Այսօր, երբ մեկ քլիքը բավարար է անհրաժեշտ ինֆորմացիան գտնելու համար, ծավալուն տեղեկատվությունն էլ կարելի է արհեստական բանականության գործիքների օգնությամբ ընդամենը մի քանի րոպեի ընթացքում վերլուծել, կրճատել կամ համեմատել այլ աղբյուրից ստացված բովանդակության հետ․ հարց է առաջանում` ինչո՞ւ մարդը պետք է գնա գրադարան կամ գրադարանը ի՞նչ պետք է անի, որ չկորցնի իր կարևորությունը։
Թվային դարաշրջանում գրադարանների դերակատարումն ամողջությամբ փոխվել է․ գրադարանները դարձել են հանրային վստահության կենտրոններ, տեղեկատվական «ֆիլտրեր» և համայնքային զարգացման հարթակներ։
2023 թվականին Կառավարությունը ընդունեց ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգ, ըստ որի խնդիր է դրված բարձրացնել հասարակության տարբեր խմբերի մեդիագրագիտության մակարդակը։
Եվ այս գործընթացում պետք է ներգրավված լինեն նաև գրադարանները։
«Էնցիկլոմեդիա» փոդքասթի հինգերորդ եթերաշրջանի առաջին էպիզոդում, փորձելու ենք հասկանալ, թե հայաստանյան գրադարանները որքանո՞վ են պատրաստ ենթարկվել այս տրանսֆորմացիային, որքանով են պատրաստ դառնալ մեդիակենտրոններ ու նպաստել համայնքներում մեդիագրագիտության զարգացմանը։
Այս էպիզոդի հյուրերն են մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանը և «Շառլ Ազնավուրի անվան գրադարան»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթև Բաբայանը։