կարեւոր գործոնն է, որը չի կարելի ոչ՛ անտեսել, ո՛չ էլ թերագնահատել: Ամեն ինչը շահերի հեռանկարով է տեղի ունենում:

Բայց այդ չակերտավոր շահերից բացի` ԶԼՄ-ներն իրենց շահերը հետապնդելու արհեստավարժ մոտեցումներ, միջոցներ, էթիկա են ունենում: Եվ եթե շահը տեղավորվում է այդ սահմանների մեջ, այն չի խանգարում ընթերցողներին:

Ցանկացած լրատվամիջոց իր հրատարակություններն անում է՝ ելնելով իր լսարանի պահանջներից: Մեր համոզմունքն այն է, որ Թուրքիայի հայալեզու լրատվամիջոցներն իրենց տեսակով նպաստում են թե՛ հայ համայնքի, թե՛ ավելի լայն թուրքական հասարակության պատկերացումները ամբողջական ու համապարփակ կերպով ձեւավորելուն:

Հայաստանյան ԶԼՄ-ների դաշտը կարող ենք լուրջ քննադատել, բայց այս 20-25 տարիների ընթացքում եղած առաջընթացը չպիտի անտեսենք, մանավանդ, որ Հայաստանի ԶԼՄ-ները զարգանալու ճանապարհին գործում են շատ համեստ միջոցներով: Ահավոր համեստ:

Եվ, ի պատիվ հայ լրագրողական համայնքի ջանքերի, փորձում են զարգացնել իրենց ասպարեզը, իրենց արհեստավարժ զբաղմունքը, ձեւավորել հասարակական հավաքական միտք:

«Ժամանակ»-ը սփյուռքի միակ անկախ թերթն էր, որը Հայաստանի անկախության հենց առաջին տարիներին իր սեփական ներկայացուցիչն ուներ Հայաստանում: Բայց հիմա մենք օպերատիվ լրատվությանը հետեւելու ու թղթակից պահելու պետք չունենք: Այլ նյութերով ենք հագեցնում մեր ընթերցողների հետաքրքրությունը:

Ավելի շատ ուզում ենք Հայաստանի իրադարձությունները ցոլացնել մարդկանց, որպեսզի դրսի հայերը լավ պատկերացնեն Հայաստանի իրականությունը ու հնարավորությունները: Եվ որպեսզի իրենց հետագա քայլերը հաշվարկ անելու ժամանակ կարողանան ճիշտ դիրքավորվել:

Արա Գոչունյան
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի
գլխավոր խմբագիր

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *