Ինչպես է լուսաբանվել այս տարվա հուլիսի 10–ին Աբու Դաբիում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը հայկական ու ադրբեջանական մեդիա տիրույթներում։
Հայաստան
Հուլիսի 10–ին Աբու Դաբիում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այն ուշագրավ է նրանով, որ երկու երկրների ղեկավարների առաջին ուղիղ, առանց միջնորդների հանդիպումն էր։
Պարզելու համար, թե Հայաստանում ինչ շեշտադրումներով է լուսաբանվել այդ հանդիպումը, դիտարկել ենք Հանրային և «Թիվի 5» հեռուստաընկերությունների, ինչպես նաև իշխանամետ «Civic.am» տեղեկատվական կայքի մոտեցումները Փաշինյան-Ալիև հանդիպման լուսաբանումներում։
Եթե Հանրային հեռուստաընկերությունում և «Civic.am»–ում գերիշխում են իշխանական մոտեցումները, կառավարության դիրքորոշումը՝ պետք է պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ապա ընդդիմությանը ավելի շատ եթերաժամանակ տվող «Թիվի 5» հեռուստաընկերությունում տրամադրություններն այսպիսին են՝ «միջանցքը տալիս են, Հայաստանը զիջում է Սյունիքը, Թուրքիան գալիս է տարածաշրջան»։
Հանրային հեռուստատեսություն
Հանրային հեռուստաընկերությունը հուլիսի 10-ին երեկոյան գլխավոր թողարկման բացումը սկսում է նույն օրը Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման դրական նոտայով՝ «Երկրների ղեկավարները սահմանազատման հանձնաժողովներին հանձնարարել են շարունակել գործնական աշխատանքը»։
«Լուրերի» ռեպորտաժը ոչ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների մասին էր, այլև ներկայացնում էր Արաբական Միացյալ Էմիրություններում նրա այլ հանդիպումները։ «Լուրերի» 2 րոպեանոց ռեպորտաժն առանց հարցազրույցների էր, միայն համր կադրերով, որի ընթացքում ներկայացվեց ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության տեքստը․
«Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ: Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները»։
Նույն ռեպորտաժում լրագրողը ներկայացնում է նաև Ադրբեջանի արտգործնախարարության դիրքորոշումը՝ ընդգծելով միայն, որ նույն պայմանավորվածությունը հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հուլիսի 10-ի 52 րոպե տևողությամբ «Լուրերի» գլխավոր թողարկմանը երկրի թիվ մեկ թեմայի մասին այսքանն է եղել։
Հանդիպման հաջորդ օրը՝ հուլիսի 11-ին գլխավոր «Լուրերում» թեման շա րունակվում է, բայց թեթև՝ ներկայացնելով Փաշինյան-Ալիև հանդիպման միջազգային արձագանքները։ «Դրանք բավականին հնչեղ են»,- ասում է «Լուրերի» հաղորդավարը ու 2.10 րոպեում ներկայացնում Աբու Դաբիի բանակցություններին ԱՄՆ-ի, Բրյուսելի, Ռուսաստանի Դաշնության արձագանքները։
«Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը վերլուծաբան Լիլիթ Դալլաքյանն է դրական գնահատել Փաշինյան–Ալիև հանդիպումը, այն համարել արևմտյան և մասնավորապես, ամերիկյան նախաձեռնություն։ Ըստ նրա, այդ հանդիպումը դրական առաջընթաց էր, քանի որ «Ալիևը աշխատում էր արևմտյան հարթակներում չգնալ հանդիպումների հայկական կողմի հետ»։
«Ռուսաստանը և Ադրբեջանը մշտապես նշում են, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն ռուսական վերահսկողությամբ, ՖՍԲ-ի վերահսկողությամբ, ըստ նոյեմբերի 9-ի 9-րդ կետի (նկատի ունի 2020թ․ նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունը–հեղ․), իսկ ամերիկյան կողմը, եվրոպական երկրները դեմ են դրան։ Հայաստանն էլ է դեմ, քանի որ դա խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը։ Դրա համար ամերիկյան և հայկական կողմերը, երևի խորհրդակցելով միմյանց հետ, որոշել են ներկայացնել տարբերակ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում»,– Հանրայինի եթերում կարծիք է հայտնել Լիլիթ Դալլաքյանը։
Դալլաքյանը համարվում է իշխանամետ վերլուծաբան և առաջ է մղում այն դիրքորոշումը, ինչի մասին խոսում են Հայաստանի իշխանությունները՝ Նախիջևանն Ադրբեջանին կապող Մեղրիի ճանապարհի 42 կմ-անոց հատվածը արտապատվիրակել երրորդ կողմի մի ընկերության, այդպիսով պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Աբու Դաբիի հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ երրորդ կողմն ԱՄՆ–ն է։
Նա նշում է՝ թեպետ Ռուսաստանը պաշտոնապես և առաջինը ողջունեց Աբու Դաբիի հանդիպումը, միևնույն է, ռուսական կողմը չի հավատում, որ հայ–ադրբեջանական բանակցությունները բարեհաջող ավարտ կունենան։
Հանրայինի եթերում վերլուծաբանը քննադատում է Ռուսաստանի լռությունը 2020-ի պատերազմից հետո հայ–ադրբեջանական սահմանային էսկալացիայի ժամանակ և մեղադրում ՌԴ-ին, որ իր գործողություններով հնարավորություն է տվել Թուրքիային մտնել տարածաշրջան ու հաստատվել այնտեղ։
«Թիվի 5»
Հուլիսի 10-ի «Թիվի 5»-ի լրատվական «Հայլուր» ծրագրի գլխավոր թողարկման ընթացքում Փաշինյան-Ալիև հանդիպմանը նվիրվել է 5.63 րոպեանոց ռեպորտաժ։
Այստեղ հատուկ ուշադրություն էին դարձրել դիվանագիտական էթիկայի այնպիսի կանոններ, ինչպիսին օրինակ ձեռքսեղմումն է։ «Ժպիտներ ու անսովոր ձեռքսեղմում», – հնչել է եթերից ու շեշտվել հատկապես Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի արցախցի լինելն ու նրա ձեռքսեղմումը ադրբեջանական պատվիրակության անդամների հետ։ Լրագրողը նաև նկատել է, որ 5 ժամ տևած բանակցություններից հետո բանակցային սենյակից առաջինը դուրս է եկել Ալիևը, հետո՝ «Փաշինյանը՝ գլխիկոր»։ Ալիևի կեցվածքին բնութագրում չկար։
Ռեպորտաժում ներկայացվում է Հայաստանի և Արդբեջանի ԱԳ նախարարությունների հաղորդագրությունը, նշվում, որ «այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի» հարցն է քննարկվել փակ դռների հետևում ու հիշեցրել Թուրքիայի նախագահի օրեր առաջվա հայտարարությունից դրվագ․ «Հայաստանը զիջումների է գնում Զանգեզուրի միջանցքի հարցում»։ Ռուսական ТАСС–ին հղում անելով, լրագրողը ռեպորտաժում նշում է, որ Փաշինյանի ու Ալիևի քննարկման թեման եղել են խաղաղության պայմանագրի շուրջ հակասությունները։ Հիշեցնում է, որ վերջին անգամ 2024-ի հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնությունն էր հյուրընկալել Փաշինյան–Ալիև հանդիպումը ու հատուկ շեշտում՝ «բանակցային միջնորդի դերը վերականգնելու Մոսկվայի ջանքերը դեռ ապարդյուն են»։
Լրատվական հաղորդման լրագրողը հանդիպման արձագանքների համար այցելել է Մեղրի, ներկայացրել բնակիչների տրամադրությունները, որոնք նկարագրում է որպես տագնապալի և առաջ տանում ընդդիմության շրջանում տարածված թեզը՝ «ներքաղաքական քաոսը Փաշինյանը միտումնավոր է ստեղծել որ մարդկանց ուշադրությունը շեղի այն պայմանավորվածությունից, որ այսօր հավանաբար ձեռք է բերելու Ալիևի հետ»։ «Մեղրեցիներն ասում են՝ միջանցք տվող–չտվողը իրենք են, իրենք չեն տալիս, ադրբեջանցիների ոտքը Մեղրի չի մտնելու», -վկայակոչելով մեղրեցիներին, ավարտում է լրագրողը։
«Նեքաղաքական քաոսով» կարևոր իրադարձություններից, «նոր կորստաբեր, աղետաբեր զիջումներից» շեղելու մասին խոսակցությունը նույն հեռուստաընկերության եթերում շարունակվում է նաև «Հարցազրույց» հաղորդման տաղավարից։ Այստեղ ավելի շատ քննարկման թեման այդ օրը դաշնակցական մի քանի գործիչների տների խուզարկությունն ու ձերբակալությունն էր, քան Աբու Դաբիի հանդիպումը։
ՀՅԴ-ն ներկայացնող Քրիստինե Վարդանյանի հետ հարցազրույցը վարող լրագրողը նույնիսկ նկատեց․ «Տնային աշխատանքով պետք է գնար Ալիևի հետ հանդիպմանը, դրա շրջանակում ճնշել ազգային ուժերին, լռեցնել դիմադրության օջախները»։ Քրիստինե Վարդանյանը շարունակում է նույն միտքը՝ նշելով, որ նման ճնշումներով Փաշինյանը ցույց է տալիս Ալիևին ու Էրդողանին, որ ինքը վերահսկում է երկրի ներսում իրավիճակը ու իր «կանտրոլի տակից այդ իրավիճակը դուրս չի գալու։ Պատահական չի, որ այդ հանդիպումներին զուգահեռ է սա տեղի ունենում»։
Եթե Հանրայինում պրոիշխանական վերլուծաբանը պնդում էր անում, թե Ռուսաստանի թեթև ձեռքով Թուրքիան եկել է տարածաշրջան ու այժմ պետք է հաշվի նստել այդ փաստի հետ, ապա ընդդիմադիրների «Թիվի 5»-ում ընդդիմադիր պատգամավորը հարց է հնչեցնում՝ «Հայաստանի ո՞ր շահից էր բխում Էրդողանին դարձնել հայ–ադրբեջանական բանակցությունների միջնորդ, և աշխարհի 200 երկրից հենց Թուրքիա՞ն պետք է լիներ հայ–ադրբեջանական բանակցությունների միջնորդ։ Ռուսաստանը չլինի, թեկուզ ջրհեղեղ»։
Աբու Դաբիի հանդիպման համատեքստում ընդդիմադիր պատգամավորը քննադատում է Թուրքիայի ներգրավվածությունը։ Հարցազրույցի ընթացքում և՛ լրագրողը, և՛ հյուրը եզրահանգում են՝ երրորդ կողմին, այսինքն՝ ճանապարհի կառավարումը Արևմուտքին արտապատվիրակելը նշանակում է արտապատվիրակել Թուրքիային։ «Պիտի արձանագրենք, տիկին Վարդանյան, որ Արևմուտք ասելով նկատի ենք ունենում Թուրքիան, որպես տարածաշրջանում Արևմուտքի օպերատոր, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ քավոր»,– հստակեցնում է լրագրողը։
«Civic.am»
«Civic.am»-ը, որը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ոչ պաշտոնական լրատվամիջոցն է, Աբու Դաբիի հանդիպմանն անդրադարձել է՝ պաշտպանելով իշխող ուժի դիրքորոշումը։ Հուլիսի 10-ին հանդիպումից հրապարակել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղ գտած տեղեկություններն ու դրանց ուղեկցող տեսանյութերը, այնուհետև՝ ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական հաղորդագրությունները (1, 2)։ Եղել են տեղեկություններ նաև ադրբեջանական ու ռուսական մամուլից (1, 2 ):
Աբու Դաբիի հանդիպումից Civic–ի վերլուծաբանը երկու դետալ է նկատել՝ հանդիպման հիմնական թեման ապաշրջափակումն է և դրա կազմակերպման հարցում ամերիկյան կողմն ակտիվ մասնակցություն է ունեցել, իսկ երկրորդ դետալը ըստ իշխանական մամուլի, գործընթացից Ռուսաստանի դուրս մնալն է․ «Ակնհայտ է, որ խոսակցության հիմնական թեմաներից մեկը, եթե ոչ հիմնականը ապաշրջափակումն է։ Սրա ապացույցը նաև ամերիկյան միջնորդությունն է ու հանդիպման վայրը։ Աբու Դաբիում են կայանում ամերիկյան միջնորդությամբ գրեթե բոլոր հանդիպումները՝ այդ թվում ռուս-ուկրաինական։ Չնայած ֆորմալ առումով հանդիպումը երկկողմ էր ու թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը հանդիպումից հետո տարածած հաղորդագրություններում կարևորել էին այդ հանգամանքը, սակայն ակնհայտ է, որ ամերիկյան կողմը գործընթացում ունի իր մասնակցությունը՝ առնվազն որպես կազմակերպիչ, խթանող, գուցե որոշակիորեն նաև ճնշող։ Մյուս ակնհայտ բանն այն է, որ Ռուսաստանն է դուրս մնում գործընթացներից»։
Լրատվամիջոցը երկրորդում է իշխանության ներկայացուցիչներին` «Հայաստանի համար ապաշրջափակումը կենսական, էկզիստենցիալ նշանակություն ունի։ Պահպանելով իր տարածքներով անցնող կոմունիկացիաների վրա ինքնիշխանությունը, Հայաստանը ամեն գնով պետք է մասնակիցը դառնա տարածաշրջանային ու համաշխարհային կոմունիկացիաներին՝ դրանք կլինեն եկաթգծեր, ավտոմայրուղիներ, էլեկտրական հաղորդալարեր, գազատարներ, թե այլ կոմունիկացիաներ»։
Վարչապետը հանրության աջակցության կարիքն ունի, երկկողմ հանդիպման օրը Civic.am-ին ամփոփել է նաև հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը ու բացատրել․ «Հանրությունը միանշանակ պետք է արտահայտվի հօգուտ խաղաղության, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, նաև հօգուտ ժողովրդավարության։ Այդ աջակցութունն անուղղակի դրսևորվում է նրանով, որ Փաշինյանի մրցակիցները, հակառակորդներն ու ընդդիմախոսները չեն կարողանում հանրային դժգոհություն գեներացնել»։
Հասմիկ Համբարձումյան
Ադրբեջան
Հուլիսի 10-ին Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը ուշադրության կենտրոնում հայտնվեց տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջխաղացման տեսանկյունից։ Հինգ ժամից ավելի տևած բանակցությունները ընթացան ինչպես երկու երկրների ներկայացուցիչների ընդլայնված կազմով, այնպես էլ երկրների ղեկավարների դեմառդեմ ֆորմատով։ Այս հանդիպումը նախորդ հանդիպումներից տարբերվում էր նրանով, որ անցկացվում էր առանց միջնորդների։ Հանդիպման արդյունքները և քննարկված թեմաները Ադրբեջանի մամուլում հանդիպումը լայնորեն լուսաբանվեց և տարբեր տեսանկյուններից վերլուծվեց։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արաբական Միացյալ Ամիրություններում պլանավորված հանդիպման մասին առաջին տեղեկությունը հրապարակվել էր «Middle East Eye» կայքում։ Սակայն կայքն իր աղբյուրներին հիմնվելով գրել էր, որ հանդիպումը տեղի կունենա Դուբայում։
Հանդիպումից մեկ օր առաջ կողմերը հանդիպման վայրի և ամսաթվի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն տարածեցին։
Ադրբեջանական լսարանը բավարար տեղեկություններ ստացե՞լ է այս հանդիպման մասին։ Մենք կվերլուծենք այս հարցը երեք լրատվամիջոցների օրինակով։ Report.az կայքը, որը մոտ է իշխանություններին, իր թղթակցին ուղարկել էր Աբու Դաբի, ինչի շնորհիվ հնարավորություն ստացավ գործընթացը տեղից լուսաբանել։ Հանրային հեռուստատեսությունը, որը պետք է առաջնորդվի հանրային շահերի վրա հիմնված հեռարձակման սկզբունքներով, և այս համատեքստում նրա մոտեցումը նույնպես առանձին կգնահատվի։
Իսկ Ազատություն ռադիոյի ադրբեջաներեն հաղորդումները անկախ և քննադատական մեդիայի դիրքով առանձնանալու պատճառով հատուկ հետաքրքրություն են ներկայացնում։
Report լրատվական Գործակալություն
Global Media Group-ի մաս կազմող «Report Լրատվական Գործակալությունը» լայնորեն լուսաբանել է Աբու Դաբիի հանդիպումը։ Հանդիպումից առաջ Report.az-ը լուրեր է հրապարակել ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի Աբու Դաբի այցի մասին և հրապարակել է երկու առաջնորդների օդանավակայանում արված լուսանկարները։
Հանդիպման ավարտից հետո Report-ը տեղեկություն է տարածել, որ շատ լուրջ և բովանդակային քննարկումներ են կայացել խաղաղության օրակարգի կարևոր ուղղությունների՝ սահմանների դելիմիտացիայի, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման, խաղաղության պայմանագրի նախաստորագրման և այլ հարցերի վերաբերյալ։
Սակայն ադրբեջանական կողմի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ո՛չ Զանգեզուրի միջանցքի (այդպես են Ադրբեջանում անվանում 2020թ․-ի պատերազմից հետո Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար մարզի հետ կապելու համար Հայաստանի տարածքով ճանապարհը, որը հայ-ադրբեջանական բանակցությունների կետերից է), ո՛չ էլ խաղաղության պայմանագրի նախնական ստորագրման վերաբերյալ որևէ տեղեկություն չի եղել։
«Հաստատվել է, որ երկկողմանի բանակցությունները նորմալիզացման գործընթացի հետ կապված բոլոր հարցերի լուծման համար ամենաարդյունավետ ձևաչափն է, և դրա հիման վրա որոշվել է շարունակել արդյունքի հասնելուն միտված երկխոսության նման ձևաչափը։
Առաջնորդները՝ գնահատելով սահմանի դելիմիտացիայի գործընթացում ձեռք բերված հաջողությունները, համապատասխան հանձնաժողովներին հանձնարարականներ են տվել այս ուղղությամբ գործնական աշխատանքների շարունակության համար։
Կողմերը նաև երկու երկրների միջև երկկողմանի բանակցությունները և վստահության կառուցման միջոցառումները շարունակելու վերաբերյալ համաձայնության են հասել», – ասվում է հայտարարության մեջ։
Սակայն Իլհամ Ալիևը Ղարաբաղում անցկացված Գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ հաստատեց, որ Զանգեզուրի միջանցքը կողմերի քննարկած հարցերից մեկն է եղել, Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կողմերը ևս քննարկել են։ Երկու առաջնորդների այս հայտարարությունները տեղ են գտել Report.az կայքում։
Նշենք, որ երկու առաջնորդներն էլ առաջին անգամ էին խոսում Աբու Դաբիի հանդիպման մասին։
Լրատվական գործակալությունը հանդիպումից հետո տեղ է տվել նաև Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանի բանակցությունների հաջող ընթացքի մասին հայտարարությանը, ինչպես նաև մեջբերել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի ասուլիսում ասած խոսքերը, որ Աբու Դաբիի հանդիպումը կարող է դրական արդյունքներ տալ։
Report.az-ը նաև հրապարակել է Գլոբալ Մամուլի Ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի նախագահի օգնական, Նախագահի Ադմինիստրացիայի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի խոսքերը՝ Աբու Դաբիի հանդիպման կոնստրուկտիվ լինելու մասին։
Կայքում նաև հրապարակվել են ադրբեջանցի քաղաքական մեկնաբանների և Միլի Մեջլիսի պատգամավորների կարծիքները՝ Աբու Դաբիի հանդիպման կարևորության և հարաբերությունների նորմալիզացիայի համար երկկողմանի ձևաչափով քննարկումների շարունակության արդյունավետության մասին։
Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև տեղի ունեցած հանդիպման մասին ԵՄ, ԱՄՆ, ՄԱԿ և Թուրքիայի ներկայացուցիչների կողմից դրական գնահատականները, ինչպես նաև այդ թեմայով հաղորդագրությունները Report.az-ի կողմից ևս ներկայացվել են հանրությանը։
Բայց Report լրատվական գործակալությունը հանդիպումից հետո ո՛չ հայ քաղաքական մեկնաբանների, ո՛չ էլ որևէ օտարերկրյա փորձագետի կարծիքներին տեղ չի տվել։
Ազատություն Ռադիոկայան
«Ազատություն Ռադիոկայան»-ի ադրբեջանական բյուրոն հանդիպման վերաբերյալ Յություբում հրապարակել է 3 րոպե 32 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որտեղ ներկայացրել է ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ քաղաքական մեկնաբանների կարծիքները։ Չնայած քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, որը հայտնի է Փաշինյանին մոտ կարծիքներ հայտնելով, հանդիպումը հաջող անվանեց, սակայն նրա կարծիքով, այն լուրջ շրջադարձային պահ համարելը դեռ շուտ է։ Ադրբեջանի կողմից Շահին Հաջիևը ենթադրեց, թե հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախաձեռնությամբ, սակայն դա չի համապատասխանում կողմերի պաշտոնական հայտարարություններին։ Երկու կողմն էլ պաշտոնապես հայտարարել են, որ հանդիպումը տեղի է ունեցել երկկողմանի համաձայնության արդյունքում։
Հանրային հեռուստատեսություն (ITV)
Հանրային հեռուստատեսությունը Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև տեղի ունեցած հանդիպման կարևոր պահերը առաջին րոպեներից սկսած կիսվում էր հետևորդների հետ սոցիալական մեդիա հաշիվներում։ Ալիքում հանդես եկած քաղաքական մեկնաբանները հանդիպումը գնահատել են որպես կոնստրուկտիվ և դրական քայլ։
Այդ օրը Հանրային հեռուստատեսությանը մեկնաբանություն տված պատգամավոր Հիկմեթ Բաբաևը հանդիպումը անվանել է «պատմական»։ Նրա կարծիքով, այս տարի Ադրբեջանը և Հայաստանը կարող են միացյալ դիմում ներկայացնել ԵԱՀԿ-ին և օրակարգ բերել Մինսկի խմբի լուծարումը։
Քաղաքական մեկնաբան Էլխան Շահինօղլուն նույնպես Հանրային հեռուստատեսությանը տված մեկնաբանությունում հայտարարել է, որ այս հանդիպումը ապացուցում է, որ կողմերն այլևս միջնորդների կարիք չունեն։
Հանրային հեռուստատեսության եթերում պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի խոսքերով Աբու Դաբիում կողմերը ճանապարհային քարտեզ են որոշել։ Մուսաբեկովը կարծում է, որ խաղաղության պայմանագրի նախաստորագումը բարդ գործ չէ։ Նա համարում է, որ Մինսկի խմբի լուծարման որոշումից հետո կարող է իրականացվել փաստաթղթի նախաստորագրումը։
Հանրային հեռուստատեսության լրատվական թողարկումներից մեկում Աբու Դաբիում առաջնորդների միջև տեղի ունեցած հանդիպումը գնահատվել է որպես մինչև այժմ տեղի ունեցած հանդիպումներից ամենակոնստրուկտիվը․ «Սա առանց միջնորդների առաջին հանդիպումը չէ, բայց ամենակարևորն է», – ասվել է ռեպորտաժում։
Հանրային հեռուստատեսության «Ուշադրության կենտրոնում» հաղորդման ժամանակ պատգամավոր Հիքմեթ Բաբաևը Աբու Դաբիի հանդիպման ժամանակ քննարկված հիմնական թեմաներից մեկը համարել է կողմերի միջև վստահության ստեղծումը և զարգացումը։ Նրա խոսքերով, նախկինում երրորդ երկրների կողմից նմանատիպ նախաձեռնություններ կային, բայց Ղարաբաղյան հակամարտության չլուծվելը պատճառ դարձավ, որ այս ջանքերը ձախողվեն։ Պատգամավորը համարում է, որ այժմ այս ուղղությամբ իրական հնարավորություն կա։ Նրա կարծիքով, խաղաղության պայմանագրի տեքստն էլ ամբողջությամբ պատրաստ է նախաստորագրման։
Թեև Հանրային հեռուստատեսությունում Աբու Դաբիի հանդիպման հետ կապված քննարկումներին լայն տեղ է հատկացվել, բայց Հայաստանի կողմի, ներառյալ հայ քաղաքական մեկնաբանների դիրքորոշումը գործնականում տեղ չի գտել եթերում։
Եզրակացություն
Դիտարկված լրատվամիջոցներում Աբու Դաբիի հանդիպման լայն լուսաբանումը կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ հանրային կարծիքի ձևավորման գործում։
Այդ դրական ուղղությամբ հաջորդ քայլը կարող էր լինել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեղական լրատվամիջոցներում հակառակ կողմի քաղաքական գործիչների և փորձագետների գնահատականների արտացոլումը։ Լրատվամիջոցները, որոնք նման զգայուն թեմաներով նյութեր են պատրաստում, երկու երկրների և ընդհանուր տարածաշրջանի ապագան որոշող իրադարձություններ են լուսաբանում, պարտավոր են գործընթացի մասին հասարակություններին համակողմանի և օբյեկտիվ տեղեկություններ տրամադրել, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան համեմատական վերլուծություններ անել և որոշել իրենց վերաբերմունքը։ Սա հատկապես կարևոր է դառնում՝ հաշվի առնելով Աբու Դաբիում կայացած հանդիպման արդյունքներով արված հայտարարությունները՝ երկու երկրների միջև վստահությունը ամրապնդող քայլերի վերաբերյալ։
Pressklub.az
Նյութը պատրաստված է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, և այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլում:
![]()