Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ն ավարտեց Մինսկի խմբի գործընթացի և դրա հետ կապված կառույցների լուծարումը, իսկ դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը հրապարակեց Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող բանակցային փաթեթի տասից ավելի փաստաթղթեր։ Դրանցից մի քանիսը դարձան քաղաքական ուժերի ու վերլուծաբանների քննարկման առարկա։
«Ճանաչել իմաստությունն ու խրատը, հասկանալ խոսքերը հանճարեղ, ընկալել խոսքի դարձվածքները, ուսանել ճշմարիտ արդարությունը և ուղղվել դեպի իրավունքը»․ աստվածաշնչյան հերթական մեջբերումը՝ Դավթի սաղմոսներից վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է՝ բացատրելու համար, թե ինչ է պետք 2019-ին ԵԱՀԿ-ի առաջարկած բանակցային փաստաթուղթը հասկանալու համար։ Այդ փաստաթուղթը, 12 այլ փաստաթղթերի հետ, դեկտեմբերի 2-ին հրապարակվեց կառավարության պաշտոնական կայքում՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը» վերնագրի ներքո։
Փաստաթղթերը մինչև տարեվերջ հրապարակել՝ խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, իսկ առաջարկն արել էր Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մեկ տարի առաջ, երբ վարչապետը երեք նախագահներին հրավիրել էր բանավեճի։ Հրապարակումից հետո բանավիճելու հարցը օրակարգից դուրս է գալիս․ բանավիճելու բան էլ չկա․ ասում է վարչապետը։
Նախ բանավեճի, հետո փաստաթղթերը հրապարակելու հիմնական պատճառը «ո՞վ հանձնեց Արցախը» հարցադրումն է․ ընդդիմությունը դրանում մեղադրում է իշխանությանը և, որպես խնդրի կարգավորման բաց թողնված հնարավորություն, անդադար հիշեցնում է 2019թվականին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկները, որոնք Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա չի դարձրել։
Իշխանությունն էլ մեղադրում է նախկիններին, ու որպես դրա հիմնավորում՝ դեկտեմբերի 2-ին հրապարակում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ գրված 2016-ի օգոստոսի 5-ին՝ քառօրյա պատերազմից հետո։ Այդ նամակում Ս․ Սարգսյանն անդրադառնում է 2016-ին եղած բանակցային փաստաթղթի բովանդակությանը, որը իշխանության պնդմամբ, 2019-ի փաստաթղթի կրկնությունն է։
2019-ի փաստաթուղթը և Սերժ Սարգսյանի նամակը կառավարության հրապարակած փաթեթից լրատվամիջոցներում ամենաշատը քննարկվեցին։
«Ի՞նչ են առաջարկել 2019-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. ԼՂ բանակցային փաթեթի մանրամասները»՝ այս վերագիրն ուներ Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հիմնական թողարկումը դեկտեմբերի 2-ին, երբ հրապարակվեցին բանակցային փաստաթղթերը։ Դրանց մասին պատմող տեսանյութը, սակայն, եթեր գնաց թողարկման 14-րդ րոպեին՝ ՔՊ-ի էթիկայի կանոնագրքի, վերանորոգված մանկապարտեզի մասին վարչապետի տեղեկության, ԱԺ-ի նիստի մասի պատմող լուրերից հետո։ Տեսանյութն անդրադառնում է այդ փաստաղթերին՝ մեջբերումներ անելով կից ներկայացված կառավարության վերլուծությունից։ Հիմնական մեսիջը՝ «Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր, որոնք, ինչ խոսք, ձեւավորվել են Ղարաբաղյան շարժումով իշխանության հասած քաղաքական էլիտայի կողմից։ Նրանք այդ միֆերը ձեւավորել են իրենց իշխանության գալը եւ մնալը արդարացնելու համար ու այդ միֆերը զարգացրել են այնքան, որ դա Հայաստանում դարձել է մտածողություն, իսկ դրանից դուրս հայացքը՝ քաղաքական տաբու, դավաճանություն»։
Նույն օրը Հանրային եթերում՝ Պետրոս Ղազարյանի տաղավարում հյուր է ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սարոյանը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հանրայինում հյուր է դեկտեմբերի 3-ին․ այդ օրը փաստաթղթերի մասին ԱԺ ամբիոնից արդեն խոսել էր Նիկոլ Փաշինյանը։
Ռուբինյանը մի քանի մեջբերում է անում Սերժ Սարգսյանի՝ Պուտինին գրված նամակից՝ 2016-ի փաստաթղթի վերաբերյալ։ Ասում է, որ 2019-ի փաստաթուղթը 99 տոկոսով դրա կրկնությունն է, և նամակում արծարծված մտահոգությունները եղել են նաև 2019-ի փաստաթղթում։ Ի՞նչ է եղել այդ փաստաթղթում․ ԼՂԻՄ սահմաններով ԼՂ, դրա շուրջ խաղաղապահներ, հայկական զինուժը դուրս է գալիս հինգ շրջաններից, իսկ հանրաքվեի հեռանկարը մնում է անորոշ։ Համազգային հանրաքվե, որը կարտահայտի ԼՂ ամբողջ բնակչության կամքը․ ըստ Ռուբինյանի՝ «Սա ամենևին չի նշանակում, թե հանրաքվեն պետք է տեղի ունենար միայն ԼՂ-ում, քանի որ Ադրբեջանի ընկալմամբ այդ հանրաքվեն պետք է անցկացվեր ամբողջ Ադրբեջանի տարածքում»։
Ինչո՞ւ Փաշինյանի իշխանությունը, որն ուներ բարձր լեգիտիմություն, այդ փաստաթղթի շուրջ չի բանակցել․ Ռուբինյանի խոսքով՝ Կազանյան փաստաթղթից հետո ՀՀ իշխանությունը որևէ փաստաթղթի այո կամ ոչ չի ասել, ասել է՝ գնացեք, խոսեք Ադրբեջանի հետ։ «Մենք չունենք որևէ ինֆորմացիա, որից կբխեր, որ Ադրբեջանը համաձայնում էր 2019-ին»,- ասում է ԱԺ փոխնախագահը։
5-րդ ալիքի «Հայլուրը» սկսվում է փաստաթղթերի հրապարակման մասին լուրով։ Մեկնաբանը այդ լուրը հաղորդում է այնպես, ասես, փաստաթղթերը հենց նոր կնքվել են։ Հետո անմիջապես «կապ է հաստատում երկրորդ ստուդիայում գտնվող հյուրի՝ Բենիամին Մաթևոսյանի հետ»։ Նրա կարծիքով՝ 2019-ի փաստաթղթի մեջ ձևավորված է այն, ինչը դեռ Մադրիդյան սկզբունքներում ձևավորել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին՝ ոչնչով չսհամանափակված ինքնորոշման իրավունք։ Ասում է՝ այսինքն, արցախահայերը հանրաքվեի ժամանակ կարող էին նույնիսկ միանալ Հայաստանի Հանրապետությանը։ «Նիկոլ Փաշինյանը արցախահայերին զրկել է Հայաստանին միանալու հնարավորությունից,-եզրակացնում է վերլուծաբանը։
Լրատվականը հրապարակված փաստաթղթերին անդադառնում է նաև առանձին տեսանյութով, որտեղ խոսում է երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Նիկոյանը։ «Լեռը մուկ ծնեց, մուկն էլ սատկած էր»,- ասում է նա փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ 2019-ի փաստաթուղթը ընդունելի էր և՛ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, և 90-ականներին ընդունված փաստաթղթերի համեմատ, որովհետև «մեծ հաշվով՝ կարգավիճակի հարցը առկախվում էր, ստեղծվում էր նոր ստատուս քվո, որը ճանաչվում էր միջազգային հանրության կողմից և ուներ ինչ-որ իրավական հիմքեր»։ Սիվիլնեթի տաղավարում նա արձանագրում է, որ իշխանությունը հրաժարվել է փաստաթղթի շուրջ բովանդակային բանակցություններ վարելուց։
«Եթե նույնիսկ 2019-ի փաստաթուղթը ընդունվեր, իրականություն չէր դառնալու», Factor.am-ի ստուդիայում ասում է քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը կամ չէր ընդունելու, կամ ձև էր գտնելու հետագայում համաձայնությունը ձախողելու։
Այն, ինչ հիմա քննարկում են քաղաքական ուժերը, ըստ Նավասարդյանի, անիմաստ գործ է՝ պայմանավորված առաջիկա խորհրդարանական ընտրություններով։ «Բանակցային փաստաթղթերը քչերին են հետաքրքրում, որովհետև դրանց ժամանակն անցել է, ու եղած ոչ մի փաստաթուղթ իրատեսական չէր, որ կյանքի կոչվեր»,- ասում է նա։