2014.07.28,

Տեսակետ

«Եթե պրոֆեսիոնալ լուսանկարիչը լավ տեխնիկա չունենա, կպարտվի»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լուսանկարիչ Յուրի Մեչիտովը ապրում է աշխարհիի ամենակալորիտային ու աշխույժ քաղաքներից մեկում` Թբիլիսիում, որի համն ու հոտը, բնակիչներն ու առօրյան վավերացնում է լուսանկարներում: Լինելով հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ընկերն ու անձնական լուսանկարիչը, Յուրի Մեչիտովը մեզ է թողել այդ հանճարեղ բեմադրիչի (և ոչ միայն ֆիլմերի, այլև ընդհանրապես կյանքի բեմադրիչի) լուսանկարների հիանալի շարան: Եվ պատահական չէ, որ այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի առանցքում Փարաջանովի 90-ամյա հոբելյանն էր,  հրավիրել էր նաև Յուրի Մեչիտովին, ում ամենահայտնի հեղինակային լուսանկարը`«թռչող» Փարաջանովը, դարձավ փառատոնի սիմվոլը:

Հիմա տեխնիկան այնքան է պարզեցվել, հեշտացել, որ ցանկացած ոչ պրոֆեսիոնալ կարող է լավ լուսանկարներ անել: Պրոֆեսիոնալ լուսանկարիչը ինչպե՞ս է դիմակայում այս պայմաններում:

Յուրաքանչյուր մարդ, ով կարող է իրեն թույլ տալ թանկ օպտիկա ձեռք բերել, առավելություն է ստանում, իսկ պրոֆեսիոնալի որակավորումը սկսում է սասանվել: Կան այնպիսի ոլորտներ, որտեղ եթե նորագույն, որակյալ տեխնիկա չունենաս, կպարտվես: Լուսանկարիչությունը հենց այդ ոլորտներից է:

Անընդհատ վեճեր են ընթանում այն մասին, արդյոք լուսանկարչությունը արվեստ է թե արվեստ չէ:

Կարող եմ այսպես ասել. լուսանկարչությունը արհեստ է: Այն ընդամենը միջոց է արվեստ ստեղծելու համար: Կարող ես անգամ դատարկ տուփով կամ կոտրած ապակե կտորով արվեստ ստեղծել և այդպես արտահայտել քո անհատականությունը: Բայց եթե անհատականություն չես, ոչ մի թանկարժեք խցիկ քեզ չի օգնի:

Լուսանկարների մշակման հազար ու մի ծրագիր գոյություն ունի, որոնցով կարող ես կադրը շտկել, կատարելագործել, մթնեցնել կամ գունաթափել և էլի միլիոնավոր բան անել: Եվ ստացվում է, որ ցանկացած մարդ հնարավորություն է ստանում տարբեր անհատականություններից մեկը իրենը դարձնել: Հիմա այդպիսի ժամանակ է, սպառողական:

Բա՞րդ չէ այդ արհեստով գումար վաստակել:

Իհարկե, բարդ է: Գումար կարելի է աշխատել, ասենք հարսանիքներ նկարահանելով: Բայց հետաքրքիր է, որ անգամ այդ ժամանակ գործողությունների ազատություն չունես: Ենթադրենք, ուզում ես լուսանկարել թե ինչպես են կտրում հարսանեկան տորթը, բայց կադրում անպայման հայտնվում են մի քսան ոգի, որոնք նույնը նկարում են իրենց բջջային հեռախոսներով: Նրանք ֆիքսում են իրադարձությունը, իսկ դու փորձում ես կերպար որսալ: Սա է տարբերությունը: Եվ ասեմ, որ դա բավականին լուրջ տարբերություն է:

Հայաստանում լուսանկարներ անո՞ւմ եք:

Անընդհատ: Հայաստանում ինձ հետաքրքիր է ամեն ինչը, և պատճառը ոչ միայն իմ որոշակի հայկական արմատներն են: Ընդհանրապես ազգությունն ինձ համար լուրջ փաստարկ չէ, ես ազգության իմ սեփական բնորոշումն ունեմ, որը Ստալինի արված բնորոշումից շատ տարբեր է:

Ինձ համար ազգությունն այն իռացիոնալ բեռն է, որը մարդը կրում է իր ողջ կյանքում: Դա ցավերի, տագնապների, հիացմունքների, հպարտությունների բեռն է, որը կուտակվել է դարերի ընթացքում: Եվ հիմնականում դրանք ֆեյքեր են, հորինվածքներ:

Չէ՞ որ մենք ինքներս էլ հորինված աշխարհում ենք ապրում: Եվ եթե այդ հորինվածքները համարում ես քոնը, արձագանքում ես դրանց, արժևորում, ուրեմն այդ ազգության մասնիկն ես: Եթե քեզ համար Արշակ Երկրորդը, Արա Գեղեցիկը, Եղեռնը կարևոր են, դու հայ ես:

Եվ երբ հարցնում են` դուք վրացի՞ եք, թե՞ հայ, պատասխանում եմ` պատկերացրեք, որ կենդանաբանական այգում եք, որտեղ ամեն վանդակի վրա ազգություն է նշված: Վանդակներում կարելի է շատ հարմարավետ ու երկար ապրել, բայց ես գերադասում եմ դուրս լինել: Դա ո’չ լավ է, ո’չ` վատ, պարզապես վիճակ է:

Երևի թե այդ վիճակի լավագույն մարմնացումը հենց Սերգեյ Փարաջանովն էր, որ միշտ վեր էր ե՛ւ ազգությունից, ե՛ւ ընդունված կանոններից:

Փարաջանովն, իհարկե, նվազագույն չափով հայկական ինքնազգացողություն ուներ, բայց նրա ընտանիքում հայերեն չէին խոսում ու Կոմիտաս չէին լսում: Երբ 1967 թվականին տապալվեց նրա «Կիևյան որմնանկարներ» ֆիլմը և Փարաջանովին արգելվեց ֆիլմեր նկարահանել, նա Հայաստան եկավ, տեսավ ու զգաց, թե ինչ է շշմելու վանքերով հարուստ այդ քարաստան երկիրը: Եվ դրանից հետո ծնվեց «Սայաթ-Նովան»:

Ընդհանրապես կյանքը լի է զուգադիպություններով: Լավ բաների համար մենք միշտ շնորհակալ ենք Աստծուց, իսկ վատ բաների համար հենց նրան էլ կշտամբում ենք:

Իմ կյանքում բախտորոշ զուգադիպություններն այնքան շատ են եղել, որ ոչ մի հանդիպում կամ դեպք չի ստացվի ջնջել: Մարդկային հանդիպումներից է կազմվում մեր կյանքի գիծը ու ի վերջո, թույլ տալիս մեզ կայանալ: Եվ ես շատ շնորհակալ եմ, որ իմ կյանքում եղել է Սերգեյ Փարաջանովը:

533
«Թռչող» Փարաջանովի ձեր լուսանկարը ամենահայտնին է աշխարհում, այն Թբիլիսիում տեղադրված արձանի հիմքն է, իսկ այս տարի նաև «Ոսկե ծիրանի» խորհրդանիշը: Հետաքրքիր է, ինչպե՞ս են գործում հեղինակային իրավունքները հենց այդ եզակի ֆոտոյի դեպքում: Տպավորություն է, որ այն պիտի ոչ միայն համբավ, այլև եկամուտ բերի հեղինակին:

Երևի զարմանալի է, բայց այդ լուսանկարը ինձ անգամ մի գրոշ չի բերել, եթե չհաշվենք այն դեպքը, երբ մի շվեյցարացի 50 եվրո վճարեց պլակատի վրա այն վերատպելու համար: Իհարկե, ես հասկանում եմ, որ պետք է հետևողական լինել ու հեղինակային իրավունքները պաշտպանել, բայց կարծում եմ, երբ խոսքը մեկանգամյա օգտագործման մասին է, երբեմն կարելի է խախտումների վրա աչք փակել:

Իսկ երբ հեղինակային լուսանկարը բրենդի մաս է դառնում, անպայման պետք է փոխհատուցում պահանջել: Ի վերջո, եթե կազմակերպությունը ծախսեր է անում, գոնե սիմվոլիկ գումար պետք է նախատեսի նաև լուսանկարի հեղինակին:

Ես եկա Երևան և հետո միայն տեսա, որ «Ոսկե ծիրանն» իմ լուսանկարն է օգտագործել որպես այս տարվա փառատոնի խորհրդանիշ: Պոստ ֆակտում վիճաբանություն սկսելը իմ կողմից տգեղ կդիտվեր: Իհարկե հաճելի է, որ իմ լուսանկարն է ընտրվել, բայց կարծում եմ` կարելի էր առնվազն թույլտվություն խնդրել: Ամեն դեպքում, ես ուրախ եմ, որ նաև իմ արված լուսանկարի շնորհիվ է Սերգեյ Փարաջանովը շարունակում ապրել ու ճախրել:

Իսկ ինչպե՞ս եք ամրագրում հեղինկային իրավունքները ինտերնետում:

Իմ բոլոր լուսանկարը կան ցանցում, շատերն անգամ ուրիշների ազգանուններով են տարածվում: Եթե սկսեմ հեղինակային իրավունքների խախտումների բոլոր դեպքերով զբաղվել, կյանքս չի հերիքի: Ես որոշել եմ դրանով ընդհանրապես չզբաղվել: Պարզապես երբ նոր լուսանկարներ եմ անում, աշխատում եմ օգտագործել այն ֆորմատը, որը թույլ է տալիս հետագայում ապացուցել, որ լուսանկարները իմն են: Նաև միշտ հույս ունեմ, որ այն խմբագրությունները, որոնց հետ համագործակցում եմ, բարեխիղճ կգտնվեն ու կպահպանեն հեղինակային իրավունքները:

Հիմա մեր իրականությունն այնպիսին է, որ չես կարող հետևել ամեն ինչին: Իսկ եթե չես կարող, ավելի լավ է հրաժարվես այդ մտքից ու այլ գործերով լցնես կյանքդ:

Իսկ սոցիալական ցանցերը ձեր կյանքում դեր խաղու՞մ են:

Գիտեք, սոցիալական ցանցերը ես նմանեցնում եմ մի կնոջ, որը լայն բացել է իր ոտքերն ու իրեն առաջարկում է անխտիր բոլորին: Ամեն օր «Ֆեյսբուքով» ընկեր դառնալու հարյուրավոր առաջարկներ էի ստանում, դա շատ խորթ էր ինձ համար, քանի որ կարծում եմ դրանով արժեզրկվում է շատ թանկ ու կարևոր «ընկեր» բառը: Ցանցում ընկերը ոչինչ է:

Էլ չեմ խոսում լուսանկարների տարափի մասին: Ով ինչ կերավ, լուսանկարում է ու դնում ցանցում: Հետո լուսանկարում է, թե ինչ արեց ուտելուց հետո: Մի՞թե ես իմ կյանքում այդքան վատություն եմ արել, որ ամեն օր ստանամ այդ աղբը:

Երևի սոցիալական ցանցերի օգտագործման լավագույն ձևը շատ նեղ ու մտերիմ ընկերախումբ ստեղծելն է, որտեղ դու անձամբ ճանաչում ես բոլորին ու նրանց կարծիքը քեզ համար նշանակություն ունի: Աշխարհում ահռելի քանակի պատկերներ գոյություն ունեն և այդ հեղեղին ինչ-որ նոր, միջակ բան ավելացնելու իմաստ չեմ տեսնում: Ոչ միջակ ֆոտոները հազվադեպ են ստեղծվում, իսկ ստեղծվելու դեպքում էլ նրանց տեղը հաստատ համացանցը չէ:

Մենք իրոք ամեն անկյունից ռմբակոծվում ենք պատկերներով:

Սպառողական հասարակությունը միշտ էլ ավելի հեշտ է սպառում պատկերը, այսպես ասած`«կարդում» է պատկերն ավելի արագ, քան տեքստը:

Ընդհանրապես լուսանկարները երկու տեսակի են լինում. առաջին տեսակը շատ երկար, գրեթե հավերժ է ապրում, իսկ մյուսը այսօր դիտվում է, իսկ վաղը արագ մոռացվում, քանի որ ոչ մեկին պետք չէ:

Լուսանկարչական դպրոցում, որտեղ դասավանդում եմ, մենք ընդգծում ենք, որ լավ լուսանկարը 10 իմաստային շերտ պետք է ունենա: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ բոլորը միանգամից երևան ու կարդացվեն: Որոշ շերտեր պետք է գաղտնիք մնան, չծամվեն մինչև վերջ ու արագ մարսվեն: Արվեստն, ի վերջո մինչև վերջ չասելն է: Այդ դեպքում է ծնվում էվրիստիկան, կռահումը, հրաշքը:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *