Անցյալ շաբաթ հրաժարական տվեց ՀՀ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը, նրա տեղը զբաղեցրեց Վլադ Հակոբյանը։
Հայերեն Գուգլում բոլոր Վլադ Հակոբյանները միասին վերցրած ունեն 4150-ի կարգի հիշատակում (24.07.15, 14:00-ի դրությամբ)։
Դրանց զգալի մասը վերաբերում է անցյալ տարվա հունիսին «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ եւ «Արարատնյուզ» կայքի ԼՐԱԳՐՈՂ Հրայր Մանուկյանի հայտարարությանը, թե «Վլադ Հակոբյան անունով ԱԱԾ աշխատակից ներկայացած անձը» սպառնալիքների օգնությամբ փորձել է հավաքագրել իրեն։
«Հետք» առցանց պարբերականը հրապարակել է զրույցի ձայնագրությունը եւ ԱԱԾ-ի պաշտոնական նամակը, ըստ որի, միջադեպի առթիվ գործի քննությունը պետական գաղտնիք է պարունակում եւ չի կարող հանրությանը տրամադրվել։
Սերժ Սարգսյանի նշանակումը վերջապես ապացուցեց, որ «Վլադ Հակոբյան անունով ԱԱԾ աշխատակից ներկայացած անձ» իսկապես կա, ունի մայորի կոչում եւ եղել է բաժանմունքի պետ ԱԱԾ-ում։
Այս նշանակմանը բավական բուռն ու կտրուկ արձագանքեց «ֆեյսբուքը», իսկ մամուլում միայն հազվադեպ հրապարակումներ եղան, թեեւ հավանական գործընկերոջ ու մեդիա ոլորտի կարեւոր պաշտոններից մեկի մասին է խոսքը։
Ես հետաքրքրվեցի. պարզվեց՝ Ռուզվելտից մինչեւ Օբամա ԱՄՆ վերջին տասը նախագահների բոլոր մամուլի քարտուղարները եղել են լրագրողներ, ովքեր մինչ այդ հայտնի են դարձել որպես «Նյու Յորք թայմսի»… «Թայմի», «Ասոշիեյթիդ պրեսի» թղթակիցներ, իսկ Թրումենի խոսնակ Չարլի Ռոսը նախքան պաշտոնավարումը պարգեւատրվել է Պուլիտցերյան հեղինակավոր մրցանակով։
Տրամաբանությունը հստակ է. մամուլի քարտուղարը պետք է լինի արհեստավարժ լրագրող, որ հասկանա մասնագիտության նրբությունները, ճանաչի եւ ճանաչված լինի մեդիա դաշտի կողմից։
Բայց այդ տարրական պահանջը մի կողմ, չի խոսվում որ շատ տարիներ է, ինչ նախագահի մամուլի խոսնակները չեն կատարում իրենց պարտքը հանրության առաջ։ Ո՞վ է հիշում՝ ե՞րբ է վերջին անգամ ՀՀ նախագահի մամուլի խոսնակը ճեպազրույց անցկացրել։ Կամ ե՞րբ է լրագրողների հարցերին պատասխաններ տվել, որոնք կփարատեին մեր մեդիան հեղեղած դավադրության տեսությունները կամ հանրային վրդովմունքը աղմկահարույց դեպքերի առթիվ։
Սերժ Սարգսյանն ինքը չխոսկան պաշտոնյա է, իսկ երբ չի խուսափում հրապարակային շփումից, նրա խոսքերը միանգամից դառնում «մեմ» («Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում», «ինչպես տատս էր ասում, այդ հարցո՞վ ենք հավաքվել», «իյա՜, իրոք՞», «ինչքան ուզես, էնքան խփեմ» եւ այլն)։
Պետք էր ենթադրել, որ ամեն ինչ արվելու է, որ Սարգսյանին ներկայացնի այնպիսի մեկը, ով տիրապետում է հաղորդակցության արվեստին եւ վստահելի գործընկեր կլինի լրագրողների համար։ Բայց նշանակվում է Վլադ Հակոբյանը, որի նախորդ աշխատանքը ենթադրում է ծածկամտություն, եւ նշանակումն էլ, որ սովորական չէ, նույնպես ծածկամտորեն չի մեկնաբանվում։
Իսկ միգուցե ամեն ինչ ճի՞շտ է. իշխանությունը հետեւողական է բացասական սելեկցիայի իր քաղաքականության մեջ, եւ մամուլի խոսնակի փոխարեն պետք է նշանակվեր մամուլի չխոսկան, որպեսզի հանրայնորեն ընդունելի որեւէ գործչի նշանակմամբ մարդկանց գլուխներում խառնաշփոթ չառաջանար։
P.S. Ի դեպ, եթե հանկարծ հարց ծագի, թե ինչի համար եմ հենց ԱՄՆ-ի մամուլի քարտուղարների օրինակը բերում, պատասխանս սա է. մամուլի խոսնակի պաշտոնը հին հայկականների թվին չի պատկանում, այլ ժողովրդավարական ավանդույթների ունեցող պետություններին բնորոշ հաստատություն է։
Վահրամ Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: