Աննա Տոլստովան «Կոմերսանտ» թերթի լրագրող է, ում մշակութային թեմաներով հոդվածներն ու վերլուծությունները որակ ու ճաշակ թելադրող են: Նա հիմնականում գրում է ժամանակակից արվեստի մասին եւ գտնում է, որ միտք ու քննադատական հայացք ձեւավորող ժամանակակից արվեստը յուրահատուկ չափանիշ է մեդիա դաշտի համար:
Մեդիա դաշտում հայտնվող կեղծ տեղեկատվությունը, ֆեյքերն ու մանուպուլյատիվ նյութերը երբեմն արվեստի նախագծեր են հիշեցնում, քանի որ հիմնված են հորինվածքի վրա: Աննա Տոլստովան հիշեցնում է, որ ժամանակակից արվեստը գործ չունի ֆեյքերի ու կեղծիքի հետ. «Արվեստը հակառակն է անում՝ զանգվածային լրատվամիջոցներից է ընդօրինակում ֆեյքային մեթոդը ու ստեղծում մոքյումենտալ աշխատանքներ, որոնք ոճավորված են որպես վավերագրություն»:
Աննա Տոլստովան բնական է համարում, որ լրատվամիջոցների բյուջեների կրճատումը սկսվում է մշակութային բաժինների կրճատումից, քանի որ համարվում է, որ արվեստն ընդհանրապես սակավ հետաքրքիր ոլորտ է. «Իսկ լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների նման քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում այն մշակութային քաղաքականությունից, որը վարում են Ռուսաստանի իշխանությունները: Մշակույթը ֆինանսավորվում է մնացորդային սկզբունքով»:
Ընդունված է համարել, որ հեռուստատեսության ագրեսիվ պրոպագանդան հավասարակշռվում է ավելի ազատ ինտերնետային լրատվամիջոցներով: Բայց կարծես թե ինտերնետում էլ ամեն ինչ բարվոք չէ:
Ամեն դեպքում ինտերնետն այն տարածքն է, որն ավելի դժվար է ենթարկվում գրաքննության ու լրատվամիջոց ստեղծելու համար մեծ գումար չի պահանջում:
Ցավոք, մեզ մոտ հեռուստացույց դեռ դիտում են, թեեւ այն վաղուց արդեն ոչ թե մեդիա է, այլ քարոզչական միջոց: Լավագույն հեռուստալիքները ստիպված էին ինտերնետ տեղափոխվել, եւ նրանք, ովքեր ուզում են լուրեր ստանալ, հիմնականում դիտում են ինտերնետային «Дождь», «РБК» ալիքները, բայց դա որոշակի կրթական մակարդակ ունեցող եւ ցանցում ապրող նեղ լսարան է:
Հանդիպու՞մ եք ցանցային թրոլինգի:
Անկասկած այն կա, եւ մենք շատ լավ հասկանում ենք, թե հատկապես որ հրապարակումներն են «արժանանալու» թրոլինգի եւ ինչպես են գործում
պրոպագանդիստական մեքենայի մաս կազմող «թրոլերի ֆաբրիկաները»: Կարծում եմ՝ ցանկացած լրագրող գիտի, որ եթե անդրադառնա որոշակի թեմաներին, իր նյութի տակ միանգամից կհայտնվեն կոնկրետ ուղղվածության մեկնաբանություններ:
Նախկինում կարող էինք ասել, որ լրատվամիջոցների ընթերցողներն իրարից տարբերվում են ինտելեկտուալ մակարդակով, իսկ հիմա տարբերությունն ավելի շուտ պայմանավորված է ընթերցողների տեխնիկական կոմպետենտությամբ
Միգուցե մեկնաբանություններ կարդացող էնթուզիաստ-լրագրողներ դեռ կան, բայց մեծ մասամբ, Ռուսաստանում դադարել են ուշադրություն դարձնել մեկնաբանություններին:
Իսկ ինչպե՞ս են Ձեր կարծիքով համադրվում մշակույթն ու պրոպագանդան:
Հիմա այնպիսի զարմանալի մշակույթի նախարար ունենք, որից ամեն ինչ սպասելի է: Մեզ մոտ հանկարծ հիշեցին, որ մշակույթը նույնպես կարող է պրոպագանդայի միջոց դառնալ: 20 տարի չէին հիշում, իսկ հիմա հիշեցին: Եվ տեղի ունեցավ լրատվամիջոցների մի տարօրինակ բաժանում՝ ըստ այն մշակույթի, որի հանդեպ տվյալ մեդիան համակրանք ունի:
Իհարկե, 1990-ականներին ստեղծված խոշոր թերթերում մշակույթը հասկացվում է այնպես, ինչպես եւ ընդունված է ողջ աշխարհում (անդրադառնում են ժամանակակից արվեստի ցուցադրություններին, նոր գրականությանն ու նոր երաժշտությանը): Բայց այդ թերթերի կողքին կան նորաստեղծ խոշոր լրատվամիջոցներ, որոնք գրում են կա՛մ վաղուց մահացած ու անցած-գնացած մշակույթի մասին (հիմնականում խորհրդային), կա՛մ էլ մշակույթին նայում են ազգայնական-ֆաշիստական հայացքով:
Ընդհանրապես, 1990-ականներին մշակույթի բաժինները չափազանց կարեւոր էին թերթերի համար, քանի որ մշակութային կապիտալն այն սիմվոլիկ կապիտալն է, որը որոշիչ է ցանկացած հանգամանքներում:
Սովորաբար մեզ մոտ արվեստի մասին գրվում կամ ռեպորտաժներ են պատրաստվում, եթե այս կամ այն ցուցահանդես ու կինոդիտման այցելել է հանրապետության նախագահը կամ այլ բարձրաստիճան ծառայողը:
Մեր նախագահը հազվադեպ է ցուցահանդեսներ այցելում: Կարող եմ ավելացնել՝ փառք Աստծո, որ այդպես է: Տպավորություն է, որ հատկապես ժամանակակից արվեստը պետության առաջին դեմքերի ուշադրությունից դուրս է: Ճիշտն ասած՝ դա շատ հաճելի տպավորություն է:
Թվում է, որ միջավայրը անընդհատ սեղմվում է (թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում), եւ լավ լրագրողները շուտով պարզապես աշխատելու հնարավորություն եւ տեղ չեն ունենա: Պահանջարկ չի լինի:
Կարծում եմ՝ նույնը զգում է ցանկացած մարդ, որը ոչ պետական զանգվածային լրատվամիջոցում է աշխատում: Համենայնդեպս, Ռուսաստանում այդպես է: Իհարկե, լրագրությունն այն աշխատանքը չէ, որը երկար, բարեկեցիկ ու ապահով կյանք է ենթադրում: Եվ աշխատելու վայր չլինելն ինձ համար այնքան սարսափելի չէ, որքան սարսափելի է ընթերցողի հետաքրքրության բացակայությունը:
Մենք դեռ լավ չենք պատկերացնում, թե ինչ հետեւանքներ են ունենալու լսարանի վերափոխման վրա մուլտիմեդիա լրատվամիջոցները, հատկապես իրենց բջջային հավելվածներով
Եթե մեզ մոտ զարգացած լիներ թերթ գնելու եւ կարդալու մշակույթը (ինչպես Եվրոպայի շատ երկներում է), գրաքննելու, ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու կամ ասենք, գլխավոր խմբագիրներին աշխատանքից ազատելու ցանկացած փորձ հանրային բուռն դժգոհություն կառաջացներ:
Օրինակ, երբ տարիներ առաջ աշխատանքից ազատեցին «НТВ» հեռուստաալիքի գրեթե ողջ աշխատակազմին, մարդիկ ցույցի դուրս եկավ: Ցավոք, այդ ցույցերը չփոխեցին իրավիճակը եւ, անգամ հակառակը, ցույց տվեցին իշխանություններին, որ հեռուստատեսությունն այն տարածքն է, որը ամեն գնով պաշտպանել է պետք, բայց, միեւնույն է, լսարանն արձագանքեց:
Կարծում եմ՝ եթե ընթերցանության մշակույթն ավելի զարգացած լիներ, միգուցե ավելի լավ լիներ նաեւ մեր՝ լրագրողների ու լրատվամիջոցների վիճակը:
Ձեր կարծիքով՝ մոտակա տարիներին ի՞նչ ուղով կզարգանա մեդիա դաշտը:
Իհարկե, ես մեդիա փորձագետ չեմ, բայց կարծում եմ, որ սրվելու է դիվերսիֆիկացիան, ինչի արդյունքում մեդիա ապրանքների բազմազան տեսակները կձեւավորեն ու նորովի կշերտավորեն լսարանը:
Նախկինում կարող էինք ասել, որ լրատվամիջոցների ընթերցողներն իրարից տարբերվում են ինտելեկտուալ մակարդակով, իսկ հիմա տարբերությունն ավելի շուտ պայմանավորված է ընթերցողների տեխնիկական կոմպետենտությամբ:
Ինչ-որ մեկը պարզապես տուն կշտապի ու կինո կդիտի հեռուստացույցով, մյուսը՝ տպագիր թերթ կգնի կրպակից, իսկ երրորդը բարդ կոմբինացիա կհավաքի իր այֆոնի կամ այլ ավելի բարդ սարքի վրա ու բարդ մեդիա ապրանք կստանա:
Մեդիա ոլորտը սոցիալական տեսակետից է շատ բազմազան դառնում, քանի որ բազմազան են դառնում այն սպառելու միջոցները:
Եվ նույնիսկ գրաքննության ու մեդիա դաշտը «մաքրելու» պայմաններում ամեն ինչ շարժվում է դեպի մեդիայի սպառման սոցիալական շերտավորումը: Կարծում եմ՝ մենք դեռ չգիտենք, թե ինչպես է այդ շերտավորումը արտահայտվելու եւ ինչ ազդեցություն է ունենալու:
Քիչ թե շատ զգացինք տպագիր մամուլի ու հեռուստատեսության տարբերությունը, բայց թե ինչ հետեւանքներ են ունենալու լսարանի վերափոխման վրա մուլտիմեդիա լրատվամիջոցները (հատկապես իրենց բջջային հավելվածներով), մենք դեռ լավ չենք պատկերացնում:
Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: