«Առավոտ» օրաթերթը խմբագրության տարածքը լքելու պահանջով նամակ է ստացել: 1994 թվականից Մամուլի շենքում տեղակայված խմբագրությունը հիմա նոր տարածք գտնելու խնդիր ունի:
Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը media.am-ին պատմեց, որ շենքը պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո է և հենց նրանցից են ստացել տարածքը ազատելու մասին նամակը:

«Առավոտ»-ի անձնակազմը լքում է խմբագրությունը / լուսանկարը՝ media.am-ի
«Տարածքը մեզ էր տրամադրվել անհատույց, ինչպես և մյուս խմբագրություններին, քանի որ շենքը կառուցվել էր մամուլի համար: Երեք տասնամյակ մենք այս շենքում ենք ծավալել մեր գործունեությունը: Բոլոր նախկին իշխանությունները առաջնորդվել են այդ սկզբունքով, որ մամուլի համար կառուցված շենքը պետք է լինի մամուլինը: Բայց գործող իշխանությունները, մեր նախկին գործընկերները, որոշեցին չառաջնորդվել այս սկզբունքով: Հուլիսին ավարտվել է պետգույքի հետ կնքած մեր պայմանագիրը, որը նրանք երկարաձգել չեն ցանկանում, հանդես են գալիս տարածքը ազատելու պահանջով։ Ասում են, երբ հետագայում տարածքը դնեն աճուրդի, կարող ենք մասնակցել դրան»,- պատմեց Աննա Իսրայելյանը:
Տեղի ունեցողը «Առավոտ»-ում ողբերգություն չեն դարձնում․ Աննա Իսրայելյանն ասում է, որ բազմաթիվ խմբագրություններ են գործում մամուլի շենքից դուրս ու վարձակալում այլ տարածքներ, ինչն իրենք էլ կանեն։ Միաժամանակ խմբագիրը նկատում է, որ սա արտացոլում է մամուլի նկատմամբ իշխանության վերաբերմունքը։
«Մոմի ճրագով ման գաս, թե այս իշխանությունն ինչ է արել, որ մամուլը կայանա, չես գտնի: Տասնամյակներով շենք են տրամադրել մամուլին, որպեսզի մի փոքր բեռից ազատեն լրատվամիջոցներին, իսկ այս իշխանությունները զրկեցին մեզ դրանից: Դա էլ կանցնենք, ողբերգություն չէ, բայց արդյոք նորմա՞լ է: Սահմանափակումներ մամուլի, լրագրողների դեմ, թվարկել կարող եմ, բայց այ լավ նախաձեռնություններ հիշել չեմ կարող: Օգոստոսի 2-ին կլրանա «Առավոտ»-ի 31 տարին, լավ «նվեր» էր մեզ համար նախկին լրագրող վարչապետից»,- ասաց Աննա Իսրայելյանը:

«Առավոտ»-ի անձնակազմը լքում է խմբագրությունը / լուսանկարը՝ media.am-ի
Պետգույքի կառավարման կոմիտեից media.am-ին հայտնեցին, որ 2013թ. օգոստոսի 22-ին «Առավոտ»-ի հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը լրացել է։ Այս տարվա հունիսի 27-ին նրանք «Առավոտ»-ին ծանուցել են, որ անհրաժեշտ է սահմանված ժամկետում ներկայանալ Կոմիտե՝ պայմանագրի դադարեցման, հանձման-ընդունման և տարածքն ազատելու գործընթացներն իրականացնելո համար, սակայն «ընկերությունը («Առավոտ»-ը-խմբ․) չի իրականացրել սահմանված գործողությունները և մինչ օրս շարունակում է զբաղեցնել նշված տարածքը»:
«2025թ. հուլիսի 11-ի դրությամբ պայմանագիրը միակողմանի կարգով դադարեցվել է Կոմիտեի կողմից։ Պայմանագրի վերակնքում նախատեսված չէ, քանի որ ՀՀ կառավարության 2025թ. մայիսի 29-ի N 652-Ա որոշմամբ՝ անհատույց օգտագործման իրավունքի ձևաչափից նախատեսվում է աստիճանաբար անցում կատարել վարձակալական մոդելի՝ մինչև 2027 թվականը։ Այդ գործընթացի շրջանակում վերակնքման հնարավորություն չկա։ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ին առաջարկվել է այլ տարածքի վարձակալության համար հայտ ներկայացնել կամ մասնակցել վարձակալության աճուրդի։ Նշենք, որ նույն գործընթացն իրականացվում է շենքում այլ տարածքներ զբաղեցնող կազմակերպությունների մասով, որոնց պայմանագրերի ժամկետները նույնպես լրացել են»,- ասվում է Պետգույքի կառավարման կոմիտեի պատասխանում։
«Առավոտ»-ի տնօրեն Գարիկ Մելքոնյանն ասում է, որ Մամուլի շենքի 15-րդ հարկում գտնվող 326.9 քառակուսի մետրը գերազանցող տարածքի սպասարկման համար իրենք ամսական վճարում էին 163 հազար 450 դրամ։
Խմբագրություն մեր այցելության պահին Գարիկ Մելքոնյանը զբաղված էր «Առավոտ»-ի գույքը տեղափոխության պատրաստելով։ Բացի նոր տարածք գտնելը խմբագրության համար լրացուցիչ հոգս է նաև թերթի արխիվը և սերվերները տեղափոխելը։

«Առավոտ»-ի անձնակազմը լքում է խմբագրությունը / լուսանկարը՝ media.am-ի