Կարծես ընտելացել ենք այն իրողությանը, երբ որոշ լրատվամիջոցներ լուսանկարներ են գողանում այլ լրատվամիջոցներից։

Իհարկե, ցավալի է, որ կողոպտված լրատվամիջոցը, որին տրամադրել ես լուսանկարներդ, չի ցանկանում դատական քաշքշուկների մեջ ընկնել ու պաշտպանել իր իրավունքները (նաեւ՝ իմ)։

Հասկանում եմ՝ ժամանակի եւ ֆինանսների վատնումն ավելին է լինելու, քան շահաբաժինը, որ ստանալու ես դատարանի միջոցով։ Քո ինտելեկտուալ սեփականության պաշտպանության նպատակով դատական հայցի սահմանափակության պայմաններում հեղինակային իրավունքների պաշտպանության օրենքը օգնական չէ լուսանկարիչներին ընդդեմ գողերի։ Սրան արդեն համակերպվել ենք՝ լուռ հետեւելով, թե ինչպես են մեր անանուն լուսանկարները թափառում դիմազուրկ կայքերում։

Վերջերս հայկական մամուլում ի հայտ է եկել խարդախության նոր տեսակ, որը թափ է հավաքում։

Ինքն իրեն հարգող ոչ մի լուսանկարչական գործակալություն իր տարբերանշանը՝ լոգոն, չի դնի իրեն չպատկանող լուսանկարի վրա։ Պատկանել նշանակում է, որ գործակալության լուսանկարիչն է հեղինակը, կամ գործակալությունը գնել է լուսանկարի օգտագործման իրավունքը։ Եթե խոսքը հին լուսանկարների մասին է, ապա իրավունքը գնվում է իրավատիրոջից։ Դա կարող է լինել կա՛մ մեկ այլ գործակալություն, կա՛մ լուսանկարիչը, իսկ վերջինիս մահվան պարագայում՝ նրա ազգականները։

2010 թվականին Twitter-ի իր էջում օգտատեր Դանիել Մորելը տեղադրեց իր հարազատ Հաիթիում 250 հազար մարդու կյանք խլած երկրաշարժի ավերիչ հետեւանքների մասին պատմող լուսանկարները։ AFP-ի խմբագիրը տեսավ դրանք մեկ այլ օգտատիրոջ մոտ եւ փոխանցեց Getty-ին։ Սրա հետեւանքը եղավ այն, որ լուսանկարները հրապարակեցին «Getty»-ի բազմաթիվ բաժանորդներ, դրանց թվում՝ ամերիկյան CBS, ABC, CNN հեռուստաալիքները։ Լուսանկարիչը հայց ներկայացրեց դատարան։ Դատավարությունը տեւեց երկու տարուց ավելի։ Արդյունքում գործակալությունը Դանիել Մորելին վճարեց 1,2 միլիոն դոլար։

Անշուշտ, հայաստանյան լուսանկարչական բիզնեսմենները մի քիչ ավելի «խելացի» են իրենց արեւմտյան գործընկերներից։ Իրենց կայքում նրանք ուղղակիորեն, բացահայտ նման բան երբեք չեն առաջարկի ոչ մեկի։ Սակայն սողանցքը կա՝ սոցցանցերը։

komitas

Սոցցանցում էջ է ստեղծվում գործակալության անունով, եւ կարելի է ցուցադրել… ինչ մտքովդ անցնի։ PanArmenian.Net լրատվական գործակալության* վերջին «նվաճումը» ժպտացող Կոմիտասի լուսանկարն է, որն ստեղծվել է 100 տարի առաջ։

2014 թվականին այս գործակալության էջում լուսանկարները «զարդարում է»  PanArmenian.Net-ի* լոգոն։ Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են։ Կարեւորն այն է, որ վիրտուալ ցանցում շրջում է գործակալության լոգոն։ Այդ դեպքում բոլոր միջոցները ողջունելի են։ «Facebook»-ը, «В контакте»-ն տարածքներ են, որտեղ կատարվում են նման ոտնձգություններ՝ առանց պատժվելու վախի։ Որ այդ լուսանկարը հեղինակ ունի, թվային լուսանկարիչների մտքով չի անցնում։ Ի՞նչ իմաստ ունի ժամանակ վատնել հետաքննության, որոնումների եւ այդ չքնաղ լուսանկարի հեղինակի բացահայտման համար։ Ավելի հեշտ չէ՞ վերցնել ու դնել սեփական լոգոն։

Ցանցային լրատվամիջոցներում այլոց լուսանկարների օգտագործումը նորանոր «բարձունքներ» է նվաճում։ Օրերս այս գործում աչքի ընկավ BlogNews.am-ը. այն «օգտագործեց» իմ լուսանկարներն իր ֆեյսբուքյան էջում՝ ընթերցողների հոսքն իր կայքում ավելացնելու «ազնիվ» նպատակով։ Ունենալով 350 հազարից ավելի բաժանորդներ Facebook-ում (այս թիվն է ներկայացված այդ էջում)՝ կայքի հիմնադիրները ոչ մի պատասխանատվություն չեն կրում սոցցանցի էջի բովանդակության համար։

Իսկ ահա գողությունն այս անգամ ամենեւին էլ այլ կայքէջերից չէր։ Ոչ էլ մամուլից էին գողացել։ Այս դեպքն արմատապես տարբերվում է հայկական օրենսդրության՝ վերապահումներով թույլատրված սովորական հղումներից։

Գողացել էին նախագծի լուսանկարները, որոնք նախատեսված չէին լրատվամիջոցների համար: Ես այդ նախագծի վրա աշխատել եմ երեք տարուց ավելի։ Իմ անձնական միջոցներից քիչ չեմ ծախսել։ Նախագծի վրա աշխատելու համար ստիպված եմ եղել օգնականներ վարձել, մարզային հյուրանոցներում ապրելու համար փող եմ ծախսել եւ այլն։ Նախագծի շնորհանդեսը կայացել է 2012 թվականին՝ Շուշիի Արտփառատոնում։ 2013 թվականին այն ցուցադրվել է Ամյենի (Ֆրանսիա) լուսանկարչական փառատոնում։

german

Ավարտուն նախագիծը 2012 թվականից ցուցադրված է իմ կայքում, որտեղ շատ պարզ երեւում է կայքի բովանդակության հեղինակի նշանը։ Այս անգամ BlogNews.am-ը գողացել է ոչ թե տեղական հայկական կայքից, այլ ամերիկյան ընկերությունից։ Հենց ամերիկյան ընկերությունն է հնարավորություն ընձեռել ինձ իրենց տարածքում ստեղծել եւ ցուցադրել իմ էջը։ Ընկերության նախագահը տեղեկացել է Վավերագրական լուսանկարչության հիմնադրամի՝ Սան Ֆրանցիսկոյում կայացած մրցույթում իմ հաղթանակի մասին եւ նամակ գրել՝ իրենց մոտ իմ վեբկայքի տեղադրման առաջարկով…

Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը. Blognews.am-ը Պանարմենիան մեդիա հոլդինգի կազմում է։

Թվում է՝ ամեն ինչ շատ պարզ է. հարկավոր է համապատասխան օրգաններից պահանջել փաստաթուղթ՝ հավաստմամբ, որBlognews.am-ը մտել է մեդիա հոլդինգի կառույցի մեջ ու նշել կոնկրետ մարդկանց անուններ, որոնք Blognews.am-ի անունից պայմանագիր են կնքել մեդիա հոլդինգի հետ։ Հետո անտեսելով հայկական օրենսդրության անկատարությունը՝ ամերիկյան դատարան հայց ներկայացնել ընդդեմ այս մեդիահոլդինգի, որը ներկայացուցչություն ունի ԱՄՆ-ում։

Հավատացեք իմ փորձին, ԱՄՆ-ում այս հարցում շատ խիստ են։ Ոչ մի «խնամի-բարեկամական» կապ չի փրկի օրինախախտին։

Բայց կա մի «բայց»։ Ոչ ոք Հայաստանում նման փաստաթղթի պատճենը չի տա։ Ոչ մի կազմակերպություն՝ ուզում է Առեւտրի պալատը լինի, ուզում է՝ Հարկային տեսչությունը… Իսկ ահա Պանարմենիան մեդիահոլդինգը՝ առավել եւս։

Չնայած BlogNews.am-ը տնտեսական գործունեություն է ծավալում Հայաստանում՝ իր էջերում տեղադրելով գովազդեր, սակայն այնտեղ դուք չեք գտնի ոչ մի ազգանուն՝ ո՛չ խմբագրի, ո՛չ սրբագրիչի։ Ու՞մ դատի տաս։ Վիրտուալ կայքին չես կարող դատարան կանչել…

Ղարաբաղյան պատերազմում զոհվածների մասին վավերագրական նախագծի շրջանակներում արված լուսանկարները հրապարակում են որպես իրենց կայքի գովազդ։ Երկու օրում հավաքում են 7,5 հազար հավանում (like), մի քանի հարյուր հղում եւ հարյուրավոր մեկնաբանություն. այսպես՝ «Facebook»-ի այս բլոգնյուզյան էջը մեծացրեց իր կայքի ընթերցողների լսարանը։ Հենց այն կայքի, որը հրապարակում է աստղերի էրոտիկ լուսանկարներ, բամբասանքներ նրանց կյանքից եւ հայտնի մարդկանց վարկաբեկող նյութեր։

Եվ ոչինչ հնարավոր չէ անել սրա դեմ։ Առա՛յժմ հնարավոր չէ։

Գերման Ավագյան

*PanPhoto բառը փոխարինվել է PanArmenian.Net-ով, քանի որ լուսանկարի վրա եղել է ոչ թե PanPhoto-ի, այլ PanArmenian.Net լրատվական գործակալության լոգոն: PanPhoto-ն առանձին լուսանկարչական գործակալություն է, որն ունի եւ օգտագործում է իր սեփական լոգոն, սակայն PanArmenian.Net իրավաբանական անձի մաս է կազմում եւ Ֆեյսբուքում ներկայանում է PanArmenian.Net-ի էջով, որից էլ արվել է հոդվածում օգտագործված սքրինշոթը: