Արքմենիկ Նիկողոսյան

Լրագրող և մամուլ բառերը մեր իրականության մեջ համեմատաբար նոր երևույթներ են։ Առաջին հայերեն թերթը տպագրվել է 1794 թվականին, իսկ լրագրողի մասնագիտությունը, բնականաբար, կապված է լրագրերի գոյության հետ։ Մեր իրականության մեջ այս երևույթը 1800-ական թվականների կեսերից ավելի լուրջ դրսևորում ունեցավ։ Լրագրողի հետ կապված տարաբնույթ վերաբերմունքները՝ և՛ հասարակական տարբեր շերտերում, և՛ գրականության մեջ, սկսվեցին հենց այդ շրջանից։

Այնպես է ստացվել, որ մեր մամուլի լիարժեք ձևավորումից՝ 1860-ական թվականներից հետո, մեր լավագույն լրագրողները, ովքեր ունեցել են իսկական լրագրողին բնորոշ կարևոր հատկանիշներ, եղել են մեր գրողները։

Եթե օրինակ Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Ռափայել Պատկանյանի, Շիրվանզադեի, Մուրացանի, Նար-Դոսի, Հովհաննես Թումանյանի կամ արևմտահայ իրականության մեջ Հակոբ Պարոնյանի, Գրիգոր Զոհրապի կենսագրությունը և գործունեությունը ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ բոլորը ծավալել են նախ լրագրողական գործունեություն։

Բուն լրագրողը որոշակի առումով երկրորդական էր դառնում գրող-լրագրողների մոտ։ Սրան նպաստում էր նաև այն, որ գաղափարական տարբեր պայքարներ կային, հատկապես 1890 թվականից հետո, երբ կուսակցությունները երևան եկան։ Տարբեր գաղափարական խմբավորումներ ունեին իրենց մամուլը՝ «Մշակ»-ը, «Արձագանք»-ը, Սրանք, բնականաբար, գաղափարական որոշակի պայքարի մեջ էին դնում արդեն նաև բուն լրագրողներին։

Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք չենք ունեցել հրաշալի լրագրողներ, սակայն հասարակական գիտակցությունը հենվում էր գրողների ստեղծած լրագրողների կերպարների վրա։

Նախախորհրդային շրջան

Նախախորհրդային շրջանում գրված ստեղծագործությունների մասին պատմելիս՝ կարևոր է հիշել Շիրվանզադեի «Քաոս» վեպը, որտեղ ներկայացված է ժամանակի լրագրողը։ Նրա անունը Մարզպետունի էր և նա շատ լավ լրագրող էր։

Մարզպետունուն հանդիպում ենք Մարկոս աղա Ալիմյանի հոգեհանգստի արարողության դրվագում։ Նա տեսնում է թշվառության պատկերը՝ մի կողմից աղքատ մարդիկ են հավաքված, մյուս կողմից նավթահանքերի տերերը կոպեկներ են շպրտում։ Հաջորդ օրը, երբ լույս է տեսնում Մարկոս աղա Ալիմյանի հոգեհանգստի տեսարանը լուսաբանող հոդվածը Մարզպետունու ձեռամբ, այն ներկայացվում է որպես շքեղ, փառավոր թաղում, որտեղ գովաբանվում են Մարկոս աղա Ալիմյանի գործերը, նրա բարեգործությունները և ոչ մի հայացք այն բազմահազար ամբոխին, որը սովից տառապում էր և եկել էր այդտեղ մուրացկանի կարգավիճակով։

Այստեղ, բնականաբար, գրողական հայացքն է, ռեալիստական գրականության սկզբունքը՝ տես, մենք՝ գրողներս, նկատում ենք կյանքի թշվառությունը, իսկ դուք՝ լրագրողներդ, լուսապայծառ ձևով եք ներկայացնում մեր իրականությունը։

Երկրորդ կերպարը, որ շատ ավելի երգիծական երանգ ուներ, ստեղծեց Մուրացանը իր «Հատուկ թղթակից» գրվածքով։  Մարդը նստած մտածում է՝ ինչպես դառնալ հատուկ թղթակից, ի՞նչ լուրեր տալ, ի՞նչ նյութ գրել, ի՞նչ բառապաշար օգտագործել։ Եթե նրա թղթակից դառնալու պրոցեսը համեմատենք այսօրվա մեր էլեկտրոնային մամուլի դիտումներ ապահովելու, ընթերցված կամ դիտված լինելու հետ, մենք կտեսնենք, որ նույն հնարանքներն են կիրառվում։

Մուրացանի հերոսը դուրս է գալիս փողոց՝ որևէ հանցավոր, սկանդալային բան տեսնելու։ Եվ տեսնում է, որ երկու հոգևորական վիճում են, չի էլ լսում՝ ինչի շուրջ են վիճում, բայց արդեն կարողանում է վեճի պրոցեսը բառավորել։

Ամենահետաքրքիրը հատուկ բառապաշարի ընտրությունն է։ Մուրացանի հատուկ թղթակիցը ընտրում է հետևյալ բառերը, որոնք անպայման պետք է աշխատեն՝ «իրենց կոչման բարձրության վրա», «անվայելչաբար», «պատկառելի», «սոսկալի», «մխիթարական կամ անմխիթար», «բարձր հոգևոր կառավարություն», «ոստիկանության լուրջ ուշադրությունը», «հրավիրում ենք ուշադրությունը»։ Սրանք այն ժամանակվա բանալի բառերն էին, և Մուրացանի հերոսն էլ ասում է, որ երբ լրագրեր էր կարդում, հատկապես դուրս էր գրում այն բառերը, որոնք գլխատառերով էին։ Եվ  այս մարդը հասնում է հաջողության, իր հոդվածը տպագրվում է, քաղաքը խառնվում է իրար։ Եվ նա սկսում է կարիերա ստեղծել նույն սկզբունքով։

Մենք այս տեսակ պատմվածքներով տպավորություն ենք ստանում, որ Շիրվանզադեի և հատկապես Մուրացանի մոտեցմամբ, լրագրողներն իրենց ազդեցիկության լուրջ գործոնը ծառայեցնում են լոկ անհատական փառասիրության, անձնական շահերի համար։ 

Սա նախախորհրդային շրջանի մեր մամուլի և լրագրության բնորոշումն է, սակայն գեղարվեստական գրականությունից դուրս պետք է փաստենք, որ այդ շրջանում մենք իսկապես ունեցել ենք հրաշալի լրագրողներ։ Եթե մամուլի պատմությունը նայենք 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարասկիզբ, հատկապես մինչև Հայաստանի խորհրդայնացումը, կտեսնենք, որ մենք ունեցել ենք հսկայածավալ մամուլ, որը իր վրա էր վերվրել ամենատարբեր գործառույթներ։

Խորհրդային շրջան

Եթե խոսենք խորհրդային շրջանի մասին, ապա պետք է ասենք, որ գոնե սկզբնապես ամեն ինչ ավելի ազատ էր, հետո ամեն ինչ փոխվեց։ Խորհրդային շրջանում հատկապես նրանք, ովքեր նոր էին մտնում գրականություն, տարբեր թերթերի կողմից գործուղվում էին տարբեր շրջաններ՝ որպեսզի լրագրողաբար, ակնարկներով հիմնականում կամ տարբեր թղթակցություններով բացահայտեն և ներկայացնեն խորհրդային պայծառ կյանքը։

Երբ այսօր տարիների հեռվից նայում ենք խորհրդահայ, հատկապես 1920-ականների վերջի լրագրությանը, պարզ է դառնում, որ գործ ունենք բացահայտ զեղծարար, կեղծարարների հետ։ Մեր այդ շրջանի լրագրությունը իր նյութով փրկվեց, շնորհիվ մեր գրողների։ Օրինակ քչերը գիտեն, որ Ակսել Բակունցը որպես ակնարկագիր է սկսել իր գործունեությունը։ Ու բազմաթիվ քարոզչական  ակնարկներ հետագայում վերածել է պատմվածքների, այսինքն գեղարվեստականացրել է և կարողացել տալ այն ճշմարտությունը, որը կար իր լրագրողական պաթոսացված, ինչ-որ կեղծիքով ծածկված նյութերի մեջ։ 

Եթե անդրադառնանք բուն լրագրողի կերպարին, խորհրդային իշխանության քարոզչամեքենան թույլ չտվեց, որպեսզի այն բազմազանությունը կամ այն քննադատական միտքը, որը կար նախախորհրդային շրջանի գրականության մեջ, դրսևորվեր նաև այս շրջանում։  

Հետագայում, երբ որ սկսվեց 2-րդ համաշխարհային պատերազմը, մեր բոլոր գրողները ռազմաճակատից թղթակցություններ էին ուղարկում, որոնք համարվում էին ամենահավաստին։ 

Սակայն այսօր, երբ ուսումնասիրում ենք այդ գրվածքները, հասկանում ենք, որ անկախ նրանից, որ գրված են տաղանդավոր մարդկանց կողմից, այնուամենայնիվ դրանք քարոզչական նյութեր էին։ 

Խոսելով բուն լրագրողի կերպարի մասին՝ պետք է ասել, որ մինչև 1960-ական թվականները մեր գրականության մեջ չկա ներկայացված լրագրողի կերպար։

Եթե նախորհրդային շրջանում մենք բազմաթիվ ճշմարտություններ կարողանում էինք նաև լրագրողական հոդվածներից որսալ, ապա խորհրդային շրջանի ճշմարտությունները, ցավոք, մենք  լրագրողական հոդվածներից չենք կարողանում քաղել, դրանք պահված են գրականության խոսքի ենթատեքստերում։ 

1960-ական թվականներից մի փոքր իրավիճակը փոխվեց և անպայման պետք է շեշտել Վարդգես Պետրոսյանի անունը։ Նա  կարողացավ այդ շրջանում իսկապես բարձրացնել լրագրողի արժեքը։ Նա շատ նրբորեն օգտագործեց գրականության ազդեցիկության գործառույթը և պատահական չէ, որ հետո դարձավ գրող և գրեց «Հայկական էսքիզներ», «Մենավոր ըկուզենի», «Կրակե շապիկ» գործերը։ Նրա ստեղծագործությունների ելակետը լրագրողական հետաքննությունն է․ պատահական չէ, որ նա երբեք լուծումներ չի առաջարկում, ինչպես լրագրողը։ 1960-1980-ական թվականների ընթացքում ստեղծված գրականության ամենատիպական կերպարը «Հայկական էսքիզներ»-ում լրագրողի կերպարն է։ 

Սրան զուգահեռ, իհարկե այդ շրջանի գրականության մեջ կային նաև  այլ կերպարներ, որոնք էլի քարոզչական էին, իրականությունը կեղծող։ Այս առումով ամենատպավորիչը, օրինակ Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքի թղթակիցն է։ 

Նա շրջանային թերթի թղթակից է։ Գրելով վաստակավոր կթվորուհու մասին՝ ասում է․ «նա մանկուց երազում էր կթվորուհի դառնալ»։ Հետո, երբ գալիս է Մամփրեի մասին ակնարկ գրելու, Մամփրեն հրաժարվում է և ասում, որ ճանաչել է այդ կթվորուհուն, և վստահաբար կարող է ասել, որ նա մյուս երեխաների պես վազվզում էր, խաղում և չէր  երազում կթվորուհի դառնալ։

Անկախության շրջան 

Խորհրդային կարգերի տապալումից ու անկախության հաստատումից հետո կարելի է ասել, որ գրականությունը դուրս եկավ շրջանառությունից։ Հանկարծ պարզվեց, որ գրականությունը 70 տարի խաբել է մարդկանց։ Եվ այդ ժամանակ գրականությունը որդեգրեց լրագրությանը բնորոշ հատկանիշներ: Սկսեց  չպատմել 3-րդ դեմքով․ դա է պատճառը, որ 1990-ականների գրականության 99%-ը առաջին դեմքով է։ Անկախության շրջանում՝ պատերազմի ընթացքում, ամենակարևոր ինֆորմացիաները, տեղեկությունները, բացահայտումները մենք ունեցել ենք ոչ այնքան իրավապահ մարմինների շնորհիվ, այլ՝ լրագրողների։ Իհարկե, 1990-ականներին մենք անխուսափելիորեն բախվեցինք նաև քարոզչական լրագրողների հետ, կոնկրետ կուսակցական լրագրողների հետ։ 

Անկախության շրջանի գրականության մեջ լրագրողի ամենատիպական կերպարը  Լևոն Խեչոյանի հենց «Լրագրողը» պատմվածքում է։ Այն  լույս է տեսել 2001 թվականին։ Սա և՛ սոցիալական առումով, և՛ քաղաքական առումով շատ կարևոր ժամանակաշրջան էր՝ 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական, Ռոբերտ Քոչարյանի ընտրություն հետո հոկտեմբերի 27։

Սա այն  ժամանակահատվածն է, երբ պատվիրովի, կեղծ, որոշակի շատ նուրբ քարոզչական նյութերը սկսեցին լրագրության մեջ ավելի գերիշխել։ Լևոն Խեչոյանի պատմվածքը նաև այդ հոգեբանության արտացոլումն է։ 

Այսօր, երբ մեծամասամբ գործ ունենք էլեկտրոնային լրատվամիջոցների հետ, երբ  յուրաքանչյուր մարդ պոտենցիալ թղթակից է, ինֆորմացիա հաղորդող, լրագրողի կերպարը դարձել է ավելի ընդհանրացված, տիպական կերպար։ Եվ պատահական չէ, որ գրականությունը լրագրողների կերպարներ չի ստեղծում հիմա։

Այսօր շատ կարևոր է լրագրողի դերը, քիչ չեն դեպքերը, երբ հենց լրագրողի համառության, հետևողականության շնորհիվ ինչ-որ հարցեր լայն արձագանք են գտնում կամ լուծում ատանում։ Բայց ընդհանուր առմամբ իմ տպավորությունը հետևյալն է, որ անկախ այն փաստից, թե թեման կամ բացահայտումը որքան արժեքավոր է, այն կարող է ստվերում մնալ, եթե սոցիալական ցանցերում հետևորդների մեծ բանակ ունեցող մարդիկ չտարածեն այն։ Այսինք ոչ այնքան կարևոր է, թե տվյալ լրատվամիջոցը կամ լրագրողը ի՞նչ հետաքննական կարևոր գործ է կատարել, այլ թե ովքեր են դա տարածել։

Ինֆորմացիա-հասարակություն, ասող-լսող խզված հարաբերությունների պատճառով է նաև, որ սոցիալական հարթակներում շատ հետևորդներ ունեցող մարդիկ կարողանում են ավելի շատ ազդել հասարակության շրջանում կարծիքի ձևավորման վրա, քան ցանկացած ուժեղ լրատվամիջոց։