2015.09.07,

Քննադատ

Բա ասում էիք, թե արդարադատության նախարար է դառնալու Արծվիկ Մինասյանը, Արթուր Օսիկյանը կամ Կորյուն Նահապետյանը

Վաղուց էի ցանկանում հայաստանյան մամուլում կառավարության կազմավորումից առաջ հրապարակվող անունները համադրել փաստացի կատարված նշանակումների հետ: Սա լավ թեսթ է՝ պարզելու, թե տվյալ լրատվամիջոցի աղբյուրներն իրականում որքանով են հավաստի:

Չէ, իհարկե, որոշ դեպքերում թեսթի կարիք չի էլ լինում. ասենք, երբ «Չորրորդ իշխանություն»-ը գրում է «նախագահականի մեր աղբյուրները», կամ էլ «Հայոց աշխարհ»-ն է գրում՝ «ՀԱԿ-ի մեր աղբյուրները»: Բայց մնացածի դեպքում՝ որքանո՞վ է վստահելի նրանց սեփական աղբյուրներին հղումով տեղեկատվությունը:

Սա պարզելու վերջին առիթը արդարադատության նախարարի թեկնածուի շուրջ հրապարակված լուրերն էին: Հիշեցնենք` սեպտեմբերի 4-ին արդարադատության նախարար նշանակվեց Արփինե Հովհաննիսյանը, որը զբաղեցրեց հուլիսի 14-ին այդ պաշտոնից ազատված Հովհաննես Մանուկյանի տեղը:

Պաշտոնանկությունից հետո մամուլը շտապեց այդ պաշտոնին անմիջապես «նշանակել» Արծվիկ Մինասյանին: «Նշանակումը» դիտվում էր սահմանադրական բարեփոխումների համատեքստում՝ Հովհաննես Մանուկյանի` մինչեւ այժմ էլ անհայտ պատճառով ազատումը դիտարկվում էր հանրաքվեից առաջ Դաշնակցության համար նախարարական պորտֆելներ ազատելու համատեքստում: Սակայն թե’ ՀՀԿ-ականներն արագ արձագանքեցին, որ դաշնակցականների հետ որևէ բանակցություն չի տարվում, թե’ ՀՅԴ պատասխանատուները հերքեցին, թե որևէ առաջարկություն է արվել ՀՅԴ-ին արդարադատության նախարարի պաշտոնի հետ կապված։

Անմիջապես շրջանառության մեջ դրվեցին այլ անուններ: Հիշատակենք դրանցից մի քանիսը միայն, թեեւ իրականում թե’ ԶԼՄ-ների, թե’ հրապարակված թեկնածուների շարքը շատ ավելի երկար է:

«Ըստ որոշ տեղեկությունների հիմնական թեկնածուն, արդարադատության նախարարի պաշտոնի համար Հրայր Թովմասյանն է: Թեկնածուների շարքում է նաեւ մեկ այլ նախկին Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ով նույնպես սահմանադրական հանձնաժողովի անդամ է եւ շատ ակտիվ զբաղվում է սահմանադրական բարեփոխումների գործընթացով: Թեկնածուների շարքում են նաեւ ԱԺ իրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ ԱԺ պատգամավոր, ՄԻԱԿ կուսակցության նախագահ Լևոն Մարտիրոսյանը»,- համեմատեք «Իրավունքի» հրապարակած այս շարքը արդեն իսկ արված նշանակման հետ:

«Հայկական ժամանակը» գրեց. «Արդարադատության նախարարի նոր թեկնածուի անուն է շրջանառվում: Հիմա էլ նշվում է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի անունը: Սույն անունը երեկ շրջանառվում էր կառավարության միջանցքներում»: Նույն թերթը, թեև հետո նաեւ Արփինե Հովհաննիսյանի անունն էլ էր նշել թեկնածուների շարքում, սակայն հավելել էր մեկ այլ թեկնածուի անուն. «Այս պահին, փաստորեն, արդարադատության նախարարի 2 թեկնածուի անուն է շրջանառվում՝ Արփինե Հովհաննիսյանինը եւ Կորյուն Նահապետյանինը»:

