Շվեդական Fojo լրագրողական կազմակերպությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ Հայաստանի լրատվամիջոցներին հրավիրում է մասնակցելու միջազգային ծրագրի, որը նվիրված է արհեստական բանականության տեխնոլոգիաների ազդեցությանը լրագրության և մեդիայի դաշտի վրա։
Ընտրված խմբագրությունների ներկայացուցիչները կմասնակցեն դասընթացներին հիբրիդային ձևաչափով, այդ թվում՝ առցանց, կամրապնդեն գործնական հմտությունները, կքննարկեն էթիկական մարտահրավերներն ու իրական դեպքերը, որոնք վերաբերում են ԱԲ-ի օգտագործմանը մեդիայում, ինչպես նաև կփոխանակեն փորձը արտերկրի գործընկերների հետ։ Ծրագրի շրջանակում խմբագրությունները հնարավորություն կունենան մշակել փոքր նախագծեր, որոնցից լավագույնները աջակցություն կստանան իրականացման համար։
Ծրագիրն նախատեսված է Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի համար, և, հաշվի առնելով մասնակիցների լեզվական բազմազանությունը, դասերը կանցկացվեն անգլերեն և ռուսերեն։ Անգլերենից թարգմանություն կարող է ապահովվել միայն առցանց մոդուլների ընթացքում, ուստի անգլերենի իմացությունը կարևոր է։
Դպրոցի հիմնական ուղղություններն են.
- ԱԲ-ն և մեդիայի ապագան․ հնարավորություններ ու սպառնալիքներ, անվտանգային ռիսկեր, ԱԲ հմտությունների զարգացում։
- ԱԲ-ն լրագրողական պրակտիկայում․ աշխատանք տեքստերի, պատկերների և տեսանյութերի հետ, ԱԲ-ի կիրառումը փաստերի ստուգման, հետաքննությունների իրականացման և ապատեղեկատվության դեմ պայքարում։
- Էթիկա, կարգավորում և ԱԲ-ի օգտագործման խմբագրական քաղաքականություն ու ռազմավարություն։
- ԱԲ-ն՝ մենեջմենթում և մարքեթինգում․ SEO, սոցիալական մեդիա, չաթ-բոթեր, ավատարներ, խմբագրության կառավարման գործընթացներ։
- Մշակված նախագծերի ներկայացում (pitching)։
Մասնակցության պայմաններ
Ծրագրի ուսումնական բաղադրիչը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլ։ Խմբագրություններից ակնկալում ենք լիակատար ներգրավվածություն։ Խմբագրությունը կարող է ընտրել թիմից մինչև երեք անդամ, քանի որ տարբեր մոդուլներում կարող են մասնակցել տարբեր ներկայացուցիչներ՝ կախված մոդուլի թեմատիկայից և մասնագիտացումից։
Անցանց (offline) մոդուլներում կարող է մասնակցել խմբագրությունից միայն մեկ ներկայացուցիչ, առցանց (online) մոդուլներում՝ մեկից ավելի։
Վկայականներ կտրվեն միայն այն խմբագրություններին, որոնց ներկայացուցիչները մասնակցել են ծրագրի առնվազն 85%-ին։ Նախընտրելի է, որ դիմումը լրացնեն խմբագրություններում որոշումներ ընդունող անձինք՝ խմբագիր, տնօրեն և այլն։
Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք անցնել այս հղումով, որտեղ կգտնեք հայտարարության և հայտի ռուսերեն տարբերակները։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 10-ը։
Դպրոցը իրականացվում է Շվեդիայի Fojo մեդիա ինստիտուտի «Advancing digital transition and empowering independent media in Eastern Europe» (Թվային փոխակերպման խթանում և անկախ մեդիայի հզորացում Արևելյան Եվրոպայում) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեդական ինստիտուտի կողմից։