2014.04.30,

Քննադատ

Վավերագրական կինո. պատուհան դեպի պատկերավոր աշխարհ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Դպրոցական հասակի երեխաներն ու պատանիները աշխարհում տեղի ունեցող պրոբլեմներին ու նվաճումներին հաղորդակից են դառնում սրընթաց ու կցկտուր: Կյանքի ռիթմը չափազանց արագ է, եւ ջրվեժի նման գահավիժող ինֆորմացիոն աղբյուրներից ստացվող տեղեկատվությունն այնքան շատ է, որ դեռահասները պարզապես չեն հասցնում համակարգել այն: Եվ հաճախ պատրաստ չեն լինում այն ընտրությունների շղթային, որն իրենց համար անպայման պատրաստելու է կյանքը:

Հասարակության մեջ սեփական տեղը որոնող ու տարբեր վարքագծային մոդելներ փորձարկող սերնդի համար կրթական տարբեր նորամուծություններ-հավելումներ են արվում: Ի վերջո, ժամանակակից կրթությունը կարեւորում է ոչ միայն զուտ տեսական գիտելիքները, այլեւ դրանց կիրառման իրական հնարավորությունները: Մանավանդ, երբ հարցն առնչվում է ոչ թե պարտադիր ուսումնական նյութին, այլ ավելի գլոբալ խնդիրներին` մարդու իրավունքների պաշտպանությանը, ինքնադրսեւորման ուղիներ փնտրելուն, քաղաքացիական հասարակություն ձեւավորելուն:

Այս դեպքում օգնության է գալիս մարդկության կուտակած փորձը, որին հաղորդակից լինելու լավագույն միջոցը վավերագրական կինոն է:

Կինոն արվեստի այն տեսակն է, որն իր արագ ճամփորդելու ունակությամբ (ընդամենը մեկ ֆայլ է) կարող է հեշտությամբ մի մայրցամաքից մյուսը տեղափոխել, տարբեր վիզուալ պատմություններ պատմել, էքսկուրսներ կատարել հազարավոր ազգերի ավանդույթների, պատկերացումների, գիտական ու մշակութային ժառանգության աշխարհ:

Սակայն զուտ ճանաչողական նշանակությունից բացի վավերագրական կինոն ունակ է քննարկում խթանել, սովորեցնել հարցադրումներ անել, ճիշտ ձեւակերպել դրանք ու հնարավոր պատասխանները որոնել: Այսինքն, ֆիլմից ստացված էմոցիաները փորձի վերածել:

Մանկությունն ու պատանեկությունն այն տարիքն են, երբ ռադիկալ ու բախտորոշ բացահայտումներն են արվում (եւ’ մտավոր, եւ’ հուզական, եւ’ ֆիզիոլոգիական):

Մանկությունը (հատկապես 10-16 տարեկան հասակը) բնավ էլ դրախտ չէ, այն աշխարհը հետազոտելու, սեփական տեղը գտնելու ու ընտրություն կատարելու ժամանակահատված է: Իսկ դա միշտ էլ ցավոտ է: Հենց դեռահասն է կանգնում ամենալարված, անգամ սարսափելի մարտահրավերների առջեւ եւ իրեն շրջապատող աշխարհի անարդարությունների, վախերի, պայքարի ու հրաշքների վկան դառնում:

Խելամիտ կատարված վավերագրական ֆիլմերի ընտրանին կարող է դառնալ (եւ շատ երկներում դառնում է) այն հումքը, որից երեխան իր սեփական աշխարհայացքն է կոփում, սովորում է համեմատել, գնահատել, քննադատել եւ կարեկցել: Այսինքն` ձեռք է բերում այն բոլոր հատկությունները, որոնց շնորհիվ էլ հետագայում մտավոր ու կենսական բարձր մակարդակ ունեցող հասարակություն է ձեւավորվում:

Ընդհանրապես ցանկացած ուսումնական նյութ առավել հեշտ է յուրացվում, երբ գործի է դրվում ոչ միայն դասագիրքը, այլեւ մուլտիմեդիական ձեռնարկների ձեւաչափը: Աշակերտը միշտ էլ ավելի արագ է մարսում եւ ավելի երկար է հիշողության մեջ պահում պատկերավոր նյութը: Առավելեւս այն նյութը, որը տեղեկատվական լինելուց բացի նաեւ հուզական է:

Վավերագրական կինոն այն անհրաժեշտ օղակն է, որը թույլ է տալիս միաժամանակ արթանացնել ու կառավարել էմոցիաները (ինչն ուղղակի անհրաժեշտ է պայթյունավտանգ այս տարիքում): Վավերագրական ֆիլմ դիտելով` երեխան ստանում է աշխարհի իմաստության, ողբերգության ու հմայքի իր չափաբաժինը, սովորում է դիմադրել եւ ոգեւորվել:  Եվ ընդունել, որ մեր ահռելի ու բազմազան աշխարհը հաճախ տարբեր դրամատուրգիական պտույտներով է զարգանում, իսկ ցանկացած մարդկային փորձ (նույնիսկ դրամատիկ) անկրկնելի է:

Վավերագրական կինոն իր իրական գործող անձանցով ու իրավիճակներով  դեպի աշխարհ բացված մի պատուհան է, որից հաճախ նայելով` երեխան ձեռբազատվում է անտարբերությունից, ինչն ավելի հասուն տարիքում վերածվում է ինֆանտիլիզմի: Եվ եթե ընդունենք, որ ցանկացած կրթական համակարգի գերխնդիրը մտածող ու մոլորակի խնդիրներով մտահոգ անհատ դաստիարակելն է, ապա կրթկան դաշտ ներմուծելով վավերագրական ֆիլմերի համատեղ դիտումն ու քննարկումը այդ նպատակին հասնելու շատ գործուն ու հեռանկարային քայլ է:

Դա այն գործիքն է, որն ամբողջացնում է ցանկացած կրթական ծրագիր` կոնկրետ մարդկային ճակատագրերի հիման վրա ցույց տալով, թե ինչ է մարդասիրությունը, հավատը, պայքարը, արդարությունը, տեղեկացված լինելու առավելությունը: Մի խոսքով այն ամենն, ինչին երեխան առեերեսվելու է կյանքի ողջ ընթացքում:

Տարբեր իրավիճակներում սեփական տեսակետը պաշտպանող ու հանգամանքներին դիմակայող հերոսներին  տեսնելով` երեխան ներքուստ պատրաստվում է ընդունել աշխարհը իր տարբեր խնդիրներով ու գեղեցկությամբ:

Եվ կարեւորն այն է, որ ֆիլմերի դիտումը հնարավորություն է տալիս նրան ինֆորմացիոն աղմուկի մեջ մի պահ դադար վերցնել, խորասուզվել  ու համամասնակիցը դառնալ աշխարհի տարբեր անկյուններում կատարվող դեպքերի ու դեմքերի հոսքին: Հասկանալ, որ ինքը միայնակ չէ:

Նունե Հախվերդյան

Հ.Գ. Հաջորդ հոդվածում կներկայացնենք «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» միջազգային ծրագիրը, որը անցյալ տարի կիրառվեց Հայաստանում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *