2015.01.15,

Քննադատ

Գյումրին՝ ուղիղ միացմամբ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հունվարի 12-ին Գյումրիում կատարված՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը, սպանության համար կասկածվողի որոնումներն ու հետաքննության ընթացքը լուսաբանելը բարդ էր բոլոր լրատվամիջոցների համար: Էմոցիոնալ ֆոնը ողջ հանրապետությունում խիստ լարված էր:

Այդ մի քանի օրերի ընթացքում հրապարակվող հոդվածներն ու ռեպորտաժներն ի զորու չէին փոխանցել ողջ պատկերը, քանի որ իրականությունն ինքնին մեծ քանակի անհայտներ ուներ:

Մինչ օրս էլ շարունակում են անպատասխան մնալ շատ հարցեր, որոնք, լայն իմաստով, կախված չեն մեդիայի օպերատիվ աշխատանքից: Ավելի շուտ կախված են մեդիայի ներկայության հետ: Կան իրավիճակներ, երբ մեդիան պարզապես պիտի լինի՝ որպես վկա, որպես համամասնակից եւ, ի վերջո, որպես վավերագրող: Ոչ թե շտապի տեղեկատվությունը ֆիլտրել, խմբագրել ու մոնտաժել, այլ պարզ ինֆորմացիոն պատուհան դառնալ: Եվ որքան լայն բացված պատուհան, այնքան ավելի պետքական՝ լրահոսին հետեւող լսարանի համար:

Լարված, հուզիչ իրավիճակում տեղեկատվություն որոնողը միշտ ձգտում է եւ՛ ցանցում, եւ՛ դասական եթերում գտնել այն ինֆորմացիան, որը միջնորդավորված չէ, այսինքն՝ առաջին ձեռքից է, եւ հետեւաբար՝ ազատ մանիպուլյացիայից:

Ինտերնետային ուղիղ միացումները՝ լայվսթրիմները հենց այդպիսի պատուհան են, որոնք բացվում են մեծ հնչեղություն ստացած ինֆորմացիոն առիթների դեպքում ու դառնում են ամենապահանջված աղբյուրը: Անշտապ, որոշ դեպքերում խոտանով եւ ոչ պրոֆեսիոնալ նկարահանված «մաքուր» իրադարձությունը ավելի համոզիչ ու հմայիչ է, քան լրագրության խիստ կանոններով պատրաստված լուրը:

Դա տոտալ մեդիայի էֆեկտն է, երբ լուրը ոչ թե արագ ու մեկնաբանությամբ է հրամցվում, այլ ժամերով ու առանց միջամտությունների է ձգվում: Ու դիտողն արդեն բոլորովին այլ կարգավիճակում է հայտնվում՝ ստիպված լինելով ինքնուրույն որոնել ինֆորմացիայի հատիկները երկար հոսքից: Իսկ դա շատ օգտակար ու հաճելի գործ է: Լայվսթրիմով հետեւողը հնարավորություն է ստանում նկատել լայն պատկերը բոլոր, թեկուզ աննշան թվացող դետալներով:

Հունվարի 14-ին Գյումրիի ռուսական ռազմաբազայի մոտ տեղի ունեցած բազմամարդ ցույցը ուղից հեռարձակեցին մի քանի մեդիա հարթակներ՝ «Ազատությունը», «Սիվիլնեթը»«1in.am»-ը, Գյումրիի՝ լրագրողների «Ասպարեզ» ակումբը, հաջորդ օրը նաեւ «Ա1+»-ը: Նրանց կազմակերպած լայվսթրիմը մեծ քանակությամբ դիտումներ ունեցավ, քանի որ մարդիկ ուզում էին տեսնել արտակարգ պայմաններում հայտնված Գյումրին ռեալ ժամանակում: Մեր հաշվարկներով մոտավորապես 250 000 մարդ է հետեւել այդ օրվա լայվսթրիմին (յուրաքանչյուր հարթակը միջինը 40-60 հազար դիտող է ունեցել):

Դա հենց պատուհանի էֆեկտն էր: Տեսածն ու լսածը տարբեր լրատվամիջոցներ ու սոցիալական մեդիա հարթակներ օգտագործեցին սեփական լրահոսը ստեղծելու կամ տարածելու համար: Կարեւոր էր, որ հղում կար իրականությանը, եւ ցանկության դեպքում այն կարելի էր միշտ ճշտել:

Հարցերը շատ էին: Ո՞վ պիտի վարի սպանության գործի նախաքննությունը (Հայաստանը՞, թե՞ Ռուսաստանը), ո՞վ է հարցաքննելու գլխավոր կասկածյալին (Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի իրավապահ մարմինները), որտե՞ղ է կատարվելու դատավարությունը եւ որտե՞ղ է կրելու պատիժը այլեւս մեղադրյալ ճանաչված ռուս դասալիք Վալերի Պերմյակովը: Եվ ընդհանրապես՝ ով ինչի համար է պատասխան տալիս:

Հարցերը ձեւակերպվում էին հենց ցույցի ժամանակ՝ ցուցարարների ու նրանց գործողություններին հետեւողների միջեւ ստեղծված կապի միջոցով (սոցցանցերի օգտատերերը նույնիսկ ուղղություններ էին տալիս՝ շտկելով դեպի ռազմաբազա տանող ճանապարհը):

Ցույցի ընթացքում ծագող հարցերը հենց տեղում էին պատասխանելու իրավասու անձանց որոնում: Օրինակ՝ Շիրակի դատախազը ցուցարարների ու հազարավոր դիտողների համամասնակցությամբ զանգահարեց ՀՀ գլխավոր դատախազին ու լռության կոչերի ներքո զրուցեց առցանց ռեժիմով:  (42:00 րոպեից)

Այս էմոցիոնալ ու պայթյունավտանգ իրավիճակում լայվսթրիմով ինչ ասես կարելի էր լսել (հայհոյանքներ, սադրանքներ, կոչեր, պարզապես աղմուկ ու հրմշտոց, հուզական խառնաշփոթ): Կարեւորը, որ երեւում էին մարդիկ, որոնք անտարբեր չեն: Եվ որոնք լրագրողների կարիքը չունեն: Լրագրողները պարզապես վավերացնում էին իրականությունը:

Տարբեր մեկնաբանություններ ենթադրող ու արագ զարգացող իրադարձությունների դեպքում, երբ զանգվածային մտահոգություն ու սպասելիք կա, ուղիղ հեռարձակումն այն գործիքն է, որը բացառում է ապատեղեկատվությունը: Իսկ դա պաշտպանություն է եւ՛ մեդիայի համար, եւ՛ մեդիայից:

Վիզուալ բովանդակությամբ հագեցած մեր կյանքում առաջնային է դառնում տեսագրության իսկությունն ու դադարների բացակայությունը, երբ նյութը չի կտրվում ու չի մոտնաժվում: Դա այն մեդիա մոդելն է, որն իր դանդաղ ու անդադար հոսքով գալիս է փոխարինելու (կամ էլ գոնե հավասարակշռելու) արագ արձագանքման լրագրությանը:

Ուղիղ միացումների հմայքը (հնարավոր է նաեւ առանց անջատումների) առավել զգացվում է լարված իրավիճակներում, երբ դեպքը զանգվածային արձագանք է ստանում: Ասենք՝ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ կարեւոր են բոլոր մանրուքները՝ ժեստերը, առոգանությունը, ֆրագմենտները, նույնիսկ՝ վրիպակները: Անգամ այն, որ տվյալ պահին ու տվյալ վայրում ոչինչ չի կատարվում: Գյումրիի ռազմաբազայի մուտքի մոտից հեռարձակվող լայվսթրիմը շուրջօրյա էլ հետաքրքիր կլիներ: Միգուցե նաեւ՝ կանխարգելիչ:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *