2015.04.29,

Նյուսրում

«Freedom House». Հայաստանում մամուլը շարունակում է մնալ անազատ

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

«Freedom House» կազմակերպությունը ներկայացրել է «Մամուլի ազատություն 2015» զեկույցը, որի համաձայն՝ 2014 թվականին աշխարհում մեդիայի վիճակը կտրուկ վատթարացել է՝ հասնելով վերջին 10 տարիների ընթացքում ամենավատ ցուցանիշին:

Զեկույցում նշվում է, որ լրագրողներն ամբողջ աշխարհում ավելի շատ սահմանափակումների են բախվել կառավարությունների, գրոհայինների, հանցագործների եւ մեդիա սեփականատերերի կողմից: Մամուլի ազատության անկմանը նպաստող հիմնական գործոնները մեդիայի սահմանափակումներ մտցնող օրենքներն են (հաճախ ազգային անվտանգության հողի վրա) եւ օտարազգի լրագրողների՝ տվյալ երկիր մուտք գործելու կամ այդ երկրում ազատորեն աշխատելու հնարավորության սահմանափակումները:

«Նախորդ տարվա ամենամտահոգիչ իրադարձություններից մեկը ժողովրդավար երկրների պայքարն էր ավտորիտար ռեժիմների եւ զինված խմբավորումների դեմ: Վտանգ կա, որ որպես հակաթույն՝ ազնիվ եւ օբյեկտիվ լրագրություն խրախուսելու փոխարեն ժողովրդավար երկրները կդիմեն գրաքննության եւ քարոզչության»,- ասել է զեկույցի ղեկավար Ջենիֆեր Դանհեմը:

Այս տարի եւս Հայաստանը անազատ մամուլ ունեցող երկրների շարքում է՝ 61 միավոր ցուցանիշով: Նախորդ տարի մամուլի ազատության ցուցանիշը 62 միավոր էր: («Freedom House»-ի գնահատականի դեպքում թիվը որքան մոտ է 0-ին, այնքան վիճակն ավելի բարենպաստ է:)

Զեկույցի համաձայն՝ չնայած արտահայտման ազատության սահմանադրական երաշխիքներին՝ մամուլի ազատության սահմանափակումները պահպանվում են:

«Իշխանությունները ոչ ֆորմալ կերպով ճնշում են գործադրում՝ հայաստանցիների մեծամասնության համար տեղեկատվության հիմնական աղբյուրը՝ հեռարձակող մեդիան, վերահսկողության տակ պահելու նպատակով»,- ասվում է զեկույցում:

«Freedom House»-ը նշում է, որ Հայաստանում գոյություն ունեն երկու հանրային եւ տասնյակ մասնավոր հեռուստաալիքներ՝ հեռարձակման տարբեր աստիճանի հասանելիությամբ: «Օրենքի համաձայն՝ քաղաքական կուսակցություններին արգելված է վերահսկել կամ ունենալ հեռուստաալիքներ, թեեւ ալիքների մեծ մասի սեփականատերերը սերտ կապեր ունեն կառավարության հետ՝ այդպիսով լուրերի հեռարձակումը դարձնելով քաղաքական»:

Freedom_House_Armenia_2015

Մեդիային վերաբերող օրենսդարության փոփոխությունները ներկայացնող հատվածում նշվում է. «Մայիսին դատախազությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ ընթացիկ քրեական գործի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը քրեական հանցագործություն է, ինչը բացասական ազդեցություն է թողել լրագրողների աշխատանքի վրա:

Թեեւ 2010 թվականին զրպարտությունն ապաքրեականացվել է, «զրպարտություն եւ վիրավորանք» քաղաքացիական հանցագործությունը շարունակում է քաղաքական զենք լինել ավանդական մեդիայի դեմ: 2014 թվականի առաջին կեսին լրագրողների դեմ զրպարտության 8 հայց է ներկայացվել դատարան (2013-ի առաջին կեսին ներկայացվել էր 16 հայց): Լրագրողների նկատմամբ բռնությունը շարունակում է խնդիր մնալ. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի համաձայն՝ 2014 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 7 դեպք է եղել»:

«Freedom House»-ն արձանագրել է նաեւ հաղթանակներ: Օրենքի նախագիծը, որն առաջարկում էր լրատվամիջոցներին պատասխանատվության ենթարկել կեղծ կամ զրպարտչական տեղեկատվության վերահրապարակման կամ օգտատերերի մեկնաբանությունների համար, հանվել է խորհրդարանական քննարկումից:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում տարվա ընթացքում ավելացել է օնլայն լրատվամիջոցները թիվն ու բազմակարծությունը, մեծացել է լսարանը՝ ավանդական մեդիայի հաշվին: Զեկույցն արձանագրել է նաեւ, որ օնլայն լրատվականներն ավելի մեծ խմբագրական, ֆինանսական եւ վարչական անկախություն ունեն:

2014 թվականին գնահատված 199 երկրներից միայն 63-ում է մամուլն ազատ, 71-ում մամուլը մասնակի ազատ է, իսկ 65-ը՝ անազատ: Կազմակերպությունը աշխարհի երկրները դասակարգել է ըստ տարածաշրջանների՝ Եվրոպա, Եվրասիա, Միջին Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա, Ամերիկաներ, Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, Աֆրիկայի ենթասահարյան պետություններ:

Եվրոպայում ամենաազատ մամուլը Նորվեգիայում եւ Շվեդիայում է (10-ական միավոր), ամենաանազատը՝ Թուրքիայում (65 միավոր): Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ազատ մամուլ ունեցող միակ երկիրը Իսրայելն է (30 միավոր), իսկ ամենաանազատը՝ Իրանը եւ Սիրիան (90-ական միավոր):

Ամերիկաներում ամենաազատ մամուլը Սուրբ Լուսիայում է (15 միավոր), իսկ աամենաանազատը` Կուբայում (40 միավոր): Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամենաազատ մամուլ ունեցող երկիրը Պալաուն է (15 միավոր), իսկ ամենաանազատը` Հյուսիսային Կորեան (97 միավոր):

Աֆրիկայի ենթասահարյան պետությունների շարքում ամենաազատ մամուլն ունի Քեյփ Վերդեն (27 միավոր), իսկ ամենաանազատը՝ Էրիթրեան (94 միավոր):

Եվրասիան միակ տարածաշրջանն է, որտեղ ազատ մամուլ ունեցող երկիր չկա: Մամուլի ազատության առումով ամենաբարենպաստ վիճակը Վրաստանում է (48 միավոր՝ մասնակի ազատ), ամենաանբարենպաստը՝ Ուզբեկստանում (95 միավոր` անազատ):

Այսպիսով, աշխարհի ամենաազատ մամուլ ունեցող երկրներն են Նորվեգիան եւ Շվեդիան, իսկ ամենանազատը՝ Հյուսիսային Կորեան:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *