Սիրիացի խեղդված փախստական 3-ամյա տղայի՝ Այլան Քուրդիի լուսանկարը ալեկոծեց համաշխարհային լրատվամիջոցներն ու սոցիալական մեդիան:
Ծովով ընտանիքի հետ Թուրքիայից դեպի հունական Կոս կղզի գաղթող սիրիացի տղայի մարմինը, որը գտնվել էր թուրքական Բոդրումի ծովափերից մեկում, դարձավ փախստականների ճգնաժամի յուրօրինակ խորհրդանիշը:
Խեղդված տղայի լուսանկարը հայտնվեց համաշխարհային մեդիայի առաջին էջերին: Այն առաջ քաշեց մեդիա քննարկում՝ արդյո՞ք պետք էր/ճիշտ էր հրապարակել լողափին անշունչ պառկած 3-ամյա փախստական տղայի լուսանկարը:
Poynter-ի ուսումնական ծրագրերի փոխնախագահ, ԱՄՆ-ի մեդիա էթիկայի առաջատար մասնագետներից Քելի ՄքԲրայդը գտնում է, որ տղայի լուսանկարը անհրաժեշտ էր հրապարակել:
«Երբեմն արդարացված չէ մեդիայում մահվան լուսանկարներ հրապարակելը: Բայց երբեմն դա ամենապատասխանատու բանն է, որ լրագրողը կարող է անել: Եվրոպան բեկումնային, պատմական ժամանակաշրջանում է, որը կարող է փոխել նրա ապագան: Միջին Արեւելքից փախստականների գաղթը կփոխի մայրցամաքի ինքնությունը: Խեղդված տղայի լուսանկարը ավելի խորը իմաստ ունի»,- ասում է Քելի ՄքԲրայդը:
Բրիտանական, ամերիկյան եւ կանադական խոշոր լրատվամիջոցների խմբագիրները համաձայնության էին եկել հրապարակել խեղդված տղայի խոշոր պլանով լուսանկարը առաջին էջերին:
Los Angeles Times-ի արտասահմանյան եւ ազգային լուրերի խմբագրի օգնական Քիմ Մըրֆին ասում է, որ խեղդված տղայի լուսանկարը կարեւոր էր՝ փախստականների իրավիճակն ամբողջությամբ ընկալելու համար:
«Լուսանկարը ո՛չ վիրավորական է, ո՛չ արյունալի, ո՛չ էլ անճաշակ, այն ուղղակի սրտառուչ է եւ վառ ապացույց Սիրիայում, Թուրքիայում եւ Եվրոպայում ծավալված՝ հաճախ չնկատվող մարդկային ողբերգության: Մենք պատմություններ ենք գրել շրջված նավերից մահացած հարյուրավոր փախստականների մասին, բայց այս տղայի պատմությունն էր, որ ընթերցողներին օգնեց ըմբռնել փախստականների ճգնաժամի ողջ ծավալը»,- ասում է նա:
Deutsche Welle-ն նույնպես բացատրել է, թե ինչու է հրապարակել 3-ամյա Այլան Քուրդիի լուսանկարը:
«Մենք որոշեցինք հրապարակել լուսանկարը ո՛չ սենսացիայի, ո՛չ էլ ավելի շատ այցելություն ունենալու համար: Մենք հրապարակել ենք, որովհետեւ սա վերաբերում է բոլորիս: Որովհետեւ այն փախստականների ճգնաժամի խորհդրանիշն է: Որովհետեւ այն ցնցեց մեզ, եւ մենք ազդվեցինք այդ տառապանքից»:
Թուրք ֆոտոլրագրող Հուսեյն Օզդեմիրի կարծիքով՝ լուսանկարը պետք է հրապարակել, բայց այն պետք է հրապարակել առանց քարոզչության:
«Լուսանկարը չպետք է ստիպի լաց լինել, այն պետք է ստիպի հարցեր բարձրացնել»,- ասում է նա:
VOX-ն այն լրատվամիջոցներից է, որը չի հրապարակել Այլան Քուրդիի լուսանկարը:
«Ես հասկանում եմ այն փաստարկը, որ լուսանկարը փախստականների ճգնաժամի մասին իրազեկելու եւ դրա վրա ուշադրություն հրավիրելու միջոց է: Բայց ես որոշեցի չհրապարակել այն, քանի որ լուսանկարում պատկերված երեխան չի կարող համաձայնել խորհրդանիշ դառնալ»,- ասում է VOX-ի խմբագիր Մաքս Ֆիշերը:
Համաշխարհային մեդիայում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող հայտնի լուսանկարի հեղինակ Նիլյուֆեր Դեմիրը Hurriyet Daily News-ին տված հարցազրույցում ասել է, որ 3-ամյա տղային տեսնելով՝ քարացել է:
«Միակ բանը, որ կարող էի անել, նրա ճիչը լսելի դարձնելն էր»,- ասել է Doğan լրատվականի ֆոտոլրագրողը:
#Khartoon – I Hope Humanity Finds a Cure for Visas #Syria #refugeeswelcome #refugeecrisis #Germany #Italy #Greece pic.twitter.com/zbyGMSrIsO
— ALBAIH (@khalidalbaih) September 2, 2015
Լուսանկարի հրապարակումից հետո աշխարհի տարբեր երկրների նկարիչներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 3-ամյա փախստական Քուրդիին՝ խեղդված տղային պատկերելով իրենց աշխատանքներում:
Գեղարվեստական գործերի շարքը երկրորդ ալիքով #KiyiyaVuranInsanlik (Ափ նետված մարդկությունը) հեշթեգով տարածվեց սոցիալական մեդիայով՝ ուշադրություն հրավիրելով փախստականների խնդրի վրա:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: