2015.10.09,

Քննադատ

Իսկ դուք աշխատու՞մ եք credit-ով

author_posts/german-avagyan
Գերման Ավագյան
twiter

Լուսանկարիչ

Երբ Հայաստանում հոդվածներ են գրվում լուսանկարիչների հեղինակային իրավունքների խախտման մասին, մեղադրվող կողմը, չգիտես ինչու, որպես արդարացում, հակադարձում է, թե հեղինակի անունը նշված է։

Կարելի է կարծել՝ եթե «թռցրած» լուսանկարների հեղինակի ազգանունը նշեն, ապա վերջինս պետք է, ուրախությունից թռչկոտելով, իրենից գողացված եւ սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարներն ուղարկի իր ընկերներին, միաժամանակ խորին երախտագիտություն հայտնի գողերին՝ անվճար գովազդի համար։

ԶԼՄ-ներում լուսանկարի հեղինակի ազգանվան նշումը կամ credit-ը լուսանկարների հրապարակման մի քանի պայմաններից ընդամենը մեկն է։ Այդ նույն ԶԼՄ-ները, մինչեւ այդ credit-ը լուսանկարի տակ դնելը, իրենց էջերում լուսանկարն օգտագործելու համար նախ պետք է ստանան հեղինակի համաձայնությունը։

Շատ ու շատ սկսնակ լուսանկարիչներ կան (ասենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում), որոնք պատրաստ են credit-ի դիմաց աշխատել:

Նրանք, թերեւս, պատրաստ են նաեւ իրե՛նք վճարել, որպեսզի իրենց անունը տեսնեն ծանրակշիռ լրատվամիջոցների էջերում: Իսկ, ահա, ոչ ոք չի ուզում վճարել՝ ո՛չ խոշոր մեդիա կառույցները, ո՛չ BlogNews.am-ը, ո՛չ, որքան էլ ցավալի է, «Առավոտ» թերթը…

Բայց նույնիսկ այն դեպքում, երբ շատ են ցանկանում իրենց լրատվամիջոցում տեղադրել որեւէ լուսանկար կամ տեսանյութ առաջին ձեռքից, խոշոր մեդիա ընկերությունները նամակով դիմում են հեղինակին եւ թույլտվություն խնդրում լուսանկարն անվճար հրապարակելու համար:

Իրենք էլ, այսպես ասած, պարտավորվում են նշել credit-ը։ Թե ինչ է ստացվում դրանից, փորձենք տեսնել Դեւիդ Քարսոնի (David Carson) եւ CBS ամերիկյան հեռուստաալիքի նամակագրությունից։

Դեւիդ Քարսոնը ֆոտոլրագրող է, լուսաբանել է Ֆերգուսոնի (Ferguson) բողոքի ցույցերն իր Louis Post-Dispatch թերթում եւ այդ ռեպորտաժների համար այս տարի ստացել է Պուլիտցերյան մրցանակ։ Վերջերս նա ներկա է եղել մի ֆուտբոլային խաղի եւ բուռն կրակահերթի ականատես դարձել մարզադաշտում։

Դեւիդը հայտնվել է այդ ողբերգական միջադեպի կիզակետում եւ լուսանկարել է՝ վտանգելով իր կյանքը եւ, ինչպես ինքն է արտահայտվել Twitter-յան իր էջում, «զգացել է վառոդի հոտը»:

Սակայն անգամ բարձր պարգեւատրումը նրան չի օգնել. տեսնելով նրա լուսանկարները Twitter-ում՝ CBS-ը գրել է Դեւիդին. «Սա CBS-ն է գրում։ Մեզ անվճար չե՞ք տա ձեր լուսանկարները, որ օգտագործենք մեր բոլոր ծրագրերում։ Մենք կնշենք credit-ը»։

Դեւիդն արժանապատվորեն պատասխանել է. «Ոչ։ Դուք չեք կարող անվճար օգտագործել իմ լուսանկարները։ Ես պրոֆեսիոնալ եմ։ Ձեր առաջարկը վիրավորական է»։

Ընդգծեմ, որ եթե CBS-ը, թույլտվություն չհարցնելով, իր կայքում հրապարակեր Դեւիդի լուսանկարները, նրան սպառնում էր միլիոնավոր դոլարների դատական հայց (վերջին անգամ լուսանկարիչը նման պահվածքի համար դատի էր տվել Getty Images-ին եւ 1 միլիոն 200 հազար դոլար ստացել)։

CBS հեռուստաալիքը շարունակել է երկխոսությունը Դեւիդի հետ՝ զարմանալով, թե ինչու է իրենց առաջարկը վիրավորել լուսանկարչին։

Ինչին Դեւիդը պատասխանել է. «Անկեղծ ասած՝ ինձ թվում է՝ տեղը չեք բերում։ CBS-ը բազմամիլիարդանոց ընկերություն է, եւ դուք հարցնում եք լուսանկարներս անվճար օգտագործելու մասին։ ՈՉ։ Իսկ դուք աշխատու՞մ եք credit-ով»։

Այս հարցը հեռուստաալիքն անպատասխան է թողել։

Նկատենք, որ Դեւիդն իր լուսանկարները տեղադրել էր ոչ միայն Twitter-ում, այլ նաեւ Facebook-ում։ Հայկական կայքերի համար ուզում եմ հատուկ ընդգծել՝ սոցցանցում դրված լուսանկարը չի կորցնում հեղինակային իրավունքը։

Եվ մինչեւ լուսանկարը ձեր կայք «քաշելը», դուք պետք է պայմանավորվեք հեղինակի հետ։ Նաեւ պետք է համաձայնության գաք բոլոր հարցերում եւ առաջին հերթին՝ հեղինակի աշխատանքի դիմաց վճարման հարցի շուրջ։

Գերման Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *