Ֆեյսբուքյան օգտատեր Նեկ Գրիգորյանը (Нэк Григорян) նոյեմբերի 20-ին գրել էր, թե ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) պաշտոնապես փոխում է իր պնդումներն այն մասին, որ պատվաստանյութերը չեն առաջացնում աուտիզմ։ CDC-ն, ըստ նրա, համաշխարհային առողջապահական ոլորտի քաղաքականություն մշակող համակարգ է։
«Եթե նախկինում պաշտոնական կայքում նշված էր (“Studies show that vaccines do not cause autism.”), այսինքն («Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերը աուտիզմ չեն առաջացնում»), ապա հիմա լրիվ այլ պատկեր է ”The claim ‘Vaccines do not cause autism’ is not an evidence-based claim because studies have not ruled out the possibility that infant vaccines cause autism, («Պատվաստանյութերը աուտիզմ չեն առաջացնում» պնդումը ապացույցների վրա հիմնված պնդում չէ, քանի որ ուսումնասիրությունները չեն բացառել, որ մանկական պատվաստանյութերը աուտիզմ են առաջացնում»,- գրել է նա։
Այս պահին գրառումն ունի ավելի քան 100 մեկնաբանություն և 136 տարածում։ Օգտատերն այն տարածել է նաև ինստագրամյան իր էջում։ Գրառումը կիսել էր նաև Երևանի ավագանու նախկին անդամ, հայտնի հակավաքսՄարդիկ, որոնք դեմ են պատվաստումներին Մարինա Խաչատրյանը։
«Ստուգված է»-ն պարզել է, որ Գրիգորյանի պնդումները մասամբ մոլորեցնող են։ Ճիշտ է՝ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը փոխել է ձևակերպումները աուտիզմի առաջացման և պատվաստումների կապի վերաբերյալ, սակայն այն չի հանդիսանում համաշխարհային առողջապահական ոլորտի քաղաքականություն մշակող համակարգ։ Բացի դրանից, չկա որևէ ապացույց, որ աուտիզմի առաջացման և պատվաստանյութերի միջև կա պատճառահետևանքային կապ։
CDC-ի փոփոխությունները
Նոյեմբերի 19-ին CDC-ի պաշտոնական կայքում իսկապես խմբագրվել է աուտիզմի և պատվաստանյութերի վերաբերյալ հրապարակումը։ Նոր տարբերակում նշվում է, որ նախորդ հայտարարությունը, թե պատվաստանյութերը չեն առաջացնում աուտիզմ, փաստահեն պնդում չէ։

Էկրանապատկերը՝ cdc.gov-ից
CDC-ն նշում է՝ գիտական ուսումնասիրությունները չեն բացառել հնարավորությունը, որ մանկական պատվաստանյութերը նպաստում են աուտիզմի զարգացմանը, ինչպես նաև, որ նախկինում արված հետազոտություններն ունեն մեթոդաբանական սահմանափակումներ, իսկ այլ երկրներում իրականացված ուսումնասիրությունները կարող են չհամապատասխանել ԱՄՆ-ի բնակչության տվյալներին։ Հետևաբար, ըստ կառույցի, նոր և ավելի որակյալ հետազտությունների կարիք կա։
Հրապարակման խորագրում նշված է «Պատվաստանյութերը չեն առաջացնում աուտիզմ*», սակայն ուշագրավ է, որ վերնագրում ավելացվել է աստղանիշ։ Ծանոթագրությունը բացատրում է, որ «Պատվաստանյութերը չեն առաջացնում աուտիզմ» վերնագիրը չի հեռացվել, քանի որ ԱՄՆ սենատի առողջապահության, կրթության, աշխատանքի և կենսաթոշակների կոմիտեի նախագահի հետ ձեռք բերված համաձայնությամբ այն պետք է մնա։ Սա հուշում է, որ փոփոխության որոշումը միաձայն չի ընդունվել անգամ ԱՄՆ առողջապահական համակարգի ներսում։
Փոփոխության պատճառները
Փոփոխությունը քննարկելիս կարևոր է հասկանալ համատեքստը, որում այն տեղի է ունեցել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2025-ի փետրվարին Առողջապահության նախարար է նշանակել Ռոբերտ Քենեդի Կրտսերին, որը հայտնի է իր հակապատվաստումային հռետորաբանությամբ։ Պատվաստանյութերի մասին նրա և Դոնալդ Թրամփի սխալ և դավադրապաշտական պնդումները բազմիցս հերքվել են տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում գործող փաստեր ստուգողների կողմից։
CDC-ի այս խմբագրմանն են անդրադարձել նաև ամերիկյան Factcheck.org-ի փաստեր ստուգողները՝ հրապարակումն անվանելով մոլորեցնող։
Washington Post-ի և STAT-ի հաղորդագրությունների համաձայն՝ CDC-ի նախկին ղեկավարները և գործակալության ներկայիս պաշտոնյաները հայտարարել են, որ մասնագիտական թիմը ներգրավված չի եղել կամ տեղյակ չի եղել CDC-ի թարմացմանը։
Գիտական որևէ աղբյուր չի հաստատում աուտիզմի և պատվաստանյութերի միջև կապը
ԱՀԿ-ի 2025 թվականի սեպտեմբերի 24-ի հրապարակման մեջ նշվում է, որ առկա են բազմաթիվ համոզիչ ապացույցներ, որ մանկական պատվաստանյութերը չեն առաջացնում աուտիզմ։ Այս եզրակացությանն են հանգել բազմաթիվ երկրներում իրականացված ուսումնասիրություններ։ 1999 թվականից ի վեր ԱՀԿ-ին խորհրդատվություն տրամադրող անկախ փորձագետները բազմիցս հաստատել են, որ պատվաստանյութերը չեն առաջացնում աուտիզմ կամ զարգացման այլ խանգարումներ։

Էկրանապատկերը՝ ԱՀԿ-ի կայքից
Ջոն Հոփքինսի անվան հետազոտական ինստիտուտը, որը հանրային առողջապահության բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատություն է, նույնպես հաստատում է աուտիզմի և պատվաստումների միջև պատճառահետևանքային կապի բացակայությունը։
Հատկանշական է նաև, որ մինչև շատ պատվաստանյութերի հայտնաբերումը հիվանդություններից մահացությունն անհամեմատ բարձր էր։
Օրինակ, նույն CDC-ի տվյալներով, ԱՄՆ-ում ամեն տարի 3-4 միլիոն մարդ վարակվում էր կարմրուկով, որից մոտ 400-ը արդյունքում մահանում էր՝ նախքան պատվաստումները հասանելի կդառնային։ Համաշխարհային մակարդակում մահացությունների թիվը հասնում էր 2 միլիոնի։
Ըստ ԱՀԿ-ի, նախքան պատվաստանյութի հայտնագործումը, ԱՄՆ-ում մեկ այլ՝ պոլիոմիելիտ հիվանդության զոհերի թիվը հասնում էր տարեկան մի քանի հազարի։
Աուտիզմի հայտնաբերման դեպքերը ժամանակի ընթացքում ավելացել են: Սակայն, տարբեր ուսումնասիրությունների համաձայն, պատճառը մարդկանց տեղեկացվածության բարձրացումն է և ախտորոշման չափանիշների ընդլայնումը: Այս մասին առավել մանրամասն կարելի է կարդալ factcheck.org-ի աշխատանքներում (1 2 3)։
Այսպիսով, գիտահեն բազմաթիվ աղբյուրներ ցույց են տալիս, որ պատվաստման և աուտիզմի առաջացման միջև չկա պատճառահետևանքային կապ։
CDC-ն համաշխարհային առողջապահական ոլորտի քաղաքականությունը մշակող համակարգ չէ
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) ԱՄՆ-ի ազգային հանրային առողջապահության գլխավոր գործակալություններից է։ Այն գործում է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության ենթակայությամբ։ Կազմակերպության կայքում նշված է, որ CDC-ն ծառայում է ամերիկյան հանրությանը՝ անհատներին, ընտանիքներին և համայնքներին։ Կազմակերպության գլխավոր նպատակն է պաշտպանել ամերիկացիներին, իսկ աշխարհի տարբեր ծայրերում բռնկված համաճարակները կարող են վտանգել քաղաքացիների առողջությունը։ Այդ պատճառով CDC-ն համագործակցում է տարբեր երկրների հետ՝ նոր վարակիչ հիվանդությունների բռնկումները հայտնաբերելու և հետագա տարածումը կանխելու համար։ Գործակալությունը մասնակցում է միջազգային տարբեր նախաձեռնությունների, որոնք միտված են պաշտպանելու հանրային առողջությունը, սակայն որպես առանձին կազմակերպություն այն չունի լիազորություն մշակելու «համաշխարհային առողջապահական ոլորտի քաղաքականություն»։
Այդ գործառույթը իրականացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ 1948թ․-ին հիմնադրված այս կազմակերպությունը ՄԱԿ-ում ներառված գործակալություն է, որի անդամ են 194 պետություններ։ Ավելի քան 8000 բժիշկներ, գիտնականներ և համաճարակաբաններ դրա կազմում «համակարգում են աշխարհի արձագանքը առողջապահական արտակարգ իրավիճակներին, խրախուսում բարեկեցությունը, կանխում հիվանդությունները և ընդլայնում առողջապահական ծառայությունների հասանելիությունը»։
Այսպիսով, Նեկ Գրիգորյանի տեղեկությունը, թե CDC-ն փոխում է պնդումները աուտիզմի առաջացման և պատվաստանյութերի պատճառահետևանքային կապի մասին, ճիշտ է, սակայն խնդրահարույց է ամերիկյան կառույցի փոփոխությունն ինքնին։ Նկատառումը, թե ամերիկյան CDC-ն համաշխարհային առողջապահական ոլորտի քաղաքականությունը մշակող համակարգ է, մոլորեցնող է։