Ամբողջ աշխարհում ճգնաժամերն ավելի հաճախակիացել ու բարդ բնույթ են ստացել: Համապատասխանաբար, մեդիայի համար էլ դժվարացել է թեմայի լիարժեք լուսաբանման ապահովումը: Հակամարտության գոտիներում ամենահետաքրքիր իրադարձությունները հաճախ տեղի են ունենում պոստ ֆակտում, երբ տարածքում մեդիայի ներկայացուցիչներ այլեւս չկան:
Արեւելյան Ուկրաինայի զինված հակամարտությունը, Փարիզում «Շառլի Էբդո»-ի դեմ իրականացված հարձակումը, Սիրիայում գրեթե 4 տարի շարունակվող պատերազմը, արեւմտյան Աֆրկայում «էբոլա» համաճարակի տարածումը, «Իսլամական պետության» (ISIS-ի) կողմից մարդկանց զանգվածային սպանությունները: Սա վերջին շրջանում աշխարհաքաղաքական ճգնաժամերի անավարտ ցանկն է, որոնց լուսաբանումը մարտահրավեր է արեւմտյան լրատվամիջոցների համար:
Զանգվածային մեդիան այլեւս չունի ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ աշխարհում ընթացող ճգնաժամերի լուսաբանման համար: Օրինակ, Էբոլայի տարածման սկզբնական շրջանում համաշխարհային մեդիան ուժերը կենտրոնացրեց արեւմտյան Աֆրիկայում, բայց կարճ ժամանակ անց սկսեց գնալ այլ ճգնաժամի հետքերով: Ու այսօր այդ թեմայով լրագրողական նյութեր նույնիսկ աշխարհի առաջատար ԶԼՄ-ներում հազվադեպ են հայտնվում:
Առկա ճգնաժամերի ու դրանց լուսաբանման բարդությունների ֆոնին արեւմտյան ավանդական մեդիայի ներկայացուցիչները փորձում են մարտահրավերներին պատասխանել՝ լրագրության մեջ նոր ուղղություններ ներդնելով:
«CODA Story»-ն ճգնաժամերի լուսաբանման համար նախատեսված ինտերնետային հարթակ է, որը նախորդ տարվա լավագույն նախագծերի թվում էր: Կայքի հիմքում որեւէ ճգնաժամի երկարատեւ ու հետեւողական լուսաբանման գաղափարն է:
Թբիլիսիի «Frontline Georgia» ակումբում կայքի մասին մանրամասներ ներկայացրեց «BBC»-ի թղթակից Նատալյա Անթելավան, ով նախագծի հեղինակներից է: Նրա կարծիքով՝ զանգվածային մեդիայում նման հարթակների բացը դեռ առկա է:
«Վառ օրինակ է ռուս-վրացական պատերազմը: 2008 թվականին Վրաստան ժամանեցին բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Բոլորին թվում էր, թե պատերազմն ավարտվել է, եւ ուշադրությունն այլ խնդիրների վրա կենտրոնացրին: Արդյունքում խորը լուսաբանում այդպես էլ չեղավ»,- հանդիպման ժամանակ ասաց Նատալյա Անթելավան:
«Frontline Georgia»-ում հավաքվածները նաեւ հետաքրքրվեցին, թե ճգնաժամերի լուսաբանման արդյունքում ինչու է մեդիան «հիմար» իրավիճակում հայտնվում՝ խուսափելով գնահատականներ տալուց ու իրերն իրենց անուններով կոչելուց:
«Իսկ ո՞վ պետք է բնորոշումներ տա, եթե ոչ թեման լուսաբանող մեդիա դաշտը»,- լսարանից հնչեց հարցը:
Պարզվում է, որ մեդիայի հաճախակի անդրադարձը թեմային բավարար չէ հանրության համար. նաեւ ազնիվ լուսաբանման պահաջ կա: Սակայն այն, ինչ հանրությունն անվանում է իրադարձության ազնիվ լուսաբանում, լրագրողների կարծիքով կարող է կողմնակալություն համարվել:
Հեղինակ՝ Թամար Սվանիձե
Բնօրինակը հրապարակվել է media.ge կայքում
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: