2015.02.03,

Նյուսրում

Գյումրեցի լրագրողներն արտասուքի ու համերաշխության մասին

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Հունվարի 12-ին Գյումրիում կատարված՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությանը հաջորդող օրերին Գյումրիի լրատվամիջոցները շատ ակտիվ աշխատեցին: Նրանք տեղեկատվության աղբյուր դարձան ոչ միայն հայաստանյան, այլեւ արտասահմանյան լրատվամիջոցների համար:

«Ինձ համար լարվածությունը կայանում էր մի փոքր չհասցնելու մեջ, որովհետեւ մենակ էի աշխատում, պետք էր հասցնել եւ՛ տեղեկությունները ստուգել, եւ՛ ասուլիսներին մասնակցել, եւ՛ տարբեր հանդիպումների գնալ, որոնք կազմակերպվում էին դեպքերի հետ կապված: Իմ պարագայում լուսաբանման՝ տարիների փորձ կար, հասկանում էի՝ երբ պետք է սպասել, իսկ երբ տեղեկությունն անմիջապես հաղորդել»,- ասում է «Հետքի»՝ Գյումրիի թղթակից Երանուհի Սողոյանը: 

Աշխատանքայինին գումարվել էր նաեւ հոգեբանական լարվածությունը:

«Կարծում եմ՝այդտեղ նաեւ կանացի էմոցիաները կապ ունեն: Ես 2 օր լուսաբացին արտասվել եմ: Հասկանում էի, որ էմոցիոնալ ֆոնը պետք էր հանել, որպեսզի կարողանայի շարունակել աշխատել»,- ասում է «Հետք»-ի թղթակիցը:

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության կայքի այցելությունների քանակը Գյումրիի ողբերգության օրերին մի քանի տասնյակ անգամ ավելացել էր: Կազմակերպության կայք էին այցելում ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից: 

«Մենք աղբյուր էինք թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանյան լրատվամիջոցների համար: Այս լուսաբանումն էլ տարբերվում էր նրանով, որ արագություն էր պահանջում: Իրադարձությունները շատ արագ էին զարգանում, ամեն ինչ պետք էր արագ անել, ժամանակ չկար: Դրանից որոշ չափով տուժում էին նյութերը, որովհետեւ քիչ էինք աշխատում դրանց վրա: Դեպքի վայրից նյութերն անմիջապես տեղադրում էինք կայքում»,- ասում է «Շիրակ կենտրոն»-ի նախագահ Վահան Թումասյանը:

Նրա խոսքով՝ Գյումրիի էմոցիոնալ դաշտն անդրադառնում էր նաեւ լրագրողների եւ նրանց նյութերի վրա:

«Սա այնքան մեծ ողբերգություն էր, որ չէր կարող որեւէ մեկի վրա չազդել՝ լինի դա լրագրող, հոգեւորական, թե ոստիկան: Գյումրիում գործող բոլոր լրատվամիջոցների նյութերում կար էմոցիա՝ ստույգ ինֆորմացիայի հետ նաեւ անձնական կարծիքներ էին հայտնում, էմոցիոնալ բառեր օգտագործում: Մեր նյութերում էլ կար էմոցիա»,- ասում է Վահան Թումասյանը:

«Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Նազելի էլբակյանն ասում է, որ փորձել է ամեն ինչ անել, որ զգացմունքներն իր նյութերի վրա որեւէ ազդեցություն չունենան, թեեւ լուսաբանման ընթացքում պարբերաբար արտասվել է: 

«Երբ հասա դեպքի վայր, բառ չէի կարողանում արտաբերել, որ պարզեի՝ լսածս ճիշտ է, թե ոչ: Դեպքի վայրից ուղիղ եթերում հեռախոսով տեղեկություններ հայտնելիս ակամայից արտասվում էի: Այնքան հուզված էի, որ անգամ փողոցի անունն ու հասցեն մի քանի անգամ սխալ ասացի: Եկեղեցում էլ ես ու օպերատորը չէինք դիմանում, շրջվում էինք մի պահ, որ ոչ ոք մեզ չտեսներ, մի լավ լաց էինք լինում, հետո նորից անցնում էինք գործի: Սարսափելի էր, մինչեւ այսօր ուշքի չեմ գալիս»,- ասում է Նազելի Էլբակյանը:

«Ցայգ» հեռուստաընկերության օպերատոր Արթուր Մարգարյանը, ով այդ օրերին աշխատել է Նազելի Էլբակյանի հետ, Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգիստը փակ աչքերով է նկարահանել:

«Ես շատ եմ վախենում դիակներից, բայց այդ օրերին գնացել, աշխատանքս կատարել եմ, ու փակ աչքերով նկարելուց կադրերը չեն տուժել»,- ասում է նա: 

Նազելի Էլբակյանն ասում է, որ սարսափելին ոչ միայն տեղի ունեցածն էր, այլեւ այն պատասխանատվությունը, որը զգում էր լսարանի նկատմամբ:

«Այն, որ գիտակցում ես՝ քեզանից այդքան հեռուստաընկերություն ու հեռուստադիտող ակնկալում է ինֆորմացիա, կադրեր, հարցազրույցներ: Մի քանի հեռախոսներով զուգահեռ խոսում էի՝ «Արմենիա» հեռուստաընկերությունից էին զանգում, «հ2»-ից, «Երկիր Մեդիա»-ից, «Ցայգ»-ում պարբերաբար ուղիղ եթերներ էին»,- ասում է Նազելի Էլբակյանը:

Պատասխանատվության զգացումից ելնելով՝ Նազելին եւ օպերատոր Խաչատուր Գեւորգյանը, ղեկավարությանը խաբելով, գնացել են լուսաբանելու նաեւ Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի շենքի մոտ բողոքի ցույցը, թեեւ խմբագրությունից հստակ հրահանգ էին ստացել վերադառնալ հեռուստաընկերություն:

«Որոշեցինք, որ երբ խմբագրությունից զանգեն, կպատասխանենք, որ ճանապարհները փակ են, դրա համար ենք ուշանում: Երբ զանգեցին, հարցրին՝ «ու՞ր եք», ասացինք՝ «ճանապարհին», ասացին՝ «դրա համար ե՞նք ձեզ ուղիղ եթերում տեսնում»: Վտանգավոր էր: Ստիպված եղանք հետ գնալ, բայց ցանկությունը մեծ էր մնալու, լուսաբանելու»,- ասում է Նազելի Էլբակյանը:

«Ցույցի ժամանակ մտածում էինք թե՛ մեր, թե՛ տեխնիկայի անվտանգության մասին, որովհետեւ քարերը գլխներիս վրայով թռչում էին, մի քանի լրատվամիջոցների տեխնիկան վնասվեց: Քարերից մի քանիսը մեզ էլ դիպան»,- ասում է Արթուր Մարգարյանը:

Գյումրեցի լրագրողները նաեւ եռոտանիներով եւ տեսախցիկներով կտրել են քննչական կոմիտեի ավտոմեքենաների ճանապարհը, երբ մի քանի ժամ սպասելուց հետո քննչական կոմիտեի ավտոմեքենաները դուրս են եկել Գյումրիի ռուսական ռազմաբազայից՝ առանց որեւէ պարզաբանում տալու:

«Երբ մեքենաների ճանապարհը փակեցինք, անվտանգության աշխատակիցները մոտեցան, ասացին՝ «կարգ եք խախտում, իրավունք չունեք»: Մինչեւ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը մեքենայից չիջավ՝ հարցազրույց տալու, ճանապարհը չբացեցինք»,- ասում է Արթուր Մարգարյանը:

Գյումրեցի լրագրողներն իրենց քաղաքի համար շատ կարեւոր այդ օրերին համագործակցել են Երեւանից եկած գործընկերների հետ, օգնել են կողմնորոշվել տեղանքում, ուղղորդել կամ ուղեկցել են դեպքի վայր, տեղեկատվություն են տրամադրել: Համերաշխ ու լարված աշխատանքը միավորել է լրագրողներին:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *