Հայաստանի լրատվամիջոցների տվյալների շտեմարանը բաց է օգտագործման համար։ Այն 2025թ․-ի աշնան դրությամբ ներկայացնում է, թե Հայաստանում ում է պատկանում գործող այս կամ այն լրատվամիջոցը։
Աշխարհի տասնյակ երկրներում իրականացված «Մեդիայի սեփականության մոնիտորինգ» (Media Ownership Monitor-MOM) հետազոտությունը հասանելի է Հայաստանում։ Այն իրականացրել է Global Media Registry-ին՝ «Հետաքննող լրագրողներ»-ի («Հետքի») հետ միասին։
«Մեդիա սեփականության մոնիտորը» հանրության համար աղբյուր է այն մասին, թե ով է ղեկավարում լրատվամիջոցը, ով բաժնետերը, ով ինչքան մասնաբաժին ունի, ինչով են զբաղվում նրանք ու փոխկապակցված ինչ ընկերություններ են ղեկավարում։ Այս ինֆորմացիան՝ հետազոտություն իրականացնողների կարծիքով նպաստում է ոչ միայն մեդիա թափանցիկության կարևորությունը, այլև հնարավորություն է տալիս ընթերցողին հասկանալ, թե իր կարդացած լուրերի, հոդվածների հետևում իրական ինչ շահեր են թաքնված։ Սեփականության կառուցվածքն ուղիղ կերպով ազդում է այն բանի վրա, թե ինչպես է մեդիա ոլորտը կառավարում իր ռեսուրսները։

Լուսանկարը՝ կայքի շնորհանդեսից
Այն ձևավորում է մեդիա հատվածի տնտեսական ուժը և արդյունավետությունը, ինչը հատկապես կարևոր է պոտենցիալ ներդրողների համար։ Global Media Registry-ի (GMR) գործադիր տնօրեն Օլաֆ Սթենֆադթի խոսքով՝ թափանցիկությունը ինքնանպատակ չէ։
Ըստ նրա՝ մեդիան ձևավորում է կարծիք, ուստի կարևոր է, որ մարդիկ իմանան, թե ում կարծիքն է ձևավորում այս կամ այն լրատվամիջոցը։ Ինչպես նաև նպաստում է ապատեղեկատվության դեմ պայքարին, որը կընթանա ավելի արդյունավետ, երբ կիմանաս, թե որ ալիքը ում է պատկանում։
«Մեդիան մրցակցային շուկա է, լեգիտիմ է, որ որոշ տվյալների բաղադրիչներ մնան կորպորատիվ գաղտնիք, մենք դա ընդունում ենք, բայց կան տվյալներ, որոնք թաքցնելը նշանակում է, որ դու այլևս թափանցիկ չես»,- ասաց Օլաֆ Սթենֆադթին։
«Հետքի» փոխխմբագիր Լիանա Սայադյանն էլ ասաց, որ արված աշխատանքը հայաստանյան մեդիաշուկայի մասին մեծ տեղեկատվություն կտա, չնայած չի լինի բացահայտում։ «Թվում է, թե բոլորս ամեն ինչ գիտենք բոլորի մասին, բայց լայն հասարակությունը ամբողջական պարկերացում չունի, քիչ պատկերացում ունի մեդիա դաշտի մասին։ Հնարավոր չէր այս կարճ ժամանակահատվածում ուսումնասիրել ամբողջ մեդիադաշտը, բայց մենք ընտրել ենք դրանք ըստ լսարանի մեծության։ 42 լրատվամիջոցի մասին ինֆորմացիա կա կայքում, այդ թվում՝ տպագիր միջոցներ, հեռուստատեսություններ, ռադիոներ, լրատվական կայքեր»,- ասաց Սայադյանը։
Ըստ նրա՝ այսպիսով վերջ կդրվեն շշուկներին, թե որ լրատվամիջոցն ում է պատկանում, քանի որ կայքը քարտեզագրել է լրատվամիջոցների սեփականության կառուցվածքը։ Ի դեպ, Լիանա Սայադյանը պատմեց, որ հետազոտության իրականացման ժամանակ խնդիրների բախվել, պարզվել է, որ «որոշ խմբագիրներ ավելի անհասանելի էին, քան քաղաքական գործիչները», ուստի ստիպված են եղել մեծ ջանքեր գործադրել նրանց հետ համագործակցելու, որոշակի տեղեկատվություն ստանալու համար։
Մոնիթորինգային թիմի ղեկավար՝ GMR-ը ներկայացնող Նաֆիսա Հասանովան ներկայացրեց կայքը, պատմեց բաժինների մասին ու նշեց նաև, որ Հայաստանն առաջին երկիրն է Հարավին Կովկասում, որտեղ հասանելի է նման քարտեզ։ «Այս մոնիթորինգը նման է ռենտգեն մեքենայի, սա տվյալ պահի մեդիա պատկերն է։ Ամբողջ շուկայի մասին ինֆորմացիան այսուհետ մեկ տեղ է ներդրվում»,- նշեց նա։