Գրադարանը՝ ոչ թե գիրքն է, այլ՝ գրադարանավարը, ասում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով Հայաստանում ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգի շրջանակներում գրադարաններում մեդիակենտրոններ ստեղծելու մասին։ Նա նշում է, որ այս հայեցակարգի իրականացման համար տարիներ են պետք, քանի որ հարկավոր են բանիմաց գրադարանավարներ, ովքեր ոչ միայն կարդացած կլինեն, այլև՝ կկարողանան մարդկանց վարակել ընթերցանությամբ։
Ձեր պատկերացմամբ, ի՞նչ է նշանակում գրադարաններում մեդիակենտրոններ ստեղծել։ Ի՞նչ է դա տալու։
Գրադարանում ամենակարևորը գիրքը չէ, կահավորումը չէ, գրադարանում ամենակարևորը գրադարանավարն է։ Գրադարանը պետք է ձևավորվի ու գործի գրադարանավարի շուրջ։ Կա գրադարանավար, ուրեմն կա գրադարան։
Հայաստանում, գլոբալ իմաստով, չկան գրադարանավարներ։ Կան բացառիկ կարդացած մարդիկ, որոնք, ցավոք, գրադարաններում չեն աշխատում։
Ինչպիսի՞ն է Ձեր պատկերացրած գրադարանավարը։
Գրադարանավարը ոչ միայն պետք է իմացություն ունենա ներկայացված գրքերից, սիրի գրականությունը, այլև ունենա բլոգերի հմտություններ։ Գուցե ասածս զարմանալի հնչի, բայց բլոգերին բնորոշ հմտությունների շնորհիվ է, որ գրադարանավարը կարող է ընթերցող ներգրավել, ընթերցողի մոտ հետաքրքրություն առաջացնել գրքի նկատմամբ։
Ընթերցանության մակարդակը մեր երկրում շատ ցածր է։ Ըստ ԿԳՄՍ տվյալների՝ 2020 թվականին Հայաստանում տասը տարեկան աշակերտների 47,7 տոկոսն անբավարար է ստացել ընթերցանությունից։ Սա նշանակում է, որ կա՛մ կարդալ չգիտեն, կա՛մ կարդացածը չեն հասկանում։ Իրավիճակը կարող են փոխել կարդացած մարդիկ, որոնք կառաջնորդեն, կլինեն հետաքրքրություն առաջացնողներ, կդառնան օրինակ թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար։ Խոսքն, իհարկե, առաջին հերթին, գրադարանավարի մասին է։
Նման մասնագետներին պատրաստել է պետք։ Որտե՞ղ։
Բարդ հարց եք տալիս։ Չգիտեմ։ Նույն կերպ բարդ է պատասխանել այն հարցին, թե ո՞ւմ համարես գրադարանավար։ Օրինակ՝ 200 գիրք կարդացած մարդը կարո՞ղ է լինել գրադարանավար։ Թե՞ ավելի շատ պետք է կարդացած լինի։ Արդյոք այդ կենտրոնները կամ անհատները, որոնք պետք է գրադարանավարների պատրաստեն, չպե՞տք է լինեն ավելի կարդացած։
Հայաստանում ես հինգ մարդ գիտեմ, ում կարող եմ համարել կարդացած․ Արամ Ավետիսը, Հրաչ Սարիբեկյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Զավեն Բոյաջյանը, Արամ Պաչյանը։ Ինչպես տեսնում եք, այս շարքում ես էլ չկամ։
Գրադարանավարի գործը ցանկով գիրք տալը չէ, գրքի տեղն իմանալը չէ, վերցրած գիրքը մուտք ու ելք անելը չէ։ Այս ամենը համակարգիչն անում է։ Բոլոր այն գործառույթները, որոնք բարդվել էին գրադարանավարի գլխին տեխնիկական բացակայությունների պատճառով, այլևս չեն բարդվում։ Ժամանակակից աշխարհում գրադարանավարին մնում է լինել ընթերցող, վարակիչ ընթերցող։
Հիմա հաղորդումներ կան գրքի, գրականության մասին։ Լավ է, իհարկե, ողջունելի է, բայց դրանք գրքի մասին են, ոչ թե գրքի բովանդակության։ Զրույցները ծավալվում են գրքի շուրջ, հեղինակի, ինչ պայմաններում է գրվել գիրքը, ինչու է գրվել։ Հա, գուցե, սա էլ է լավ, բայց զրույց չկա գրքի տողերի, մտքերի, իմաստի մասին։
Պարոն Մարտիրոսյան, հիմա ունենք այն, ինչ ունենք և կա որոշում, որ գրադարանում պետք է մեդիակենտրոն ստեղծվի։ Սա լա՞վ է, թե՞ վատ։
Ենթադրում եմ, որ փոփոխությունն արվում է գրադարանին ավելի լայն իմաստ փոխանցելու համար։ Ի՞նչն է մարդուն դարձնում խելացի, ի՞նչն է զարգացնում մարդուն՝ գիրքը, երաժշտությունը, կտավը, քանդակը և արվեստի մյուս ճյուղերը։ Մեդիակենտրոններում գրքերից բացի լինում են խելացի դառնալու այլ կրիչներ ևս։ Դու կարող ես վերցնել որևէ վինիլ, ֆիլմ, տանել տուն, լսել, նայել ու վերադարձնել։ Մեդիակենտրոններում անցկացվում են քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ․․․ Կարծում եմ, որ իմաստը, սրանում է։
Եթե դու չառնչվես այս կրիչների հետ, եթե դու չխորանաս դրանց մեջ, չվերլուծես, դու չես զարգանա։ Շեշտում եմ՝ խորանաս, հասկանաս, որովհետև կան մարդիկ, ովքեր կարդում են, բայց չեն հասկանում։ Ընթերցանությունն է, որ ձևավորում է միտք, մտածողություն, քննադատական մտածողություն, փորձի փոխանակում, վերլուծություն, սխալը վերլուծելու կարողություն, որոշում կայացնելու ունակություն։ Աշխարհը ղեկավարում են կարդացողները, կարդացողներն են, որ կառավարում են հեռուստադիտողներին։ Եթե ուզում ես հասնել հաջողության, պետք է կարդաս։
Բոլոր գրքերը չեն, որ սովորեցնում են, պարոն Մարտիրոսյան։ Կյանքի նման ռիթմի մեջ մարդը չի կարող կարդալ ամեն ինչ, որպեսզի գտնի իրեն պետքական գիրքը։
Բոլոր գրքերն են սովորեցնում։ Վատ գիրքը սովորեցնում է, որ վատ գրքեր կարդալ պետք չէ, սովորեցնում է, որ տարբերես լավը վատից։
2020 թվականին, պատերազմից առաջ, հանդիպում կար վարչապետի հետ ու խոսք գնաց, որ ուսումնական գրքերը պետք է ազատվեն ավելացված արժեքի հարկից։ Ինձ համար դա զարմանալի էր, դրա համար ես հարցրեցի, թե ո՞րն է ուսումնական գիրքը, արդյոք Կամասուտրան ուսումնակա՞ն է, սովորեցնո՞ղ է։ Բոլորը սպասում էին, թե ինչ պետք է պատասխանի վարչապետը, ու Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այո, սովորեցնում է։ Ես ասացի, բա այդ դեպքում չուսումնական գիրքը ո՞րն է։
Բոլոր գրքերն են ուսումնական, բոլոր գրքերը որևէ բան սովորեցնում են։ Բայց սա չի նշանակում, որ մարդը պետք է կամ կարող է կարդալ բոլոր գրքերը։ Դրա համար էլ կան գրադարանավարներ, որ քեզ օգնեն կողմնորոշվել։ Կարդացիր թեթև գրականություն, օրինակ, սկսեցիր որևէ թեթև գործից, հետո գրադարանավարը քեզ առաջարկի ավելի ուժեղ գործ։ Դիտեցիր կոմեդիա, հետո քեզ առաջարկեցին դիտել Ֆելինի։ Սա է։ Պիտի լինի օգնող ձեռք, կողմնորոշող մարդ, որ ձեռքդ բռնի, քեզ օգնի բարձրանալ աստիճաններով, որ աշխարհայացքդ անընդհատ ընդլայնվի, միտքդ զարգանա։ Գրադարանավարը մարդ է, որը գիտի, թե որն է լինելու իմ հաջորդ գիրքը։
Շվեդիայի դպրոցներում կա ընթերցանության ժամ, որն անցկացվում է գրադարանում, ոչ թե դասասենյակում։ Հեռախոսներն արգելում են, իրար հետ զրուցելը՝ ևս։ Որևէ կոնկրետ գիրք չեն առաջարկում, որ դու սա պետք է կարդաս, նստեցնում են երեխաներին գրադարանում ու իրենք են շրջում, գիրք ընտրում։ Մեկ-երկու օր միայն նայում են, հետո մի բան թերթում են, հետո սկսում են կարդալ։
Երբ Հայաստանում երեխա է ծնվում, լավագույն դեպքում նրան այցելում է մանկաբույժը։ Բայց առաջին հերթին գալիս են բարեկամները։ Շվեդիայում նոր ծնված երեխային այցելում է գրադարանավարը։ Գիրք է բերում, ծվծվացող, երգող, ասում է կարդացեք բալիկի համար, տվեք թող բռնի ու խնդրում է՝ կիսվել երեխայի տպավորություններով, որ հասկանա, թե հաջորդը ինչ գիրք է տալու ծնողին։ Այսպես մինչև 18 տարեկան երեխային գիրք են բերում։
Եթե փոխվելու է միայն անունը, եթե գրադարանները միայն անվամբ են դառնալու մեդիակենտրոններ, իսկ դրանց բովանդակությունը, աշխատելու ոճը, մարդիկ, չեն փոխվելու, ոչինչ էլ չի փոխվի։
Ո՞րն է լուծումը։
Հայտարարել մրցույթ, ուղղարկել մրցույթի հաղթողներին արտերկիր, այնտեղ սովորեցնել, պատրաստել, պատմել գրադարանավարի առաքելության մասին, այդ կադրերով հարստացնել գրադարանները։
Բոլոր ղեկավարներին ես ասել եմ այս ամենը, ինձ պատասխանել են, որ փոփոխությունը շատ բարդ է, երկար ծրագիր է, իսկ մեզ արագ լուծում է պետք։ Այո, նման փոփոխության համար հարկավոր է 20 տարի։ Ավելի արագ չի լինի։ Եթե սկսեինք Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, արդեն ավարտած կլինեինք։
Շատերն, օրինակ, չեն հասկանում, թե ինչպես զարգացնել քննադատական մտածողությունն։ Շատ պարզ՝ կարդալ այնպիսի գիրք, որտեղ նույն երևույթի մասին երկու և ավել կարծիք կա։ Ցուցադրել ֆիլմ, որտեղ նույն իրադարձության մասին երկու և ավել կարծիք կա։ Սա է քննադատական մտածողությունը։
Ուզում ես տրամաբանություն զարգացնել՝ դետեկտիվ կարդա, ուզում ես էմպատիան զարգացնել՝ կենդանական աշխարհի մասին ֆիլմեր նայիր։
Աշխարհը լուծումները վաղուց է տվել, մենք նոր հեծանիվ հորինել չենք կարող։