2014.10.31,

Նյուսրում

Մեդիագրագիտության զարգացման ուղիները Հայաստանում

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) նախաձեռնել է Հայաստանում մեդիագրագիտության զարգացման հայեցակարգի մշակումը, որի նպատակն է պետական մարմինների, դպրոցների, բուհերի, ուսումնական կենտրոնների, լրատվամիջոցների եւ շահագրգիռ այլ կողմերի հետ համատեղ հստակեցնել մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանն ուղված քայլերն ու հետագա անելիքները:
 
ՄՆԿ-ի մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանի խոսքով` մշակվող հայեցակարգը հնարավորություն կտա ընդհանուր պատկերացում կազմել  Հայաստանում մեդիագրագիտության զարգացման ուղղությունների վերաբերյալ, որոնցով շահագրգիռ կողմերը կառաջնորդվեն իրենց ոլորտներում: Հոկտեմբերի 27-28-ին Երեւանում անցկացված «Հայաստանում մեդիագրագիտության զարգացման հեռանկարները» աշխատաժողովի նպատակը հենց այդ քննարկումների սկիզբ դնելն էր:
 
«Առաջին քայլն արված է, սակայն կարիք կա դեռ աշխատանքային խմբերով քննարկելու մեր նախանշած ոլորտներում հետագա անելիքները, օրինակ՝ լրատվամիջոցների հետ կքննարկենք նրանց ներգրավվածությունը, ՀԿ-ների հետ կխոսենք ոչ ֆորմալ կրթության  մեջ մեդիագրագիտության մասին եւ այլն»,- ասում է Լուսինե Գրիգորյանը:
 
2012 թվականից սկսած` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մեդիագրագիտության դասընթացներ է փորձարկում հայաստանյան տարբեր դպրոցներում, վերապարտաստում ուսուցիչների Երեւանում եւ մարզերում:
 
ՄՆԿ-ի հրատարակած «Մեդիագրագիտություն» ուսուցչի ձեռնարկը, որը Կրթության եւ գիտության նախարարության կողմից երաշխավորվել է որպես ուսումնաօժանդակ նյութ դպրոցների համար, ներառում է մեդիայի մասին տեսական նյութեր, դասի պլաններ, տեսաձայնային նյութեր եւ համակարգչային խաղ, որը հասանելի է նաեւ օնլայն:
 
Վանաձորի Քարհանյան ուսումնական կենտրոնն այն հաստատություններից մեկն է, որտեղ փորձարկվել է մեդիագրագիտություն առարկան: Ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Թորոսյանի խոսքով` իրենց սաները շատ հետաքրքրված եւ ոգեւորված են նոր առարկայով:
 
«Նրանք ձգտում են ոչ միայն գրագետ մեդիա սպառողներ դառնալ, այլեւ տիրապետել մեդիա գործիքներին, սովորել ինքնուրույն մշակել ձայնը, նկարահանած նյութը»,- ասում է նա:
 
Ինֆորմատիկայի ուսուցչուհին պատմում է, որ երեխաները սոցիալական ցանցերում սկսել են լուսաբանել կենտրոնի անցուդարձը:
 
«Տեսանյութերի կամ նկարների միջոցով փորձում են ներկայացնել հյուրերի այցերը կամ այլ միջոցառումներ: Եթե նախկինում նկարները հենց այնպես էին վերբեռնվում, ապա այժմ դրանք ուղեկցվում են իրադարձության մասին պատմող գրառումներով»,- ասում է Անուշ Թորոսյանը:
 
«Մանանա» ուսումնական կենտրոնն արդեն 20 տարի է` զբաղվում է մեդիակրթությամբ: Լրագրության, ֆոտոլրագրության, կինոյի եւ անիմացիայի դասընթացների շրջանակներում` կենտրոնը նպատակ ունի մեդիագրագետ եւ մտածող ակտիվ քաղաքացի ձեւավորել:
 
«21-րդ դարի գրագիտությունը հենց մեդիագրագիտությունն է, որովհետեւ հիմա մեդիան է ձեւավորում մարդուն` նրա աշխարհայացքը, ընկալումները: Եվ մեդիակրթության որակից է կախված, թե ինչպիսին կլինի մարդը հասարակության մեջ»,- ասում է «Մանանա» ուսումնական կենտրոնի տնօրեն Ռուզան Բաղդասարյանը:
 
Նրա խոսքով` մեդիակրթությունն օգնում է երեխաներին զանազանել մեդիայի իրականությունն ու կեղծիքը եւ կաղապարներից դուրս մտածել:
 
«Մեդիակրթությունը տալիս է այդ արդյունքը: Երեխան ոչ միայն սովորում է գրագետ գրել եւ մտքերը ձեւակերպել, այլեւ սկսում է տեսնել իր շրջապատի խնդիրներն ու վեր հանել դրանք»,- ասում է Ռուզան Բաղդասարյանը:
 
Մեդիագրագիտությունը տեղեկատվությունը ստանալու, վերլուծելու եւ գնահատելու, ստեղծելու եւ տարածելու կարողությունն է: Քննադատական մտածողությունը մեդիագրագիտության հիմքն է, այն օգնում է մեդիա օգտագործողին տարբերել քարոզչությունը լրատվությունից, կարծիքը` փաստից, ճիշտ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում եւ կարողանալ օգտագործել մեդիա գործիքները` սեփական իրավունքները իրացնելու համար:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *