Դասական գրականության մեջ լրագրողների կերպարների օգնությամբ հեղինակները բարձրացրել են սոցիալական անարդարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ թեմաներ։ Այս հոդվածում առանձնացրել ենք արդեն երկրորդ ցանկը (առաջինը հասանելի է այստեղ) համաշխարհային գրակությունից, որոնց առանքում լրագրողն է կամ լրագրությունը՝ իր բոլոր դրսևորումներով։
Օնորե դը Բալզակ․ Կորսված պատրանքներ
Վեպի գլխավոր հերոսը՝ Լյուսիեն Շարդոնը, աշխատում է որպես լրագրող: Լինելով աղքատ ընտանիքից, Շարդոնը մտածում է, թե ինչպես գումար վաստակել և ցանկանում է թագավորական կարգադրությամբ ստանձնել դե Ռուբեմպրեսի ազգանունն ու զինանշանը: Նա ազատական ընդդիմադիր մամուլից անցում է կատարում դեպի ռոյալիստական թերթեր, որոնք աջակցում են կառավարությանը: Դավաճանության այս արարքը նրան բերում է իր նախկին լրագրող գործընկերների անխնա ատելությունը։
Չարլզ Դիքենս․ Դեյվիդ Քոփերֆիդ
Սա ինքնակենսագրություն է, որը Դիքենսը գրել է երրորդ դեմքով։ Դեյվիդը խորհրդարանում աշխատում է որպես լրագրող, իսկ վեպի հերոսներից Միկաբրը, պարբերաբար հետաքննություններ է անցկացնում և փաստաթղթեր է հավաքում որպես «հրապարակախոս»: Դիքենսը նկարագրում է իր՝ գրող դառնալու բավական խրթին ճանապարհը։
Ուիլյամ Մեյքփիս Թաքերեյ․ Ունայնության տոնավաճառ
Գրքում ներկայացված են Բեքի Շարփի և Ամելիա Սեդլիի կյանքը Նապոլեոնյան պատերազմների ընթացքում և դրանցից հետո: Լրագրողների և խմբագիրների երգիծական պատկերների շնորհիվ ներկայացված է մի ամբողջ ժամանակաշրջան, որը ցուցադրում է նաև բրիտանական մամուլի բարոյականության սանդղակը։
Արթուր Կոնան Դոյլ․ Կորուսյալ աշխարհը
Սա գիտաֆանտաստիկ վեպ է, որում նկարագրվում են բրիտանական արշավախմբի արկածները Հարավային Ամերիկայում՝ Ամազոնյան ջունգլիներում, որտեղ նրանք հայտնաբերում են դինոզավրներով և իրար դեմ պատերազմող կապկամարդկանցով և տեղաբնիկ հնդկացիներով լի մի աշխարհ։ Արշավախմբի աշխատանքները լուսաբանելու է մեկնում Էդվարդ Մալոն ՝ տեղական թերթի թղթակից։
Ժյուլ Վեռն․ Միշել Ստրոգոֆ
Արկածային վեպ է. հերոսը՝ Միխայիլ Ստրոգոֆը, ծառայում է որպես ցարի սուրհանդակ և Մոսկվայից Իրկուտսկ է մեկնում Սիբիրի միջով՝ պատերազմի մասին զգուշացնելու համար:
Վեպում կան առնվազն երկու լրագրողներ, որոնք ճանապարհորդում են հերոսի հետ, որոնք ներկայացնում են անգլիական ու ֆրանսիական թերթերը: Թեև հերոսները երկրորդական են, բայց հենց նրանց «աչքի» միջոցով ենք համեմատական տեսնում եվրոպական աշխարհի հետ, նրանք դիտարկումներ, մեկնաբանություններ, երբեմն էլ հումոր են անում, որոնք վեր են հանում ցարական նորմերի խնդիրները:
Էմիլ Զոլա․ Նանա
Վեպը Զոլայի «Ռուգոն-Մակար» շարքից է: Այն կուրտիզանուհու կյանքի վերելքների ու անկումների մասին է, բայց բացում է նաև այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսին են երկրորդ կայսրության կոռուպցիան, հասարակության երեսպաշտությունը, մարդկային կախվածությունները և այլն: Գրքում ներկայացված է երիտասարդ լրագրող Ֆատու Կլոդետի կերպարը: Հենց նրա սյունակների ու հոդվածների շնորհիվ է Նանան դառնում հայտնի դերասանուհի: Նա գրում է այնպիսի հոդվածներ, որոնք շարժում են մարդկանց հետաքրքրությունը, դառնում նրա անվան շուրջ առասպելների հյուսման աղբյուր:
Հերբերտ Ուելս․ Աշխարհների պատերազմը
Սա առաջին վեպն է, որում բարձրացված է մարդկանց և այլմոլորակայինների միջև ընթացող թշնամության թեման։ Մարսեցիները ժամանում են հսկա գլաններով, դուրս են գալիս իրենց եռոտանիների նման ռազմական մեքենաներով և «ջերմային ճառագայթներով» և թունավոր «սև ծխով» ոչնչացնում են իրենց ճանապարհին հանդիպող ամեն ինչ։ Վեպում կա լրագրող, հեղինակի եղբայրը, ում անունը չի նշվում, սակայն հենց նրա օգնությամբ է ցույց տրվում, թե ինչպես են լոնդոնցիները խուճապահար փախչում, ինչպես է քանդվում բրիտանական աշխարհակարգը, ինչ վարքագիծ են որդեգրում հասարակության տարբեր կարևոր շերտեր, այդ թվում՝ մամուլը:
Ֆեոդոր Դոստոևսկի․ Դևեր
«Դևեր»-ը քաղաքական և փիլիսոփայական վեպ է այն մասին, թե ինչպես են արմատական գաղափարները, դավադրությունները և ֆանատիզմը ոչնչացնում անհատների և ամբողջ համայնքների կյանքը։
Հեղափոխական մտածողությամբ երիտասարդների մի խումբ՝ Ստավրոգինի և Պյոտր Վերխովենսկիի գլխավորությամբ, հայտնվում է մի փոքրիկ գավառական քաղաքում։ Նրանք փորձում են ստեղծել գաղտնի շրջանակ, սերմանել քաոս, գաղափարախոսորեն մանիպուլյացնել ուրիշներին և կատարել հանցագործություններ, այդ թվում՝ խմբի անդամներից մեկի սպանությունը։
Վեպում կա լրագրող կերպար՝ Կարմատովը, որը տեղական թերթի թղթակից է ու կապ ունի դեմոկրատ, այսպես կոչված «առաջադեմ» երիտասարդական շրջանակների հետ։ Նրա կերպարը երգիծական է և բավականին գրոտեսկային, բայց Դոստոևսկին ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ լրագրողը չի գիտակցում քարոզչության հետևանքը:
Առաջին ցանկը՝ Գրական պատմություններ լրագրության մասին. անավարտ ցանկ