Կիբեռբուլինգ, ֆիշինգ, օգտահաշիվների կոտրում, երբեմն էլ կեղծ լուսանկարների ու դիփֆեյքերի միջոցով շանտաժ կամ առցանց սեռական շահագործման և բռնության որևէ դրսևորում․ սա այն է, ինչին կարող են բախվել երեխաներն ու դեռահասները առցանց տիրույթում։ Թվային իրականության մեջ երեխաների անվտանգությունն ապահովելու և նրանց ավելի պաշտպանված դարձնելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՍայբերՀաբը ստեղծել են կիբեռանվտանգության առաջին առցանց հարթակը՝ ԿիբեռՉատը։ 

Ֆեյսբուք, Ինստագրամ, ՏիկՏոկ, Տելեգրամ, Վոթսափ հարթակներում 24/7 հասանելի, անվճար ու անանուն այս հարթակը տրամադրում է խորհրդատվական աջակցություն թվային տիրույթում իրենց ունեցած խնդիրների մասին բարձրաձայնող բոլոր երեխաներին ու դեռահասներին։ 

ՍայբերՀաբի ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանն ասում է, որ հարթակի «Ի՞նչ անել, եթե․․․» բաժնում ներկայացված են այն հիմնական իրավիճակներն ու խնդիրները, որոնց բախվում են երեխաներն ու դեռահասները թվային տիրույթում․ օրինակ՝ ի՞նչ անել, եթե կոտրել են օգտահաշիվը, կամ եթե երեխան ենթարկվում է կիբեռբուլինգի և այլն։ 

Կախված իրավիճակից՝ հարթակն առաջարկում է հստակ գործողությունների հաջորդականություն՝ խնդրին տեխնիկական, իրավական կամ հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով։ Յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ պատրաստված են նաև փոքրիկ տեսանյութեր, որտեղ մասնագետները պատմում են, թե ինչ է պետք անել տվյալ իրավիճակից դուրս գալու համար։ 

էկրանապատկերը՝ chat.cyberhub.am-ից

«Հարթակն ադապտացված է ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար։ ԿիբեռՉատ մուտք գործելիս օգտատերը պատասխանում է՝ երեխա՞ է, թե ծնող կամ խնամակալ հարցին, և կախված պատասխանից՝ հարթակն ադապտացնում է տրամադրվող տեղեկատվությունը։ Հարթակում առանձնացված է նաև «Ռեսուրսներ» բաժինը, որից կարող են օգտվել ծնողները, խնամակալները կամ ուսուցիչները՝ երեխաներին աջակցելու և առցանց սպառնալիքներին ճիշտ արձագանքելու համար։ Այդ բաժնում ներկայացված են ՍայբերՀաբի մշակած տարբեր ուղեցույցեր, հոդվածներ, խորհուրդներ, որոնք կարող են օգտակար լինել։ Թեմատիկ տերմինները ներկայացնելու համար էլ առանձնացրել ենք նաև «Բառարան» բաժինը, որտեղ օգտատերերը կգտնեն իրենց համար կարևոր տեղեկատվություն»,— ասում է Ալեքսանդր Մարտիրոսյանը։ 

Թեպետ ԿիբեռՉատի գործունեության մեկ ամիսն էլ դեռ չի լրացել, հարթակն արդեն ստացել է բազմաթիվ նամակներ ու օգնության դիմումներ։ Ալեքսանդրն ասում է, որ իրենց դիմած օգտատերերի 90%-ին հետաքրքրել է տեխնիկական աջակցությունը, իրավական աջակցության կարիք է ունեցել ընդամենը 10%-ը, իսկ հոգեբանական աջակցության համար դեռևս հայտեր չեն եղել։ Հարթակի միջոցով իրենց հուզող հարցերի պատասխանները փնտրող ծնողների և երեխաների մասնակցությունն էլ եղել է հավասար։ Ծնողները հիմնականում անհանգստացած են երեխաների առցանց անվտանգությանը վերաբերող խնդիրներով, դեռահասներն էլ՝ կոտրված օգտահաշիվներով և դրանց միջոցով շանտաժի ենթարկվելու դեպքերով։ 

«Երբ մենք ծանուցում ենք ստանում, որ, օրինակ, այս օգտատերը դիմել է աջակցության համար, նախ նրա հետ սկսում է աշխատել օպերատորը։ Ասեմ նաև, որ ունենք թեժ գիծ՝ 055-228-811, որը ևս 24/7 հասանելի է։ Օպերատորը դիմումը ստանալուց հետո ճշտում է բոլոր անհրաժեշտ մանրամասները և, ըստ դիմումատուի ցանկության, հայտը ներկայացնում է կամ տեխնիկական, կամ իրավական, կամ հոգեբանական աջակցության թիմի մասնագետներին։ Մենք նաև համագործակցում ենք Ներքին գործերի նախարարության հետ և որոշ դեպքեր անանուն կերպով քննարկում ենք նրանց հետ՝ հասկանալու համար, թե իրավական ի՞նչ ճանապարհ կա, որը ամենաքիչը կվնասի երեխային և ի՞նչ աջակցություն կարող ենք ցուցաբերել, որը կբխի երեխայի լավագույն շահից»,— ասում է ՍայբեՀաբի ծրագրերի ղեկավարը։ 

Նախաձեռնության հեղինակների նպատակն է, որ ԿիբեռՉատը դառնա վստահության գործիք և յուրաքանչյուր երեխա վստահ լինի, որ ինքն առցանց տիրույթում մենակ չէ ու կարող է լինել պաշտպանված։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը հիշեցնում է, որ 2023-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված «Հայաստանի երեխաներն առցանց» հետազոտությունը ցույց տվեց՝ երեխաներն ու պատանիները թվային աշխարհում չեն դիտարկում իրենց ծնողներին կամ ուսուցիչներին՝ որպես տեղեկատվության կամ օգնության աղբյուր։ Խնդրի դեպքում նրանք կամ պատասխաններն ու լուծումները փնտրում են համացանցում, կամ դիմում են հասակակիցներին։ 

«Ստացվում է, որ մենք վերապատրաստում ենք ծնողներին կամ մեդիագրագիտություն ենք փորձում սովորեցնել ուսուցիչներին, բայց երեխաները չեն դիմում նրանց։ Արդյունքում մենք այս խնդրին չենք տալիս թիրախային լուծում։ Երեխաները հայտնվում են ավելի վտանգավոր իրավիճակում, քանի որ ո՛չ ծնողները, ո՛չ էլ որևէ վստահելի մեծահասակ տեղյակ չէ, թե ինչ խնդիրների է երեխան բախվում։ Մեզ համար ակնհայտ դարձավ, որ երեխաների համար պետք է ստեղծել վստահելի միջավայր, վստահելի հարթակ, որին կկարողանան դիմել ու պատմել առցանց տիրույթում ունեցած խնդիրների մասին։ Անհրաժեշտության դեպքում նրանք պետք է կարողանան նույնիսկ անանուն դիմել։ Նրանց ծնողները ևս պետք է ունենան մասնագիտական աջակցություն ստանալու հնարավորություն՝ թվային միջավայրում իրենց երեխաների անվտանգության վերաբերյալ որևէ խնդիր կամ կասկած ունենալու դեպքում»,— ասում է Վիկտորյա Օհանյանը։ 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծում է, որ անհրաժեշտության դեպքում ԿիբեռՉատը կարող է դառնալ երեխայի և նրա լավագույն շահը սպասարկող պետական կառույցի միջև կարևոր օղակ։ Օրինակ՝ եթե երեխան հայտնվել է մի իրավիճակում, որի լուծումը սոցիալական ծառայությունների դաշտում է, ապա ԿիբեռՉատը կարող է օգնել երեխային կամ նրա ընտանիքին դիմել և ստանալ անհրաժեշտ օգնությունը պատկան մարմիններից։ 

ԿիբեռՉատն այս փուլում համագործակցում է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ և փորձում դպրոցների միջոցով երեխաներին տեղեկացնել նոր հնարավորության ու նոր հարթակի մասին։