Արփինե Հովհաննիսյանի եւ Կորյուն Նահապետյանի հետ միասին մեկ այլ թեկնածուի անուն էր գրել «Հրապարակ» օրաթերթը. «Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն այս պահին ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է, թեեւ ոմանք ավելի հավանական են համարում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանի թեկնածությունը, որն սկսել են քննարկել վերջին շրջանում: Իշխանության վերին օղակներում մտածում են, որ պետք չէ այժմ՝ սահմանադրական բարեփոխումների շեմին, դրսից մարդ բերել նախարարություն՝ հատկապես նման մութ պաշտոնանկությունից հետո: «Արսեն Մկրտչյանը նորմալ, կիրթ, աշխատող տղա է, լավ կապեր ունի, փորձ, պատկերացնում է ոլորտը, կարծում եմ՝ իրեն էլ կնշանակեն»,- ասաց բարձրաստիճան աղբյուրը»:

Առանձին անդրադարձի նյութ է Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի թեկնածությունը. նրա անունը ոչ միայն ակտիվորեն շրջանառվում էր, այլ ՀՀԿ գործադիր մարմնի մի նիստից առաջ նույնիսկ տեղեկություն հրապարակվեց, որ պրն Օսիկյանը հրավիրվել է նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: «Ժողովուրդն» այս հանդիպումն այսպես էր մեկնաբանել.  «Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը ՔԿՎ պետին կանչել է տեղեկացնելու, որ ինքը հենց նրան է ցանկանում նշանակել ՀՀ արդարադատության նախարար: Սակայն, ամենայն հավանականությամբ, նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի ՀՀԿ գործադիր մարմնի՝ այսօր կայանալիք նիստում Օսիկյանի թեկնածությունը ներկայացնելուց հետո»:

Ի դեպ, ՀՀԿ ԳՄ ոչ այդ նիստում որոշվեց նշանակման հարցը, ոչ էլ դրանից հետո տեղի ունեցածում, թեեւ ԶԼՄ-ներն ամեն անգամ հաղորդում էին, թե արդարադատության նախարարի հարցը քննարկվելու է հենց այդ նիստում, իսկ ՀՀԿ խոսնակն էլ նիստերից հետո ամեն անգամ տեղեկացնում էր, թե կադրային հարցեր չեն քննարկվել: Այսուհանդերձ՝ չենք բացառում, որ այդ հարցն, այնուամենայնիվ, քննարկվել էր: Ինչպես նաեւ չի կարելի բացառել, որ մեր գործընկերների աղբյուրներն  այսուհանդերձ հավաստի են, եւ այս բոլոր թեկնածություններն իրոք քննարկվել են: Բայց հաշվի առնելով, որ ի տարբերություն, ասենք, Արծվիկ Մինասյանի՝ թեկնածուների գերակշիռ մասը չէր շտապում հերքել շրջանառվող լուրերը՝ չի կարելի բացառել նաեւ, որ հենց իրենք էլ շրջանառության մեջ էին դրել դրանք՝ լոբբինգի նպատակով:

Նույն կերպ չի կարելի բացառել, որ ընդհանրապես թեկնածուների մասին լուրեր հրապարակողները հենց իրենք էլ հորինում են դրանք՝ սեփական իրազեկվածության պատրանք ստեղծելու համար: Ու հետո հարկ էլ չեն համարում բացատրել՝ բա ինչու չնշանակվեցին իրենց նշած անձինք: Վատ չէր լինի, եթե հընթացս նաեւ բացատրեին՝ աշխարհը շուռ կգա՞, եթե նշանակումների մասին իրենց լսարանին տեղեկացնեն այն բանից հետո, երբ արդեն իրոք կայացրել են որոշումը նրանք, ովքեր ի տարբերություն լրագրողների՝ ունեն դրա իրավասությունը:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *