2015.09.17,

Քննադատ

«Արմենիա»-ն հարամեց ֆուտբոլային երեկոները

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

1995 թվականին ինձ բախտ վիճակվեց երկու ամիս սովորել Գերմանիայում: Հայաստանից եւ ԱՊՀ այլ երկրներից ժամանած լրագրողներիս համար հրաշալի պայմաններ էին ապահովված, այդ թվում` այն ժամանակներում Հայաստանում մեզ համար համարյա ֆանտաստիկ թվացող մի բան՝ հեռուստացույց, որ 40 ալիք էր որսում:

Այդ բոլոր ալիքների հաղորդումները դիտելու գայթակղությունը շատ մեծ էր: Մի անգամ երեկոյան երեք ալիքով լավ ֆիլմեր էին ցուցադրում: Ցանկանալով երեքն էլ դիտել՝ ես ալիքից ալիք էի անցնում… Այդպես մոտ երկու ժամ իբր նայեցի՝ ոչ մի ֆիլմից ոչինչ չհասկանալով:

Երկու օր է՝ հիշել եմ 20 տարվա վաղեմության այս պատմությունը, որովհետեւ «Արմենիա» հեռուստաընկերությունը, չգիտեմ՝ ում որոշումով, Չեմպիոնների լիգայի խաղերը որոշել է ցուցադրել միաժամանակ:

Առաջին օրը՝ սեպտեմբերի 15-ին, դիտելով դա՝ մտածեցի՝ գուցե միայն այսօր է այսպես: Բայց դա կրկնվեց հաջորդ խաղային օրը եւս: Սա զայրացնող է: Զայրացած է ոչ միայն տողերիս հեղինակը: Նայեք «Արմենիա» ՀԸ ֆեյսբուքյան էջը եւ կտեսնեք հեռուստադիտողների բացասական արձագանքները նման ցուցադրությանը: Ես ոչ մի դրական արձագանք այդտեղ չտեսա:

Արդ, ինչու՞ եմ կարծում, որ այսպես չի կարելի ֆուտբոլ ցուցադրել:

Նախ, որովհետեւ ցանկացած նորմալ ֆուտբոլասեր, հաստատ, ցանկանում է թեկուզ մեկ խաղ դիտել, բայց ամբողջական՝ սկզբից մինչեւ վերջ:

Երկրորդ, համեմատություն անցկացնեմ առաջին պարբերությունում ներկայացվածի՝ իմ մի քանի ֆիլմ միաժամանակ նայելու հետ. այսպես էլ ֆուտբոլից ոչ մի բան չես հասկանում՝ նայելով միայն տարբեր խաղերի մեկ-երկու րոպեանոց ինչ-որ հատվածներ:

Եվ վերջապես երրորդ, որ ամենակարեւորն է, եթե իմ ներկայացրած դրվագում ինքս էի մեղավոր՝ ինքս էի ընտրում՝ ո՛ր կինոյից ո՛ր հատվածը նայեմ, ապա «Արմենիա»-ի դեպքում դրա ղեկավարությունը, ռեժիսորները, հաղորդավարները հեռուստադիտողի փոխարեն իրենք են ընտրում դրվագները, որոնք իբր հետաքրքիր են… Այսինքն՝ դու խաղերը պարտավոր ես նայել իրենց հայացքով:

Դեռ չես հասցրել մի կարգին վայելել, ասենք, Մեսսիի անցումը, մեկ էլ քեզ ասում են. «վայ, վայ, Բրյուգեի խաղում հետաքրքիր դրվագ կա, տեղափոխվենք…»։ Տեղափոխում են, իսկ տեղի ունեցածը բնավ էլ հետաքրքիր չէ՝ ինչ-որ մեկը մոտեցել է տուգանային հրապարակին ու շեղ հարվածել… Եվ եթե իմ շատ հարգելի գործընկերներ Արմեն Մելիքբեկյանին կամ Արմեն Նիկողոսյանին դուր է եկել այսինչ խաղի այսինչ դրվագը, ապա դու եւ հազարավոր հեռուստադիտողներ պարտավոր եք հենց դա նայել։

Չենք ուզում, հարգելի գործընկերներ, չենք ուզում ձեր ճաշակով ֆուտբոլային դրվագներ դիտել։ Ֆուտբոլը միայն սուր հարձակումը կամ գոլը չէ։ Ես (համոզված եմ՝ շատ-շատերը եւս) ուզում եմ նայել մեկ, բայց ամբողջական խաղ՝ ոչ միայն գոլերով, այլեւ ամեն ինչով՝ հետաքրքիր ու անհետաքրքիր պահերով, խախտումներով, մրցավարի գործողություններով, խաղացողների ժեստերով, մարզիչների էմոցիաներով, հանդիսականի գոռոցներով…

Դուք մեզ՝ հազարավոր հեռուստադիտողներիս, զրկում եք այս ամենը վայելելու հաճույքից՝ ցույց տալով ՁԵ՛Ր կարծիքով հետաքրքիր պահերը, որոնք պարտադիր չէ, որ Ի՛ՆՁ համար հետաքրքիր լինեն, կրկնում եմ Ի՛ՆՁ համար հետաքրքիր է ամեն ինչ՝ գոլից մինչեւ դուր չեկած ֆուտբոլիստի հասցեին հանդիսատեսի սուլոցը։

Դուք մեզ զրկել եք սրանից՝ ֆուտբոլի ամբողջականությունից, ընդ որում՝ չառաջարկելով այլընտրանք:

Նման ցուցադրության հետեւանքով շատերը (այդ թվում՝ նաեւ տողերիս հեղինակը) անջատեցին հեռուստացույցը եւ իրենց նախընտրած խաղը նայեցին ինտերնետով: Մյուսներն անցան մալուխային ալիքներով դիտելուն:

Իսկ ի՞նչ անի այն քաղաքացին, որն ուզում է ամբողջական ֆուտբոլ նայել, սակայն մալուխայինի կամ ինտերնետի հնարավորություն չունի: Նա կա՛մ մի թունդ հիշոց է ուղարկում «Արմենիա»-ի ղեկավարության հասցին, կա՛մ էլ մի կերպ, ատամները կրճտացնելով, նայում է «Արմենիա»-ի ճաշակով ընտրված դրվագները.

Իսկ ո՞վ է շահում նման ցուցադրությունից:

Հեռուստադիտողը, հաստատ, չի շահում, ավելին՝ նա դժգոհ է. վկան՝ ֆեյսբուքյան հարյուրավոր բացասական գրառումները։

Հաստատ չի շահում նաեւ հեռուստաընկերությունը, որը, արդեն հասկանալի է, կորցրել է հազարավոր հեռուստադիտողների՝ բացահայտ ռեյտինգային հաղորդումը դարձնելով չնայվող:

Շահել են մալուխային ցանցերը. այսինքն՝ «Արմենիա»-ն, ի վնաս իրեն, հարստացնում է հենց նրանց։

Եվ, ինչպես բարեկամներիցս մեկն ասաց՝ կայֆ են բռնում միայն խաղադրույքներ կատարողները, որոնց ոչ թե ֆուտբոլն է հետաքրքրում, այլ միայն արդյունքները, եւ որոնք ազարտով կարող են հետեւելով հընթացս հաշվել իրենց շահումները։

Բայց մի՞թե հանուն մալուխային ցանցերի եկամուտների կամ մի քանի խաղամոլի արժե հազարավոր հեռուստադիտողների զրկել ֆուտբոլ վայելելու հաճույքից։

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *