«5-րդ ալիք»-ի «Հայլուր» հաղորդման՝ հոկտեմբերի 30-ի ռեպորտաժում նշվում է, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարել է, թե իշխանության օրակարգում հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջ չկա։
Տեղեկությունը ներկայացվում էր իբրև սկանդալ, որը տեղի է ունեցել եվրոպացի պատգամավորների աչքի առաջ.
«ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն է լեզվից թռցրել, որ իր քաղաքական թիմի օրակարգում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջ չկա»,- ասում է լրագրողը, ու ռեպորտաժում ցուցադրվում է պատգամավորի անգլերեն ելույթը՝ «5-րդ ալիք»-ի թարգմանությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պաշտոնական անձինք, որոնք պատասխանատու են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին չեն ներկայացնում Ադրբեջանին ռազմագերիներին և այլ անձանց անհապաղ բաց թողնելու, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց անվտանգ վերադարձն իրենց հայրենիք երաշխավորելու պահանջ»,- իբրև ասել է Եղոյանը։
Լրատվամիջոցը, սակայն, սխալ է թարգմանել պատգամավորի խոսքը։ Իրականում նա ասել է ճիշտ հակառակը։ Դրանում համոզվում ենք՝ ուսումնասիրելով Արման Եղոյանի չթարգմանված ելույթը.
«Փոփոխությունը, որի մասին պարոն Խաչատրյանը խոսում է, հետևյալն է. Կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց։ Մենք դեմ չենք այս նախադասությանը, բայց կա շարունակություն։ Երաշխավորել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի անվտանգ և հավաքական վերադարձը հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո։ Հայաստանը, Հայաստանի կառավարությունը, Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու անձինք այս պահին Ադրբեջանին նման պահանջ չեն ներկայացնում»,- ասել է ՔՊ-ի պատգամավորը։
Արման Եղոյանն արձագանքում էր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, Էլինար Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Հայկ Մամիջանյանի և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների առաջարկին՝ փոփոխություն կատարել «Եվրանեսթի» Քաղաքական կոմիտեի զեկույցում և պահանջել Ադրբեջանից միջազգային անվտանգային երաշխիքների ներքո արցախցիների անվտանգ, հավաքական վերադարձի իրավունքը:
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ նախնական տարբերակում վերահաստատվել է Ադրբեջանում պահվող գերիների ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հարցը լուծելու անհրաժեշտությունը, սակայն իրենք գրավոր առաջարկել էին ավելի հստակեցնել ձևակերպումները: Ի վերջո, ընդունվել էր նախնական տարբերակը:
Այսպիսով, տեղեկությունը, թե Եղոյանը հայտարարել է՝ իշխանության օրակարգում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջ չկա, սխալ է։ Իրականում պահանջի բացակայությունը վերաբերում էր ոչ թե ռազմագերիների ազատ արձակմանը, այլ բռնի տեղահանված արցախցիների՝ հայրենիք վերադառնալուն։
Այն, որ Հայաստանի կառավարության օրակարգում արցախցիների վերադարձի հարցը չկա, նշվել է բազմիցս։ Իշխանությունը դա իրատեսական չի համարում: Շատ արցախցիներ, մինչդեռ, պնդում են՝ այդ հարցով առնվազն քննարկումներ պետք է լինեն:
Ինչ վերաբերում է ռազմագերիների և պահվող այլ անձանց ազատ արձակման պահանջին՝ Եղոյանը ելույթում նշում է, որ իրենք դեմ չեն «այդ նախադասությանը»։
Նոյեմբերի 1-ին Արման Եղոյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրել էր «5-րդ ալիք»-ին իր խոսքերը կեղծելու համար և պահանջել հերքել տեղեկությունը նույն եթերաժամին, ինչը և հեռուստաալիքն արել էր։ Հաղորդավար Լարա Առաքելյանի խոսքով՝ թարգմանական բացթողման հետևանքով Եղոյանի խոսքը հայերեն սխալ է ներկայացվել։ Ըստ նրա՝ «Հայլուրի» խմբագրակազմը մինչ այդ պահանջն էլ նկատել էր բացթողումն ու հեռացրել այդ ռեպորտաժը սոցցանցերի բոլոր էջերից։
Նկատենք, սակայն, որ «Հայլուր»-ի՝ հոկտեմբերի 30-ի թողարկումը նույնությամբ պահպանվել է YouTube-ում։ Բացի դրանից՝ ռեպորտաժը շարունակում են տարածել սոցցանցերի օգտատերերը։
«5-րդ ալիք»-ը նոյեմբերի 2-ի դրությամբ չի հեռացրել նաև կայքում հրապարակված «Սկանդալ՝ եվրոպացի պատգամավորների աչքի առաջ. գերիներին ազատ արձակելու պահանջ Հայաստանը չունի» խորագրով նյութը։
Եղոյանին վերագրվող ելույթը (5-րդ ալիքի թարգմանությամբ) հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, ցուցադրվել է նաև ArmComedy երգիծական հաղորդման ժամանակ։ Եղոյանը հաղորդման հեղինակներից ևս հերքում է պահանջել։
Նյութը պատրաստված է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, և այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլում:
![]()