Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող

Հոկտեմբերի 1-ին «Հայաստան խմբակցության» պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում միայն 2024 թվականին 50 հազար քաղաքացու քաղցկեղ է ախտորոշվել։

«Նախ ուզում եմ արձանագրել, թե չարորակ նորագոյացություններով քանի հիվանդություն է ախտորոշվել քաղաքացիների մոտ։ Միայն 2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդությունը»,- ասաց նա։

Ի պատասխան՝ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում Խամոյանի հայտարարությունը մոլորեցնող որակեց և ասաց, որ 50 հազարը քաղցկեղ ունեցողների ընդհանուր թիվն է Հայաստանում, իսկ 2024 թվականին հիվանդությունն ախտորոշվել է 7000 անձի․

«․․․ Ինչպես ի պատասխան նրա գրավոր հարցմանն ենք ներկայացրել, հիմա ևս վերահաստատում ենք. 2024 թվականի դրությամբ ՀՀ-ում ՀԱՇՎԱՌՎԱԾ Է քաղցկեղ ունեցող 50 հազ. քաղաքացի, որոնցից առաջնակի հիվանդներն են 7000-ը»,- գրել էր մամուլի խոսնակը:

Ագնեսա Խամոյանը «Ստուգված է»-ին փոխանցեց, որ «շփոթ է տեղի ունեցել, իրականում 50 հազարը քաղցկեղով հաշվառվածների թիվն է, իսկ 2024-ին առաջնակի հիվանդների թիվը 7000 է, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում»։

«Ստուգված է»-ն, սակայն, պարզել է, որ հրապարակված բոլոր թվերն էլ չեն արտացոլում Հայաստանում քաղցկեղով հաշվառվածների և 2024-ին արձանագրված նոր դեպքերի իրական ցուցանիշները։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024 թվականի դրությամբ Հայաստանում կա քաղցկեղ ունեցող 70 673 անձ։

 


Իսկ 2024-ին արձանագրված նոր դեպքերի քանակը 10,180 է։

Քաղցկեղ ունեցողների թիվը, ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի, 50 հազարին ամենամոտը եղել է 2019-ին և 2020-ին, համապատասխանաբար՝ 50,300 և 50,416 քաղցկեղ ունեցող։



Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ իր հրապարակած 50 հազար թիվը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք բուժում են ստանում պետպատվերի շրջանակում` օգտվելով տարբեր միջոցառումներից:

Այսպիսով, Ագնեսա Խամոյանի պնդումը, թե 2024-ին 50 հազար քաղաքացու դեպքում արձանագրվել է քաղցկեղ, սխալ է։ Իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե Հայաստանում քաղցկեղ ունեցողների կամ քաղցկեղով հաշվառվածների թիվը 50 հազար է։ Իրականում, 2024 թվականի տվյալներով, Հայաստանում կա քաղցկեղ ունեցող 70,673 անձ։

 

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել