Սամվել Մարտիրոսյան
Մեդիա հետազոտող

Այս հոդվածը փորձ է՝ կոնկրետ օրինակով ցույց տալու, որ փաստերի ստուգումն այս պահին չի աշխատում այնպես և այնքան, որ դառնա իրական գործոն։  

Պրոֆեսիոնալ մակարդակով փաստերի ստուգմամբ զբաղվողները աշխարհով մեկ փորձում են հակադրվել չարամիտ ուժերին։ Այն, ինչի դեմ այս խմբագրությունները պայքարում են, սկզբում պարզունակ ձևակերպում ուներ՝ «ապատեղեկատվություն»։ Հետո ի հայտ եկան ավելի նուրբ եզրույթներ՝ հիբրիդային վտանգներ, ազդեցության գործողություններ (influence operations), FIMI (Foreign Information Manipulation and Interference), այսինքն՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներ և ներազդեցություն։ 

Բազմաթիվ պետություններ, քաղաքական ուժեր, խոշոր ընկերություններ լուրջ ներդրումներ են անում հենց ապատեղեկատվություն արտադրող «ֆերմաներ» ստեղծելու համար։ 

Սա անդադար մրցակցություն է, որտեղ մեծ գումարներ են շրջանառվում, և երկու ճամբարներում էլ շատ տաղանդավոր մարդիկ են աշխատում։ Եվ հարց է ծագում. որքանո՞վ է ադեկվատ և արդյունավետ տեղեկատվական գրոհների դեմ պայքարը։ 

Առաջինը՝ երբ աշխարհում սկսեցին մտահոգվել տեղեկատվական պաշտպանական մեթոդներով, չարագործները արդեն վաղուց  կանոնավոր և ինստիտուցիոնալ գործում էին։  

Երկրորդ՝ մեդիա ազդեցություններին ու մանիպուլյացիաներին հակազդելու համար աշխատող խմբագրությունները, անհատները, պետական և ոչ պետական մարմինները շատ ավելի քիչ մարդկային և ֆինանսական ռեսուրսների են տիրապետում, քան չարամտորեն սուտ լուրեր տարածողները։  

Երրորդը չարամիտ ինֆորմացիոն ազդեցություններին հակազդելող մեթոդների արդյունավետության հարցն է։ 

Մեկ շատ ցայտուն օրինակի վրա ուզում եմ ցույց տալ, թե ինչպես է աշխատում ապատեղեկատվություն-հակազդում շղթան։ 

Ամերիկյան կենսաբանական զենքը Հայաստանում՝ դավադրության տասնամյակ  

Գոյություն ունի մի շատ երկարակյաց թեմա, որը տարածում են Ռուսաստանի մամուլը, բլոգերները և բարձրաստիճան պաշտոնյաները՝ «ամերիկյան գաղտնի կենսաբանական լաբորատորիաները»։  

ՌԴ պետական «Ռոսիա -1» հեռուստաալիքը ներկայացնում է ԱՄՆ ֆինանսավորմամբ բացված լաբորատորիաների քարտեզը։ Պատկերի օրը նշված չէ, քանի որ թեման շրջանառվում է տարիներ շարունակ, այսինքն, սա «մշտադալար» էկրանապատկեր է։ 

Այդ լաբորատորիաները, իբրև, գործում են Հայաստանում և հետխորհրդային մի շարք երկրներում, և իբրև ամերիկյան զինվորականներն այնտեղ կենսաբանական զենք են ստեղծում։ 

Խոսքն իրականում օրինական գործող ռեֆերենս լաբորատորիաների մասին է, որոնք Հայաստանում բացվել են 2016 թվականին։ Media.am-ը բազմիցս գրել է այդ լաբորատորիաների հետ կապված ապատեղեկատվական հոսքերի մասին։ 

Հիմա եկեք տեսնենք, թե երբ է այս թեման հայտնվել մեդիադաշտում։  

Հայաստանում լաբորատորիաների մասին առաջին հիշատակումը հնարավոր է գտնել Վրաստանին վերաբերող ինֆորմացիոն հոսքերում։ Դեռ 2011-ին ՌԴ պաշտոնյաները Վրաստանին մեղադրում էին կենսաբանական զենքի կիրառման համար։ Հետո թեմայի մասին սկսեց խոսել մի  հետաքրքիր անձնավորություն՝ Ջեֆրի Սիլվերման անունով ( Jeffrey Silverman ), որը նույնիսկ եղել է Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդականը, և երկար տարիներ ընդգրկված է եղել ՌԴ տեղեկատվական ազդեցության գործընթացներում։ Սիլվերմանի հետ այս թեմայի առաջխաղացմամբ ակտիվորեն զբաղվել է բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանձիևվան ( Dilyana Gaytandzhieva), որի կապերը՝ ռուսատանյան ռազմական հետախուզության հիբրիդային հարձակումներով զբաղվող խմբի հետ վերջերս բացահայտվեցին։  

Չխորանալով մանրամասների մեջ՝ նշենք, որ Սիլվերմանը ստեղծեց այս թեմայով Վրաստանից դեպի Հայաստան առաջին կամուրջը՝ հայտարարելով, որ վրացական լաբորատորիայում վարակված աշխատակիցները գաղտնի տեղափոխվել են Հայաստան՝ Արամյանց կենտրոն։ 

Պատկերը վերցված է grounreport անունով կայքից, որը հիմա հասանելի չէ  և որտեղ ներկայացվում էին զեկույցներ կենսաբանական լաբորատորիաներից։ Լուսանկարում Սիլվերմանն է, որը տարբեր պատճառներով մի քանի անգամ ծեծի էր ենթարկվել Վրաստանում։ 

Իբրև թե Վրաստանում վարակված մարդկանց Հայաստան տեղափոխելու մասին առաջին հայտարարությունը Սիլվերմանն անում է 2016 թվականին՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել 2014-ին։  

Դրանից հետո թեման շրջանառվել է տարբեր հարթակներում։  

2017 թվականի այս հոդվածում կոնկրետ ոչինչ չի ասվում, սակայն շեշտադրումները տագնապ են առաջացնում։ Եվ կրկին, որպես ասվածի ապացույց, նշվում է Սիլվերմենը, որը համոզված է, որ այստեղ կենսաբանական զենք են պատրաստում։ 

Քիչ չեն նաև հայկական ազգանուններով բլոգերների հրապարակումները, որոնք իբրև թե ներկայացնում են ամերիկյան հատուկ ծառայությունների ներթափանցումը Հայաստան և Վրաստան 

Ընթերցողին առաջարկվում են շատ հետաքրքիր սխեմատիկ պատկերներ, որոնք «ամեն բան ապացուցում են և ջրի երես հանում»։ 

Հրապարակումների տարափը շարունակվում է, թեմայի այլ շերտեր են բացվում։ Այսպես, օրինակ, հայազգի ռուսահպատակ Արամ Գաբրիելյանովի հիմնած LIFE հարթակը նոր մանրամասներ է առաջ քաշում՝ իբրև Հայաստանի լաբորատորիաներում փորձարկվում է էնթոմոլոգիկ կենսաբանական զենք։ Այսինքն գրվում է, թե իբր ամերիկացիները վարակը միջատների միջոցով են  տարածում։ 

Վերջին տարիներին այս թեմայով հրապարակումներ են հայտնվում որտեղ ասես՝ ՌԴ Կրասնոդարի մարզի հայկական համայնքի լրատվական կայքից մինչև Սիրիայում ակտիվ պատերազմը լուսաբանող կիսառազմական ռուսաստանյան ANNA-News լրատվականում։ Անգամ գործի է դրվում ծանր հրետանին՝ ենթադրվում է, թե այս ամբողջ մութ պատմությունը համաֆինանսավորում են Քարդաշյանները։ 

ANNA-News-ի հեղինակները մեկ պարբերությունում ներգրավված մի քանի տասնյակ խմբեր և կազմակերպություններ են հայտնաբերել։  

Հարկ է նշել, որ թեման գերհետաքրքիր է բոլոր կոնսպիրոլոգների համար։ Այսպես, թուրքական Dikgazete-ում համոզված են, որ հայաստանյան բիոլաբորատորիաները լուրջ վտանգ են ողջ տարածաշրջանի համար։ 

Փաստերի ստուգումը և դրա ազդեցությունը 

Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում հերքումների, բացահայտումների, փաստերի ստուգման տիրույթում։  

Դեռ 2016-ին, երբ նոր էր տարածվում Հայաստանի լաբորատորիաների վերաբերյալ տեղեկատվական ալիքը, արդեն կարելի է գտնել առաջին հերքումները, օրինակ, Փաստերի ստուգման հարթակի կողմից, և այն էլ ոչ մեկը։  

Հերքումները պաշտոնական հայտարարությունների և վերլուծությունների տեսքով այս տասը տարվա մեջ հրապարակվել են անընդհատ (էլ չենք ասում, որ նույնատիպ և մեծաքանակ փաստերի ստուգման վերլուծություններ կան ուկրաինական և վրացական կենսաբանական լաբորատորիաների մասին)։ Այսպես, օրինակ, Սիվիլնեթը մի քանի անգամ անդրադարձել է թեմային և վերլուծել ապատեղեկատվությունը՝ 2022-ին և 2025-ին, Media.am-ը՝ 2024-ին և 2022-ին։ Նաև այն դեպքում, երբ բլոգեր Միկա Բադալյանն էր լուր տարածել, թե իբր կապիկի ծաղիկի աղբյուրը Հայաստանում գործող լաբորատորիաներն են։

Միջազգային փորձագիտական խմբերը նույնպես ակտիվորեն հերքում են դավադրության տեսությունները։ Օրինակ՝ Եվրամիության ապատեղեկատվության դեմ պայքարող հարթակը․ այս տարի միայն երկու ծավալուն վերլուծություններ է հրապարակել DFRLab-ը, որտեղ նաև ցուցադրվում են ապատեղեկատվության տարածման մեխանիզմները, ներկայացվում են Տելեգրամ ալիքների և կեղծ լրատվականների կապերը, որոնք տարածում են այս ամենը տարբեր լեզուներով։ Նմանատիպ կեղծիքը բացահայտող տասնյակ վերլուծություններ են եղել վերջին տասը տարում։

Ավելին, դեռ 2018-ին իշխանության գալուց հետո Փաշինյանի առաջին քայլերից մեկն այն էր, որ Ռուսաստանը մուտք է ստանում Հայաստանում կենսաբանական լաբորատորիաներ։ 2018-ի սեպտեմբերին Փաշինյանը ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարում է, որ ռուսաստանցի մասնագետները թույլտվություն են ստացել մուտք գործելու այդ լաբորատորիաներ. «Բառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական ցուցումով ռուս մասնագետները հասանելիություն են ստացել այդ լաբորատորիաներ»։ Կարելի է գտնել Արտաքին գործերի և Առողջապահության նախարարությունների  բազմաթիվ նման պաշտոնական հայտարարություններ։  

Ի՞նչ ունենք 

Փաստացի, մի կողմից ունենք ապատեղեկատվություն, որը տարածվում է արդեն տասը տարի, հարստանում է փառահեղ մանրամասներով՝ ներառյալ Քարդաշյանների կողմից կենսաբանական զենքի մշակման ֆինանսավորումը։  

Մյուս կողմից ունենք մանրակրկիտ և ծավալուն փաստերի ստուգում, տասնյակ փաստահեն հերքող հրապարակումներ։ Սրան ավելացնենք պաշտոնական հայտարարությունները, ստուգող այցերը։  

Չոր մնացորդում ունենք հստակ մեկ բան. փաստերի ստուգումը գլոբալ առումով չի աշխատում։ Առնվազն այնպես, ինչպես կուզենայինք։ Որքան էլ մասնագետները կեղծիքը բացահայտում են, ապատեղեկատվությունը անամոթաբար ու էլ ավելի մեծ եռանդով տարածվում է և գտնում իր լսարանը։  

Մի բան չի աշխատում կանխարգելիչ գործընթացներում։ Ո՞րն է խնդիրը։

Իրականում, խնդիրները շատ են։ Հասկանալի է, որ ապատեղեկատվություն տարածողները ավելի շատ են, ավելի հարուստ են, ավելի շատ գործիքակազմ ունեն։ Բայց կան ուրիշ գործոններ։  

ա. Վերլուծությունները գրվում են հատուկ, որպեսզի օբյեկտիվ տպավորություն թողնեն չոր, մասնագիտական լեզվով, որը հանրության մեծ մասի համար, մեղմ ասած, դժվար ընկալելի է։ Մինչդեռ ապատեղեկատվություն արտադրողները ազդում են հենց հոծ զանգվածների զգացմունքների վրա։ Միգուցե, հարկավոր է ապատեղեկատվության դեմ պայքարում զանազանել բովանդակությունը տեսքի, որակի, ծավալի տեսանկյունից, որպեսզի այն լինի ավելի «ժողովրդական» ։  

բ. Ապատեղեկատվություն տարածողները մտահոգված են հենց տարածմամբ։ Ակտիվորեն կիրառում են մարքեթինգային մեթոդներ, ձևավորվում են տեղեկատվության տարածման նպաստող, լայն զանգվածներին հասցնող ցանցեր, խողովակներ։ Մինչդեռ փաստերի ստուգման հարթակները սովորաբար ունեն բավականին նեղ լսարան և սահմանափակ մարքեթինգային բյուջ՝ բովանդակությունը տարածելու համար։ Որպես հետևանք, ապատեղեկատվությունը տեսնում են միլիոնավոր մարդիկ, իսկ հերքումը՝ հիմնականում նրանք, ովքեր առանց այդ էլ իրազեկված էին։ Այսինքն, հարկավոր է առաջին պլան բերել ոչ միայն փաստերի ստուգումը, այլ դրա առաջխաղացումը։  

գ. Ամեն դեպքում, եթե մի բան տասը տարի ուզածիդ պես չի աշխատում, ժամանակն է ինչ-որ բան կամ բաներ փոխելու։