Դոնալդ Թրամփը, Նիկոլ Փաշինյանը և Հեյդար Ալիևը Սպիտակ Տանը համատեղ Հռչակագիր են ստորագրում։ 8 օգոստոսի, 2025թ․։ Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի կայքից։

Օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը ստորագրեցին հռչակագիր, որի համար ՍՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Նոբելյան մրցանակի արժանանալ։  

Այդ հռչակագրով արձանագրվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվելու է ապաշրջափակման ծրագիր՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) անվանմամբ, և ՀՀ–ն աշխատելու է ԱՄՆ–ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ հաղորդակցության այս ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։  Հռչակագրով նախատեսվում է Ադրբեջանի Հանրապետության  հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն՝ Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։  

Հռչակագիրն ստորագրելու գործը գլուխ եկավ ԱՄՆ նախագահի ակտիվ մասնակցությամբ, ու դրանից գոհ էին և՛ Թրամփն ինքը, և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ալիևը։ Ստորագրմանը հաջորդած ասուլիսում ՀՀ վարչապետը շնորհավորեց մեր ժողովրդին։ Ասաց՝ խաղաղությունը հաստատված է, դարակազմիկ իրադարձություն է՝ Հայաստանը ապաշրջափակվում է։  

Նա նաև մանրամասնեց, թե ինչպես․ «ՀՀ–ն ապաշրջափակվում է, Ադրբեջանը ՀՀ–ի տարածքով կապ է ունենում Նախիջևանի հետ։ ՀՀ–ն կարող է Ադրբեջանի տարածքով և Նախիջևանի տարածքով  Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ ունենալ։ ՀՀ–ն ՌԴ–ի հետ երկաթուղային կապ է ստանում, երկաթուղային կապ ենք ունենում  Իրանի հետ, կենտրոնական Ասիայի հետ՝ լաստանավային սցենարով, Չինաստանի։ ՀՀ–ն ստանում է հասանելիություն միջազգային երկաթուղայի ցանցին»։ 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ապաշրջափակման ընթացքում ցանկացած հարց՝ մեծ թե փոքր, կարգավորվելու է կողմերի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձելիության սկզբունքների շրջանակում։   

Հռչակագիրը կազմված է 7 կետից։ 

Այս տարվա մարտին նախ Ադրբեջանը, հետո Հայաստանը հայտարարեցին, որ Խաղաղության պայմանագրի տեքստի բովանդակությունը համաձայնեցվել է։ Դրա տարբեր կետեր տարբեր առիթներով հանրայնացվել են, բայց պայմանագրի պաշտոնական տարբերակը չէր հրապարակվել։ Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց, որ օգոստոսի 8-ին Հայաստանի  ու Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրեն Խաղաղության պայմանագիրը, ու ինչպես ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ մի ստորագրությամբ էլ Հայաստանը միանա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման՝ Ադրբեջանի առաջարկին։ Նախաստորագրման և Մինսկի խմբի լուծարման մասին ևս Հռչակագրում արձանագրումներ կան։  

Խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստը, որն այլևս փոփոխման ենթակա չէ, ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարությունները հրապարակեցին օգոստոսի 11-ին։ 

Վաշինգտոնյան հանդիպման արձագանքները 

«Ստորագրվելու է փաստաթուղթ՝ փաստաթուղթ ստորագրելու մասին» 24news-ի եթերում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ վաշինգտոնյան հանդիպումից ժամեր առաջ։ Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ պայմանագրի վերջնական ստորագրումը կլինի առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ Փաշինյանը կասի՝  դե, հիմա էլ ինձ ընտրեք, որ գնամ պայմանագիրն ստորագրեմ, գերիներին բերենք։ Նրա խոսքով՝ հիմա էլ Վաշինգտոնից են «լոլոներ պատմվում հայ ժողովրդին»։ 

«Հայաստանի տարածքի հետ Ալիևը ի՞նչ կապ ունի»,– «Ազատության» եթերում տարակուսում էր հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։ Նա համոզված է, որ հռչակագիր ստորագրելով «Ալիևը դարձավ ճանապարհի փայատեր»։ 

Թրամփի մասնակցությունը այս գործընթացում, Մարուքյանի համոզմամբ, ապագայի համար երաշխիք չէ, քանի որ  «նրա նախագահության ժամկետն ավարտվելու է, ու որևէ ինստիտուցիոնալ մեխանիզմ ամերիկյան կողմից ներդրված չէ»։  

Այն, ինչ անում են ընդդիմադիր պատգամավորները կամ իշխանության քայլերը չողջունող փորձագետները, ՔՊ–ական Թագուհի Ղազարյանի խոսքով՝ «բայղուշություն է, քաղաքական միտքը հիմնված է կիկոսապատումի վրա»։ 

Factor.am-ի տաղավարում նա կարևորում է, որ Խաղաղության խաչմերուկը, որի մասին ընդդիմադիրները հեգնանքով ասում էին՝ «ընդամենը բրոշյուր է», դառնում է իրականություն։ 

«Քարնեգի հիմնադրամի» ավագ գիտաշխատող Աննա Օհանյանը համոզված է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով «միջանցքի տրամաբանությունը վերացավ, ու սա հաղթանակ է»։  

Մասնագետի դիտարկմամբ՝ Ալիևը ունի դիկտատորական դիլեմայի պրոբլեմ, որովհետև ռեգիոնի բացվելը նրա ռեժիմի համար ռիսկեր է առաջացնում, բայց հետաքրքիր է, որ դրանով հանդերձ նա ստորագրեց փաստաթուղթը։ Աննա Օհանյանը ուշադրություն է հրավիրում կարևոր մի հանգամանքի վրա ևս՝ Թրամփի հորդորը Ադրբեջանին ու Հայաստանին, թե՝ զանգեք ինձ, եթե որևէ խնդիր կունենաք։ Նկատում է՝ ամուր համաձայնագրերը պետք է մոնիտորինգ ունենան, թափանցիկ լինեն, հաշվետվողական լինեն, և ոչ թե հիմնված լինեն անհատական մոտեցման վրա։  

Եթե Դանիել Իոաննիսյանը փող ունենար, հող կգներ Մեղրիում։ Նա ասում է, որ եկել է Հայաստանում ներդրումներ անելու ժամանակը, քանի որ վաշինգտոնյան համաձայնագիրը խիստ նվազեցրել է պատերազմի հավանականությունը, մոտեցրել իրական խաղաղությունը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի հիմնադիրը Հ1–ի տաղավարում ասում է՝ մենք տեսանք, թե ինչից խոսեց Ալիևը Վաշինգտոնում, բայց ուշադրություն չդարձրինք, թե ինչից չխոսեց։ «Նա չխոսեց արևմտյան Ադրբեջանի, ՀՀ Սահմանադրության, 300.000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Եթե հետո փորձի տորպեդահարել հռչակագրի ինչ–որ հարցեր, կարող ենք հիշեցնել, թե ինչ է ինքը խոսել «երկրագնդի կարևոր կաբինետում»։ 

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն ասում է՝ հիմա պետք է սկսենք մեր տնային աշխատանքը ու սպասենք դետալներին, տեսնենք, թե ինչպես է դրսևորվելու հռչակագրում նկարագվածը  իրականում։ Նշում է․ «Ունենք փաթեթային համաձայնություն՝ փուլային իմպլեմենտացմամբ»։ 

Քոչինյանի համոզմամբ՝ վաշինգտոնյան հանդիպմանը անհանգստությամբ հետևել են Ռուսաստանից, «որովհետև տեսնում էին, թե ինչպես է կազմաքանդվում իրենց ճարտարապետությունը, որ հարյուրամյակներ շարունակ կառուցում էին տարածաշրջանում»։ Ըստ նրա, ՌԴ–ն առաջիկայում իր ռեսուրսները ներդնելու է 2026-ի ընտրություններում ազդեցություն ունենալու վրա։