2011.05.04,

Քննադատ

Թագավորը մերկ է

Եթե ճիշտ է այն պնդումը, որ Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք (ինչը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ (1)), հարց է առաջանում` քանի՞ «յուրաքանչյուր ոք» կկարողանա հեքիաթի երեխայի պես անկեղծ ասել՝ «թագավորը մերկ է» եւ չվախենալ, որ կկորցնի աշխատանքը, կկանգնի դատարանի առջեւ կամ հաշվեհարդարի զոհ կդառնա։

Անանուն մի անձ, օգտագործելով YouTube կայքը, 2010–ի սեպտեմբերին համարձակություն գտավ հրապարակելու հայկական բանակում տիրող բարքերի մասին աղմկահարույց տեսանյութը։ Այո՛, շատերը գիտեին, որ բանակի որոշ ստորաբաժանումներում զինծառայողները ծաղրի եւ ստորացումների են ենթարկվում, սակայն անանուն տեսանյութով հնչեցված ահազանգը լսվեց «ամենավերեւում»։ Պաշտպանության նախարարությունը քայլեր ձեռնարկեց, որոնք, հուսով եմ՝ համարժեք էին եւ նպաստեցին Հայոց բանակի ամրապնդմանը, թեեւ, իհարկե, խիստ վիճելի է փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար բանակի վերաբերյալ անանուն բացահայտումների արժեքը…

Մեկ այլ փաստ, որը շատ ավելի միանշանակ է, գոնե ինձ համար. 2008-ի մարտի 1–2–ի իրադարձություններին հաջորդեց արտակարգ դրություն եւ «արտակարգ գրաքննություն», որը, իմ համեստ կարծիքով, հակասում էր հայաստանյան բոլոր օրենքներին։ Այդ օրերի գրաքննությունը տեսած երկրում միանգամայն բնական է անանուն լրատվամիջոցներ, «սամիզդատ» ունենալու որոշ մարդկանց ցանկությունը։ Պատահական չէ, որ հենց այդ օրերին ծնվեցին մի շարք անանուն բլոգեր եւ բլոգանման լրատվամիջոցներ։

Իհարկե, առաջանում է պատասխանատվության հարց: Ի՞նչ անել, եթե անանուն բլոգը զրպարտում է, վիրավորում, ռասիստական կոչեր հնչեցնում, տարածում մանկական պոռնոգրաֆիա կամ, ասենք, հեղինակային իրավունքի խախտմամբ նյութեր է տարածում։ Եվ, ի վերջո, ի՞նչն է առաջնային՝ ցանցային անձի, բլոգերի պատասխանատվությունը, թե՞ կարծիքներ արտահայտելու ազատությունը կամ առանց սեփական անձը ռիսկի ենթարկելու՝ ահազանգ հնչեցնելու հնարավորությունը։

Իսկ մեզ չեն էլ հարցնում...

Խոշոր բլոգային հարթակները՝ WordPress–ը, Blogger-ը, LiveJournal–ը, ԱՄՆ–ում, Եվրոպայում անցնելով իրավական քաշքշուկների թոհուբոհով, իրենց անվճար ծառայություններից օգտվողներին որոշակի պայմաններ են առաջադրում։ Դրանցում, մասնավորապես, ասվում է, որ եթե բլոգում վիրավորական, ռասիստական, հեղինակային իրավունք խախտող նյութեր տեղադրվեն եւ դրանց վերաբերյալ բողոքներ հնչեն, այն կարող է փակվել։ Ավելին, կոնկրետ LiveJournal–ի (2) դեպքում ամերիկյան դատարանի վճռով իրավապահներին կարող են տրամադրվել բլոգի հեղինակի մասին բլոգային ծառայությանը հայտնի տվյալները՝ էլ–փոստի հասցեն, հեռախոսահամարները, իրական անունը, IP հասցեն։

Մյուս կողմից էլ՝ LiveJournal–ում գրանցվելիս ոչ ոք չի ստիպում ձեր իրական տվյալները տալ, գրանցել ձեր առաջնային էլ–[[wysiwyg_imageupload:58:]]փոստի հասցեն։ Իսկ բլոգ կարելի է մուտք գործել Tor զննարկիչի կամ IP հասցեն սքողող այլ միջոցների, օրինակ՝ պրոքսի սերվերների միջոցով, եւ մնալ լիակատար անանուն։

Անանունե՞լ, թե՞ չանանունել

Վերջում կփորձեմ դասակարգել այն դեպքերը, երբ անանուն բլոգ վարելը կարող է անհրաժեշտ եւ արդարացված համարվել։ Ցուցակն իհարկե վերջնական չէ եւ ներկայացվում է ընթերցողի դատին ու լրացմանը։

  1. Անձնական կյանքի գաղտնիություն, անվտանգություն  
    Անանուն բլոգը հնարավորություն է տալիս առանձնացնել մարդու անձնական կյանքը, կարիերան նրա բլոգային անձից։ Օրինակ՝ հայաստանյան անանուն բլոգերից Ծիծեռնակը, որն աջակցում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին, իր բլոգում անվարան հրապարակում է այնպիսի նյութեր, որոնք կարող էին դատական հայցերի առիթ դառնալ։ Անանուն մնալը կարող է անձնական անվտանգության երաշխիք դառնալ այն բլոգերի համար, ով գրում է հասարակության մեջ որոշակի կարծրատիպերի հետ ասոցացվող թեմաների մասին՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռական կողմնորոշում, ազգային կամ կրոնական փոքրամասնություններ եւ այլն։
  2. Աշխատավայրում խնդիրներից խուսափելու ձգտում
    Անանուն բլոգ վարելը կարող է օգտակար լինել այնպիսի բլոգերին, ով պատրաստվում է հանրային նշանակություն ունեցող խնդիրների շուրջ մերկացնող բացահայտումներ անել (օրինակ՝ գրել կոռումպացված վերադասի կամ սննդի արտադրության ձեռնարկությունում ոչ ադեկվատ հիգիենիկ պայմանների մասին)։ Ընդ որում՝ մնալով անանուն՝ բլոգերը ոչ միայն ինքն իրեն է պաշտպանում, այլեւ իր գործատուին, քանի որ ստիպված չէ մտածել, որ արտահայտած տեսակետները կարող են գնահատվել որպես գործատուի պաշտոնական տեսակետներ։
  3. Անկաշկանդության եւ ազնվության ազդակ
    Անանուն բլոգ վարելը որոշ դեպքերում թույլ է տալիս ավելի ազնիվ լինել, քան եթե բլոգը անվանական լիներ։ Այսպես, եթե բլոգը խիստ անձնական, օրագրային ոճի է, եւ հոդված է հրապարակում ընտանեկան հարաբերությունների մասին, անանուն լինելը միայն կօգնի ավելի բաց եւ ազատ լինել գնահատականներ հնչեցնելիս։  
  4. Անձնավորում եւ բլոգային բնավորություն
    [[wysiwyg_imageupload:59:]]Անանուն բլոգինգը հնարվորություն է տալիս մտնել տարբեր կերպարների մեջ, արտահայտել բլոգերի անհատականության այս կամ այն ասպեկտը որոշակի գրոտեսկային դրսեւորումներով եւ այդպիսով բարձրացնել բլոգի գրավչությունը, դրան որոշակի գեղարվեստական երանգ տալ։ Որեւէ մեկը կարող է գեղարվեստական բլոգ վարել, որում իրեն կներկայացնի որպես Սուպերմեն կամ  Քվազիմոդո, կամ քաղաքական բլոգ՝ որտեղ ինքը կլինի Փիղ կամ Ոզնի։ Ընդ որում՝ հաճախ նման «կերպարային» բլոգերները անանուն են միայն անծանոթների համար, եւ նրանց բլոգների կանոնավոր այցելուները, որպես կանոն, շատ շուտով կռահում են, թե ում հետ գործ ունեն։
     
    Շարունակելի… 

(1) ՀՀ Սահմանադրություն, էլեկտրոնային տեքստը ըստ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի, 2011թ. ապրիլի 17–ի դրությամբ, http://president.am/library/constitution/arm/?chapter=2&pn=3
(2) LiveJournal բլոգային հարթակի ծառայություններից օգտվելու պայմաններ, 2011թ. ապրիլի 17–ի դրությամբ, http://www.livejournal.com/legal/tos.bml

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *