Լրագրողը գրականության էջերում միշտ եղել է միաժամանակ հերոս և դիտորդ․ նա փնտրում է ճշմարտությունը, բայց հաճախ ինքն է հայտնվում նրա ծանրության տակ։ Հեմինգուեյից մինչև Դովլաթով՝ գրողները լրագրողի կերպարի միջոցով ուսումնասիրել են ժամանակի խիղճը, բառի ուժն ու պատասխանատվությունը։ Առանձնացրել ենք համաշխարհային գրակությունից այնպիսի ստեղծագործություններ, որոնց առանքցում լրագրողն է կամ լրագրությունը՝ իր բոլոր դրսևորումներով։
📘 Էռնեստ Հեմինգուեյ «Ֆիեստա»
«Ֆիեստա» («Արևը նույնպես ծագում է») վեպի կենտրոնում լրագրող Ջեյք Բարնսի պատմությունն է։ Ջեյքը կռվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և ստացել լուրջ վերքեր, որոնց պատճառով կորցրել է կնոջը ֆիզիկապես սիրելու ունակությունը, բայց ոչ սիրահարված լինելու կարողությունը։ Լրագրողի անձնական պատմությանը զուգահեռ Հեմինգուեյը բարձրացնում է կարևոր թեմաներ, որոնք բնորոշ են «կորսված սերնդին»։
📘Արթուր Հեյլի «Սենսացիա»
Վեպը, որն ի դեպ թարգմանվում է նաև որպես «Երեկոյան լուրեր», պատմում է լրատվական խմբագրությունում տեղի ունեցող իրարանցման մասին։ Պերուի «Սենդերո Լումինոսո» ահաբեկչական կազմակերպությունը առևանգում է CBA-ի հաղորդավար Քրոուֆորդ Սլոանի ընտանիքին։ Պատանդների կյանքի դիմաց ահաբեկիչները պահանջում են ուղիղ եթեր դուրս գալու հինգ հնարավորություն։ CBA-ի ղեկավարությունը որոշում է ստեղծել պատանդներին որոնելու թիմ, որը գլխավորում է ընկերության լավագույն թղթակիցներից մեկը՝ Հարրի Փարթրիջը։ Ինտրիգային դրվագներից մեկը դառնում է այն, որ առևանգված կանանցից մեկը։
📘Հանթեր Ս. Թոմփսոն «Ռոմի օրագիրը»
Հեղինակը գրել է գիրքը պուերտոռիկյան թերթում աշխատելու տարիներին, ինչը, բնականաբար, անդրադարձել է ստեղծագործության թե՛ բովանդակության, թե՛ կերպարների վրա։
Պատմությունը արբած ամերիկացի լրագրող Փոլ Քեմփի մասին է, ում հետ տեղական անգլալեզու թերթը աշխատանքային համագործակցություն է հաստատում Պուերտո Ռիկոյում աշխատելու համար։ Թերթի լրագրողների թվում Քեմփին միակը չէր, ով կախում ուներ ալկոհոլից, ու սա հանգեցնում է թերթի գրեթե փակմանը։ Քեմփը ցանկանում է այն փրկել կործանումից, ինչն անում է հումորով, թաղամասերում թափառելով, տեղացիների հետ կռիվների մեջ մտնելով և այլն։
📘Լորեն Վայսբերգեր «Սատանան հագնում է Պրադա»
Նորաձևության ամսագրի գլխավոր խմբագրի օգնական դառնալու պատմությունը, հավանաբար, ծանոթ է համանուն ֆիլմի էկրանավորումից։ Լրագրողը, ով չի կարողանում աշխատանք գտնել, ընդունվում է նորաձևության հայտնի ամսագիր՝ որպես գլխավոր խմբագրի օգնական։ Նա հույս է ունենում, որ այսպիսով մի օր իրեն հնարավորություն կտրվի նաև գրել տեքստեր, անցկացնել հարցազրույցներ։ Դրա հնարավորությունը կերպարը չի ունենում, բայց սովորում է մի շարք այլ կարևոր հմտություններ՝ ինչպիսին են հաղոդակցվելը, բանակցելը, ճարպիկ լինելը, որոնք օգնում են իրեն հետագա աշխատանքային գործունեության համար։
Ոմանք կարծում են, որ պատմությունը հիմնված է իրական իրադարձությունների վրա, քանի որ հեղինակ Լորեն Վայսբերգերին աշխատել է որպես Vogue-ի խմբագիր Աննա Վինտուրի օգնական։
📘Սերգեյ Դովլաթով «Մանկավարժական պոեմ» / «Մեր օրերի հերոսը»
Այս պատմվածքների շարքում ռուս գրող Սերգեյ Դովլաթովը պատմում է իր լրագրողական փորձի մասին: Նա պատմում է 1970-ականների Էստոնիայում ծավալվող պատմությունների մասին, որոնք հիմնականում գրաքննության մասին են։
Գիրքը հիշարժան է իր նուրբ հումորով և սովորեցնում է դժվարություններին փիլիսոփայական մոտեցում: Ներկայացումը նույնպես ուշագրավ է. հեղինակը նախ ներկայացնում է հրատարակված նյութեր, ապա պատմում դրա ստեղծման պատմությունը:
📘Գի դը Մոպասան «Սիրելի բարեկամ»
Գլխավոր հերոսը՝ Ժորժ Դյուրուան, նախկին զինվոր է, ով դառնում է լրագրող։ Հերոսի միջոցով վեպը բացահայտում է լրագրության աշխարհը՝ լի ինտրիգներով, կապերով ու բարոյական երկընտրանքներով։
📘Չարլզ Դիքենս «Մեր ժամանակների բարեկամը»
Սա վեպ չէ լրագրողի կամ լրագրության մասին, բայց Դիքենսն այստեղ լավագույնս է ներկայացնում է մամուլի դերը, հասարակական կարծիքի ձևավորման ուժը։ Վեպում կան լրագրողներ, որոնք ձևավորում են հասարակական վերաբերմունք ու երբեմն շահարկում են տեղեկությունը։
📘Էմիլ Զոլա «Լ’Օվր»
Գլխավոր հերոսներից մեկը՝ Պյեր Սանդոզը, գրող-լրագրող է։ Զոլան այս կերպարը կառուցել է ցույց տալու ստեղծագործողի և լրագրողի դերը հասարակության բարոյական փոփոխության մեջ։ Արծարծված են այնպիսի թեմաներ, ինչպիսին են ստեղծագործական ազատությունը, մամուլի սոցիալական գործառույթը, խոսքի ազատությունը և այլն։
📘Սթիգ Լարսոն «Վիշապի դաջվածքով աղջիկը»
Գիրքը թրիլեր է՝ համեմված դետեկտիվի տարրերով, լրագրողական պատմություններով։ Գլխավոր հերոսներից մեկը՝ Միքայել Բլոմկվիստը, որը փորձառու հետաքննող լրագրող է, աշխատում է «Միլենիում» ամսագրում։ Բլոմկվիստը հանձն է առնում ուսումնասիրել մի հին, չբացահայտված հանցագործություն՝ երիտասարդ աղջկա անհետացումը հզոր արդյունաբերողի ընտանիքից։ Քննությունը տանում է դեպի ընտանեկան մութ գաղտնիքներ, բռնություն, կոռուպցիա ու ժառանգական անարդարություններ։ Նրան այս պատմության բացահայտման մեջ օգնում է հաքեր Լիսբեթ Սալանդերը։
Ցանկը՝ շարունակելի․․․