Ինչպիսի՞ն է ժամանակակից հայ երիտասարդ տղամարդու կերպարը։ Ինչպիսի՞ ֆիզիկական ու հոգևոր կերտվածք պետք է ունենա նա, որպեսզի համարվի առնական։ Առնականությունը ուժի՞, բռնությա՞ն, թե հոգատարության ու աջակցող լինելու հոմանիշն է։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) աջակցությամբ TeensLIVE Հայաստանը արդեն երկրորդ անգամ իրականացրել է «Դրական առնականություն» հետազոտությունը և փորձել պարզել, թե երիտասարդ հայ տղամարդու կերպարը ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել։
16-25 տարեկան 2100 երիտասարդների շրջանում իրականացված առցանց, անանուն հարցումները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ տեղի է ունեցել մշակութային զգալի տեղաշարժ, որը թույլ է տալիս մասամբ հրաժարվել կոշտ, վնասակար կարծրատիպերից և ձևավորել տղամարդու ավելի աջակցող ու հոգատար կերպար։ TeensLIVE Հայաստանի գենդերային հարցերով պատասխանատու Արմի Մկրտչյանն ասում է, որ իրենց նպատակն է խթանել դրական առնականության հատկանիշների տարածմանը և ամրապնդմանը։ Խոսել Հայաստանում առկա գենդերային բռնության, ընտանեկան բռնության ու թունավոր առնականության կապի մասին։ Օգնել երիտասարդներին ստեղծել ոչ բռնի միջավայր։
Առնական, առնականություն բառերը մեր հասարակության մեջ հիմնականում ասոցացվում են ֆիզիկական և արտաքին տվյալների հետ։ Հետազոտությունը, որը վերջերս իրականացրել եք անդրադառնում է դրական և թունավոր առնականություն երևույթներին։ Ի՞նչ վարքագիծ է թաքնված այս արտահայտությունների հետևում։
Թունավոր առնականություն ասելով՝ հիմնականում նկատի ունենք, որ հասարակության մեջ ուժեղ, առնական տղամարդու կերպարի բնութագրիչներն են վերահսկողության, իշխանության և բռնության ձգտումը։ Կարծում եմ կհամաձայնեք, որ մեր հասարակությունը կեղծ պատկերացումներ ունի տղամարդու կերպարի մասին, օրինակ, որ նա չի կարող լաց լինել, ցույց տալ իր էմոցիաները, դժվարությունները կամ վախերը։
Ի հակադրություն այս ընկալումների՝ դրական առնականությունը ենթադրում է հոգատարություն, պատասխանատվություն և հավասարություն։ Այստեղ շատ կարևոր է նաև հենց էմոցիաների ընդունումը։ Եվ հետաքրքիր է, որ ըստ հետազոտության՝ կանանց ու տղամարդկանց պատկերացումները առնականության մասին որոշակիորեն տարբեր են։ Կանայք առնականությունը ներկայացնում են ավելի քիչ իշխանության և ավելի շատ աջակցող գործընկերության շրջանակում՝ կարևորելով հոգատարությունը, պատասխանատվությունը, ուշադրությունը ընտանիքի, երեխաների նկատմամբ, էմոցիոնալ բացությունը։
Ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ կարևորում են ինքնաբավությունը, պատիվը, ուժն ու խելքը։ Նրանց համար կարևոր է «պատիվը բռունցքներով պաշտպանել»-ը, «կնոջից ավելի խելացի/հաջողակ լինելու» գաղափարը։ Տղամարդկանց պատասխաններում շատ քիչ տեղ է գրավում էմոցիոնալ բաց հաղորդակցությունը և հոգատարությունը։

«Դրական առնականություն»․ կոմիքսներ
Հետազոտությունն ուսումնասիրելիս ակնհայտ էր, որ բոլոր հարցերի միջոցով փորձ էր արվում բացահայտել թունավոր առնականության և ընտանեկան բռնության կապը։ Հետաքրքիր է մասնակիցների կարծիքով կա՞ այս երկու երևույթների միջև պատճառահետևանքային կապ և նրանք ինչպե՞ս են բնորոշել այն։
Այո, հետազոտության գլխավոր նպատակներից է եղել հենց հասկանալ, տեսնել այդ կապը և վերջնարդյունքում նպաստել բռնության նվազեցմանը։ Հարցման արդյունքներով՝ կանանց 49.14%-ը համակարծիք է եղել այն պնդմանը, որ առնականության որոշ դրսևորումներ կարող են հանգեցնել ընտանեկան բռնության։ Տղամարդկանց զգալի մասը՝ 44.19%-ը, որևէ պատճառահետևանքային կապ և ընդհանրություն չի տեսել առնականության որոշ դրսևորումների և ընտանեկան բռնության միջև։
Մեզ համար առանձնապես մտահոգիչ արդյունք էր այն փաստը, որ որոշ դեպքերում թունավոր առնականությունը նորմալացվում էր։ Տղամարդկանց 15.67%-ը որոշ չափով հանդուրժում է «երբեմն կնոջը ծեծելու » գաղափարը։ Այսինքն տղամարդկանց որոշ հատվածի համար բռնությունը որոշ դեպքերում շարունակում է նորմալ համարվել։ Մինչդեռ կանանց 92.71%-ը լիովին մերժել է այս կարծիքը։
Առնականության վերաբերյալ այս կամ այն պատկերացումները, գենդերային կարծրատիպերը ինչպե՞ս են ձևավորվում հասարակության շրջանում։ Որո՞նք են այն հիմնական գործոնները, որոնք էական ազդեցություն են ունենում։
Թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց կարծիքով առնականության ձևավորման վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործոնը ընտանիքը և ընտանեկան միջավայրն են։ Այսինքն, ընդհանուր համաձայնություն կա, որ ընտանեկան մոդելը, որը տեսնում ենք վաղ մանկության տարիներից սկսած, էականորեն ազդում է մեր ընկալումների վրա։ Երկրորդ կարևոր գործոնը ընկերական շրջապատն ու հասարակությունն են, իրենց իսկ սահմանած կանոններով ու ընդունելի նորմերով։
Ներեցեք ձևակերպմանս համար «լավ տղայի» կերպարը կամ ընկալումը, բավականին արմատացած է մեր հասարակության մեջ։ Երբեմն տեսնում ենք, որ այդ համայնքը շատ անհանդուրժող ու դաժան կարող է լինել ոչ միայն կանանց այլ նաև այն տղաների նկատմամբ, որոնք պարզապես չեն կիսում այդ մոտեցումներն ու արժեհամակարգը։
Այո, խնդիրն այն է, որ տղաները հայրիշխանական կամ այդ «լավ տղաների» միջավայրում ընդունվելու համար պետք է լինեն այդպիսին, այլապես կպատժվեն։ Այդ պատիժը կարող է լինել ծաղրելու, բուլինգի ենթարկելու տեսքով, թեպետ ավելի վատ դեպքեր էլ են լինում։ Մենք, հաճախ թունավոր առնականության մասին խոսելով, անդրադառնում ենք հիմնականում ընտանեկան բռնությանը, բայց այս հայրիշխանական ընկալումները չկիսող տղաներն էլ են ենթարկվում բռնության։ Եվ ստացվում է, որ բոլոր դեպքերում բռնարարը տղամարդն է։ Եվ բոլոր դեպքերում, երբ մենք խոսում ենք բռնության անընդունելիության մասին, մենք պետք է մերժենք բոլորի նկատմամբ իրականացվող բռնությունները, այդ թվում նաև տղամարդկանց։

«Դրական առնականություն»․ կոմիքսներ
Իսկ մեդիան ի՞նչ տեղ է զբաղեցնում այս ընկալումների ձևավորման գործում։
Մեր մասնակիցների կարծիքով առնականության ընկալման ձևավորման գործում մեդիան երկրորդական դերակատարում ունի։ Ցուցանիշների առումով ազդեցության ամենափոքր մասը բաժին է ընկնում հեռուստաընկերություններին, քանի որ երիտասարդների շրջանում դիտելիության մակարդակը շատ ցածր է։ Սակայն, բոլորս էլ գիտենք, որ հեռուստասերիալները, որտեղ առնականության հետ կապված շատ խնդրահարույց դրվագներ կան, կարծրատիպային մոտեցումներ կան, ակտիվորեն տարածվում են համացանցում և հասնում իրենց թիրախային լսարանին։ Օրինակ, երիտասարդների, դպրոցականների մասին շատ ֆիլմեր կան, որոնք իբրև թե բուլինգն ու բուլլերներին են քննադատում, բայց իրականում տարածում ու ամրապնդում են նույն գենդերային կարծրատիպերը։ Օրինակ, տղան գալիս է, օգնում է իր խեղճ դասընկերուհուն, փրկում ու տանում է նրան։ Կարծրատիպային պատմություններ շատ կան։
Մյուս խնդիրն էլ այն է, որ թունավոր առնականությունը ներկայացվում է որպես «հիմնականում բացասական, բայց գրավիչ»։ Օրինակ, նմանատիպ հեռուստասերիալներում շատ է պրոպագանդվում ծխելը, դա համարվում է ուժի, առնականության բաղկացուցիչ։ Սա հենց բացասական, բայց գրավիչ լինելու օրինակ է։ Կամ բացասական հերոսը ներկայցվում է այնպես, որ հանդիսականը վերջնարդյունքում սկսում է սիրել նրան, արդարացնել կամ ընդունել նրա բացասական վարքը։
Առավել խնդրահարույց օրինակներ ու պատմություններ տեսնում ենք գովազդներում։ Միշտ կա այն կարծրատիպը, որ տղամարդը ընտանիքի հիմնական վաստակողի դերում է, իսկ կինը՝ սպասարկողի։ Հումորային հաղորդումներում կամ ֆիլմերում էլ բռնությունն է դառնում ծաղրի թեմա, սակայն ոչ թե քննադատության իմաստով, այլ երգիծանքի, կարծես շատ թեթև ինչ-որ բան է տեղի ունեցել․ դե ընդամենը մի հարված է եղել, մի փոքրիկ կապտուկ է, ոչ մի կարևոր բան։
Իսկ եթե վերլուծենք սոցցանցային տիրույթը՝ բլոգերների, ինֆլուենսերների հրապարակումները, հումորային հոլովակները, գենդերային կարծրատիպերի վերարտադրման կամ առնականության մասին պատկերացումների առումով դրակա՞ն, թե բացասակա՞ն շեշտադրումներ կտեսնենք։
Այսօր սոցիալական մեդիայում շատ թունավոր միջավայր է ստեղծվել, մեծ քանակությամբ կնատյաց խոսույթ կա։ Այս պատկերը հատկապես շատ տարածված է ՏիկՏոկ-ում։ Սրանք չեն կարող չազդել առնականության ձևավորման վրա։
Բռնությունը երգիծանքի վերածելու բազմաթիվ փորձեր են լինում նաև բլոգերների ռիլերում։ Հաճախ հոգեբանական բռնությունն է ներկայացվում որպես շատ չնչին, թեթև մի բան կամ անձնային սահմանների պահպանման թեման է դառնում հումորի առիթ և այլն։ Իհարկե, հումորը, սատիրան շատ կարևոր գործիք է բռնաճնշման դեմ պայքարում, բայց Հայաստանում կարծես հակառակն ավելի տարածված է․ հումորը զոհին ավելի է զոհականացնում ու տպավորություն է, թե բռնաճնշողին է աջակցում։
Շատ տղամարդ բլոգերներ կանանց կերպարներ են ստեղծում ու ներկայացնում նրանց տարբեր իրավիճակներում։ Առաջին հայացքից պարզ հումորային դերախաղ է, որն իրականում բավականին խնդրահարույց է։ Հարց է, թե ինչո՞ւ են մարմնավորում սոցիալական խնդիրներ ունեցող, ոչ արտոնյալ դիրքերում գտնվող կանանց։ Մենք ծաղրում ենք արդեն իսկ խոցելի իրավիճակում գտնվող կնոջը, ոչ թե որևէ արարք կամ իրավիճակ, այլ հենց նրան, նրա կյանքը, ապրելակերպը, կերպարը։ Մենք նման նվաստացուցիչ հումոր չենք տեսնի հարուստ, իշխանություն, դիրք ունեցող կանանց մասին։ Այս որակի հումորը կարող է շատ վտանգավոր մտածելակերպ ու ընկալումներ ձևավորել խոցելի խմբերի և առհասարակ գենդերային ինքնության հանդեպ։

«Դրական առնականություն»․ կոմիքսներ
Դուք նշեցիք բազմաթիվ դեպքեր, երբ մեդիան վերարտադրում է գենդերային կարծրատիպեր, դառնում առնականության սխալ ընկալման ձևավորող։ Բացի իր գործունեությունը ֆիլտրելուց և նման խնդրահարույց բովանդակությունը նվազեցնելուց, ի՞նչ պետք է անի մեդիան, ինչպե՞ս պետք է խոսի, որ ոչ միայն չվնասի, այլև օգնի։
Իհարկե, շատ կարևոր է, որ մեդիան այս թեմաներին անդրադառնա, գրի, խոսի այս մասին։ Սակայն մենք միշտ ասում ենք, որ ոչ թե պետք է, որ ԶԼՄ-ները, հեռուստաընկերությունները, ֆիլմարտադրողները կամ մյուս մեդիադեմքերը իրենց աշխատանքներում խոսեն հենց բուն գենդերային հավասարության մասին, օրինակ առանձին հոդվածներ գրեն կամ հաղորդումներ պատրաստեն հենց այդ թեմայով, այլ շատ կարևոր է, որ ցանկացած աշխատանքում, ցանկացած հրապարակման, գրառման մեջ կիրառվի գենդերային ոսպնյակ կոչվածը։
Այսինքն, մենք միշտ մեզ պետք է հարց տանք․ ի՞նչ գենդերային կարծրատիպերի, կողմնակալությունների կրող ենք մենք և որքանով ենք կարողանում դրանք չներառել մեր աշխատանքներում։ Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ տարբեր հոդվածներ, գովազդներ, որոնք լրիվ այլ թեմայի մասին են, լրիվ այլ կետից սկսվում են և հանկարծ ինչ-որ մի կետում ակամայից, ոչ միտումնավոր, շեղվում են իրենց բուն թեմայից, խտրականացվում ու փոխանցում կարծրատիպեր։ Օրինակ, հոդվածը, հոլովակը թենիսիստի մասին է հանկարծ չգիտես ինչո՞ւ նյութում կարևորվում է նրա կին լինելը։ Հաճախ շատ գենդերային կարծրատիպեր լրագրողի կամքից անկախ են նյութում ներառվում։ Աստեղ էլ կարևոր է, որ խմբագիրները որպես երկրորդ աչք կարողանան այդ գենդերային ոսպնյակով նայել։
Իհարկե ունենք այսօր լրատվամիջոցներ, որոնք մշտապես փորձում են հավատարիմ մնալ այդ «մի՛ վնասիր» սկզբունքին, բայց խնդիրն այն է, որ ինֆորմացիոն հոսքը չափից շատ է։ Մարդը չի կարողանում ճիշտ ֆիլտրել։ Եվ քանի որ մարդու աչքը միշտ ավելի արագ տեսնում է սկանդալային, շոկային վերնագրեր պարունակող նյութերն ու գրառումները այն որոկյալը հաճախ մնում է ստվերում։
Դա է պատճառը, որ մենք օրինակ մեր գործունեության ընթացքում շեշտը դրել ենք երիտասարդներին օգնելու, զտված ինֆորմացիա փոխանցելու, նրանց հարցերին մասնագիտական պատասխաններ տալու վրա։ Հենց այս հետազոտության արդյունքում օրինակ ստեղծել ենք «Դրական առնականություն» ուսումնաօժանդակ ձեռնարկ 7-10-րդ դասարաններում «Առողջ ապրելակերպ» դասընթացի համար։ Դեռևս անցած տարվանից գործում է Բարուժան տելեգրամյան բոտը, որն այժմ աշխատում է արհեստական բանականության միջոցով։

Բարուժան տելեգրամյան բոտ
Հենվելով մեր փորձագետների հոդվածների և վստահելի աղբյուրների վրա՝ նա անհատականացված կերպով պատասխանում է գենդերի և առնականության վերաբերյալ օգտատերերի տարբեր հարցումների։ Մենք նաև սոցիալական մեդիա արշավ ենք իրականացրել, որի ընթացքում 3 ինֆլուենսերներ ռիլեր են պատրաստել։ Նրանց օգնությամբ ներկայացրել ենք տնային չվճարվող աշխատանքի, սեռական բռնության և ագրեսիայի կառավարման թեմաները։ 4 կոմիքսներ ենք պատրաստել, որոնք անդրադառնում են այն կարծրատիպերին, որոնք հաճախ մարդիկ չեն էլ նկատում կամ առաջին հայացքից խնդրահարույց չեն համարում՝ օրինակ Ինստագրամի գաղտնաբառը կիսելը, որը բնականաբար հաճախ վերաբերում է աղջիկներին։ Տղաները պատճառաբանում են իբր խանդում են կամ որ դա սիրո նշան է և այլն։ Բայց սա բացահայտ վերահսկողություն է, իշխանության ձգտում է, որն արդեն իսկ բավականին մտահոգիչ է։
Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում կկարողանանք լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են եկել հետազոտության արդյունքում։