2015.06.22,

Քննադատ

Գնա մեռի, արի դարձի օրվա մեդիահերոսը

Լուրը, որ դերասանուհի Լուիզա Ղամբարյանը հունիսի 18-ին վթարի է ենթարկվել, «Առավոտի» կայքում դարձավ ամսվա ամենաընթերցվածներից մեկը՝ մի քանի հազար դիտումներով:

Լուրը, որ արդեն հենց Լուիզա Ղամբարյանն է ասում. «Ինձ ոչինչ չի եղել, վթարն էլ խոշոր չափերի չէր, մեքենան է վնասվել», անգամ օրվա ամենաընթերցվածը չէր՝ ընդամենը մի քանի տասնյակ անգամ կարդացվեց:

Ոչ առաջին, ոչ երկրորդ դեպքում այդ տեղեկությունը չէր հայտնվել խմբագրի նախընտրության՝ գլխավոր նյութերի մեջ: Բացառապես ընթերցողների նախընտրությունն էր:

Ինչու՞ է մեր լսարանն այդքան սիրում դժբախտ պատահարների մասին լուրերը՝ ինձ համար հանելուկ է: «Առավոտի» YouTube-յան էջում ամենադիտվածը «Բրաբուսի» վարորդը մահացել է» տեսանյութն է, որը դիտվել է 278,858 անգամ:

Այն վերբեռնվել է երեք տարի առաջ, երբ Գագիկ Շամշյանը դեռ համագործակցում էր «Առավոտի» հետ, բայց մինչեւ հիմա էլ տեսանյութը մեկնաբանում են՝ գինն են սակարկում, թե ինչ վնաս է կրել, քննարկում, որ եթե ամրագոտին կապած լիներ, վարորդը չէր զոհվի եւ այլն:

Ու սա դեռ որեւէ հայտնի մարդու մահվան մասին չէ: Փոքրիշատե հայտնիների մահվան մասին լուրերը անմիջապես են դառնում ամենաընթերցվածը: Սա միայն Հայաստանին հատուկ երեւույթ չէ՝ վերջին օրինակն էլ այն է, թե ինչ է կատարվում Ժաննա Ֆրիսկեի, ըստ էության, սպասելի մահվան շուրջ Ռուսաստանում: Թեեւ նույնի ավելի փոքր ծավալներով ցուցքը Հայաստանում տեսել էինք, երբ մահացան Վարդուհի Վարդանյանն ու Հասմիկ Ղարիբյանը:

Դե, իսկ եթե նման լուրերն ուղեկցվում են «տեսանյութ» կամ «ֆոտոշարք» հավելումներով, ընդհանրապես են դատապարտված ստուգելու սերվերների ամրությունը՝ դիմակայելու միաժամանակյա հարյուրավոր մուտքերին

Սիրում են, ախ, ոնց են սիրում մերոնք նայել լացող «աստղերին»՝ թերեւս, համոզվելու համար, որ «ոչինչ մարդկային խորթ չէ նրանց»: Սիրում են քրքրել նրանց անկողինը, քննել հավատը, շատ են դիտվում նաեւ հարսանեկան ֆոտոշարքերը:

Որեւէ արտառոց բան կարծես չասացի՝ այսպես է ողջ աշխարհում: Բայց, ի տարբերություն մեծ աշխարհի, որտեղ ավելի կամ պակաս չափով հստակորեն սահմանազատված են լուրջ լրատվամիջոցները, եւ նրանք, ովքեր բավարարում են «բանալու անցքից նայել սիրողների» հետաքրքրասիրությունը, մեր անկյունում ամեն ինչ խառնված է իրար:

Եվ իրոք լուրջ լրատվամիջոցները, եթե իրենց հիմնական լրահոսը չեն հագեցնում «դեղնավուն» տեղեկատվությամբ, ապա գոնե առանձին հատուկ ենթաբաժիններ են ստեղծում՝ այն հագեցնելով «աստղային» անցուդարձով, պատահարների մասին լուրերով եւ այլն, ինչն էլ ապահովում է կայքի դիտումների առյուծի բաժինը:

Ճար չկա՝ մեր գովազդատուներին հետաքրքրում է, թե ԶԼՄ-ների դիտումների սանդղակում տվյալ լրատվամիջոցը որ տեղում է, եւ ոչ թե այն, թե հատկապես ինչ գույնի տեղեկատվությամբ է այդ տեղը վաստակված:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *