Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 3-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական իշխանությունը շարունակում է մարդկանց տրամադրել ID-ներ (նույնականացման քարտեր), որտեղ անձի ծագման վայրը նշված է «Արևմտյան Ադրբեջան»: Սա, ըստ Թաթոյանի, հերթական ապացույցն է, որ ադրբեջանական իշխանությունը նպատակ չունի դադարեցնել Հայաստանը զավթելու քաղաքականությունը։

«Հիշեցնեմ, որ ադրբեջանական իշխանությունը շարունակում է տրամադրել ID-ներ (ապագա անձնագրեր), որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը: Կից այդպիսի վկայականներից ևս մեկը»,- գրել է Թաթոյանը և հրապարակել լուսանկար․

Նախկին օմբուդսմենի գրառումը ունի շուրջ 690 հավանում և 670 տարածում։ Գրառումը տարածել էին նաև մի շարք լրատվամիջոցներ (1, 2, 3, 4, 5):

Նույն օրը երեկոյան 5-րդ ալիքի «Հայլուրի» ռեպորտաժում հաղորդավարը նշում էր, որ Բաքվում հաշվառում են «Արևմտյան Ադրբեջանի» բնակիչներին և նույնականացման քարտեր բաժանում․

«Ադրբեջանում մարդկանց պատրաստում են Հայաստանում բնակության, արդեն հայտարարել են, որ ավարտել են Հայաստան գալու համար 100 հազարից ավելի այսպես կոչված «Արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը և գործընթացը շարունակվում է։ ID քարտեր, այլ կերպ ասած՝ ապագա անձնագրեր են բաժանում ադրբեջանցիներին՝ ծննդյան հատվածում գրված Արևմտյան Ադրբեջան ու հայկական որևէ տեղանվան ադրբեջաներեն տարբերակ»,- նշում է լրագրողը։

Ռեպորտաժի ժամանակ ցուցադրվեց ինչպես Թաթոյանի հրապարակած լուսանկարը, այնպես էլ նմանատիպ քարտի այլ օրինակներ․

Էկրանապատկերը՝ 5-րդ ալիքի յութուբյան էջից

«Ստուգված է»-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հրապարակված լուսանկարներում ոչ թե նույնականացման քարտեր են, այլ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» անդամության վկայականներ։ Այդ մասին տեղեկանում ենք՝ ընթերցելով և թարգմանելով վկայականի գրությունը։

Ներկայացվող քարտի վերևում նշված է՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի անդամության վկայական № 007408»։

Ասվածում համոզվում ենք նաև ուսումնասիրելով մի շարք այլ անձանց կողմից հրապարակված վկայականների լուսանկարներն ու դրանց կից գրառումները։

Օրինակ, Ռամին Ամրահով անունով օգտատերը 7 ամիս առաջ Լինքդին սոցիալական հարթակում հրապարակել էր իր վկայականը՝ գրելով․

 «․․․Արևմտյան Ադրբեջանի համայնքի անդամության վկայական ստանալը ինձ համար ոչ միայն փաստաթուղթ է, այլև իմ նախնիների հայրենիքի, արմատների և նախնիների հողի հանդեպ իմ հավատարմության և սիրո հավերժական խորհրդանիշ։ Այս քարտը խորհրդանշում է իմ կապվածությունը անցյալին, իմ ազգի ժառանգության հանդեպ հարգանքը և ապագայի հանդեպ մեծ հավատը»։

Մեկ այլ օգտատեր՝ Բեհրուզ Նիֆտելիևը, 2024 թվականի հոկտեմբերին Ինստագրամի իր էջում հրապարակելով իր և ընտանիքի անդամների վկայականները, գրել էր, որ իրենք ստացել են «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» անդամակցության վկայական և կրծքանշաններ։ 

Ստորագրությունը, որը երևում է վկայականի աջ ներքևի հատվածում, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» տնօրենների խորհրդի նախագահ Ազիզ Ալաքբարլինն է, վերջինս նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր է։ 

Այսպիսով, ներկայացվող քարտերը ոչ թե պետության կողմից տրամադրվող ID-ներ են, այլ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» անդամության վկայականներ։

 Թաթոյանն ավելի վաղ տարածել էր ճիշտ տեղեկություն

Դեռևս օգոստոսի 16-ին Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նմանատիպ անդամության քարտի մեկ այլ օրինակ և իրավացիորեն գրել, որ նկարում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի անդամության վկայականն է։ Նա նաև հավելել էր, որ վկայականն ունի անձը հաստատող պաշտոնական փաստաթղթի (ID card) տեսք։ Թե ինչու է Թաթոյանը որոշել շաբաթներ անց նույնատիպ մեկ այլ քարտ ներկայացնել որպես նույնականացման քարտ, պարզ չէ։

Այդ գրառումից երկու օր անց՝ օգոստոսի 18-ին, ABC Media-ն հրապարակել էր ռեպորտաժ, որում նշվում էր, որ Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագրից հետո Ադրբեջանում ավելի է ակտիվացել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի քարոզը․

«Հրապարակվում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի անդամության վկայականներ՝ ID քարտերի նմանությամբ, որտեղ ծննդավայր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է նշված։ Այդ փաստաթղթերն ակտիվորեն տարածում են ադրբեջանական սոցհարթակներում»,- ասում է լրագրողը։

Այս տեղեկությունը մոլորեցնող է, քանի որ լուսանկարները ակտիվ շրջանառվել են ոչ թե վաշինգտոնյան եռակողմ հանդիպումից հետո, այլ դեռևս նախորդ տարի։ ABC Media-ի ռեպորտաժում ցուցադրվող այս լուսանկարը, օրինակ, Քոնուլ Գիյասլի անունով օգտատերը հրապարակել է (արխ․) 2024-ի նոյեմբերին։ 

Էկրանապատկերը ABC media-ի յութուբյան էջից


100,000 ադրբեջանցիների գրանցման լուրը ճիշտ է, բայց ոչ նոր

Ինչպես 5-րդ ալիքը, այդպես էլ Թաթոյանը նշել էին, որ Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են, որ արդեն ավարտել են Հայաստան բնակության գալու համար 100 հազարից ավելի «Արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը։

Թաթոյանը նաև հավելել էր, որ «Ըստ պաշտոնական տվյալների` օրական 250-300 հոգի մոտենում են «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության գրասենյակ և ցանկություն հայտնում կամավոր գրանցվել»։ Ըստ նրա՝ ամենամեծ վտանգն այն է, որ գրանցում են ոչ միայն 1988-1991 թվականներին Հայաստանից գնացածներին, այլ նաև դրանից առաջ «տեղահանվածների» ժառանգներին։

Այս տեղեկությունները իսկապես պաշտոնական են, քանի որ այդ մասին հայտարարել էր «Արևմտյան Ադրբեջան» համայնքի մամուլի ծառայության ղեկավար Ուլվիա Զուլֆիկարը։ Սա չի կարելի համարել Ադրբեջանի պետական պաշտոնական տեղեկատվություն, քանի որ կազմակերպությունը պետական չէ, սակայն այդ տեղեկատվությունը տիրապետող, հետևաբար՝ պաշտոնական աղբյուրը «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպությունն է։

Սակայն այստեղ էլ տարբերությունն այն է, որ այդ հայտարարությունը եղել է դեռևս 2023 թվականի հունվարին, մինչդեռ Թաթոյանի գրառումից և 5-րդ ալիքի ռեպորտաժից տպավորություն է ստեղծվում, թե դրանք նոր գործընթացներ են, որոնք հաջորդել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված եռակողմ հռչակագրին, որով պայմանավորվածություն էր ձեռք բերվել տրանսպորտային ուղիների վերաբացման շուրջ և նախաստորագրվել էր խաղաղության համաձայնագիրը։


Ոչ թե «Արևմտյան Ադրբեջանի» ID քարտեր, այլ Ադրբեջանի Հանրապետության ID-ներ, որոնցում նշվում է հայկական տարածքների ադրբեջանական անվանումը

2023-ի հոկտեմբերին Ազիզ Ալաքբարլին նշել էր, որ «Ադրբեջանի ծառայությունների և գնահատման ցանցը», «Արևմտյան Ադրբեջանի» բնիկներին անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելիս, այլևս նշում է նրանց ծննդավայրերի բնօրինակ անունները։

Սա նշանակում է, որ Հայաստանի տարածքում ծնված ադրբեջանցիների ID քարտերում կնշվի նրանց հայկական ծննդավայրի ադրբեջանական համարժեք անվանումը։ Օրինակ՝ ոչ թե Երևան, այլ Իրևան։ Սա չի նշանակում, որ նրանց տրվում է «Արևմտյան Ադրբեջանի» նույնականացման քարտ։ Փոփոխությունը նախատեսվում է անել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների ID քարտերում։ Այդ փաստաթուղթը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթն է։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հրապարակել էին նմանատիպ անձը հաստատող փաստաթղթերի մի քանի օրինակներ, որոնք ուսումնասիրելիս համոզվում ենք, որ դրանք տարբեր են Թաթոյանի հրապարակած անդամության վկայականներից։

«Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը չի լռում

Թեև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումց օրեր անց՝ օգոստոսի 14-ին, ադրբեջանական և հայկական սոցիալական մեդիայում տեղեկություն տարածվեց, թե «Արևմտյան Ադրբեջան» անվամբ բոլոր կառույցները լուծարվում են», այնուամենայնիվ այդ տեղեկությունը սխալ էր։ Ազիզ Ալեքբերլին օգոստոսի 15-ի Pravda.az-ի հետ զրույցում լուծարման մասին լուրն անվանել էր «ամբողջովին կեղծ»։ 

Պետք է նշել, որ կառույցի հռետորաբանության մեջ էական փոփոխություններ այս ընթացքում տեղի չեն ունեցել։ Սեպտեմբերի 2-ին, օրինակ, Ազիզ Ալեքբերլին հայտարարել էր, որ այսօր «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը Ադրբեջանում համազգային գաղափար է։ Ըստ նրա՝ Արևմտյան Ադրբեջանից փախստականների վերադարձը Հայաստան՝ իրենց հայրենի հող, երկու երկրների և երկու ժողովուրդների միջև վստահության երաշխիք է:

Ավելի վաղ՝ օգոստոսի 16-ին, պատգամավորն ասել էր, որ իրենք Արևմտյան Ադրբեջան կվերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։

Օգոստոսի 8-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» գրքի առաջին հատորի շնորհանդեսը։

Ստուգված է

Արևմտյան Ադրբեջանի համայնքը ստեղծվել է նախագահ Իլհամ Ալիևի հորդորով, նրանց հիմնական խնդիրներից մեկը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն է, որը, ըստ նրանց, Հայաստանի տարածքում է։ 
Նյութը պատրաստված է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, և այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլում: