Երեւանի դիմագիծը ապրիլի վերջին օրերին կտրականապես փոխվեց:
Փողոցների, պուրակների, շենքերի զարդարանքն ու արտաքին գովազդային վահանակներն ի ցույց դրեցին ոչ թե սպառման ենթակա ապրանքներն ու ծառայությունները, այլ մեկ ընդհանուր թեմա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Հանրային բոլոր վայրերում քաղաքն իր բնակիչներին ու հյուրերին ուղարկում է Ցեղասպանության հետ առնչվող ուղերձներ:
Երբեմն նույն փողոցում կամ շենքի վրա կարելի է տեսնել այնպիսի ոճային ու գունային բազմազանություն, որ տպավորություն է ստեղծվում, թե մի պաստառը հակասում ու բացառում է մյուսը:
Երեւանում կարելի է տեսնել ավտոմեքենաներ, որոնք զարդարված են երեք-չորս անմոռուկի ինքնասոսնձվող պատկերով, վահանակների շարաններ, որոնք անմոռուկի դաշտ են հիշեցնում:
Երեւանի բոլոր գրավոր, պատկերային ու նախշազարդ պաստառները ստեղծում են մի մեծ ինֆորմացիոն խառնարան, որն ավելի շուտ ոչ թե տեղեկացնում կամ էմոցիանալ լիցքեր է փոխանցում, այլ պարզապես ռմբակոծում է ֆրագմենտների քանակով ու անպատեհ կիրառմամբ:
Մեծ ու փոքր անմոռուկները հայտնվել են ոչ միայն տրանսպորտի, խանութների, ռեստորանների դռների ու պատուհանների վրա, այլեւ լրատվամիջոցների լոգոտիպերի կողքին: Առցանց լրատվամիջոցներ կան, որ Հայոց ցեղասպանության հետ առնչվող նյութերը խմբավորում են՝ պիտակավորելով դրանք անմոռուկի նշանով:
Հեռուստաալիքները էկրանի տարբեր հատվածներում անմոռուկ են տեղադրում, անգամ՝ մի քանի հատ: Նույնիսկ՝ շարժվող: Մի դեպքում էլ էկրանի վրա Հայոց ցեղասպանության զոհերի թիվն է աճում, ենթադրաբար ապրիլի 24-ին մեկուկես միլիոն դառնալու նպատակով:
Միայն տպագիր մեդիայի եւ ռադիոյի դեպքում անմոռուկի ներկայությունը այդքան ակնհայտ չէ: Ընդհանուր առմամբ մեդիայի բոլոր տեսակի դրսեւորումներում այս ամիս մանուշակագույնի հաղթարշավը Հայաստանում կայացած փաստ է:
Նունե Հախվերդյան
Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: