Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ) նշում է 30-ամյակը։ 1995-ին, երբ Բորիս Նավասարդյանը համախոհների հետ հիմնադրում էր ակումբը, նպատակ ուներ մասնագիտական խնդիրների շուրջ համախմբել տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր քաղաքական կապվածություններ ունեցող լրագրողներին։
«Իրականում բավականին բարդ ժամանակահատվածում ստեղծվեց Երևանի մամուլի ակումբը, մենք անմիջապես բախվեցինք տարբեր մարտահրավերների՝ և՛ ընտրություններ և՛ տարբեր օրենսդրական փոփոխություններ։ Ստեղծվեցին բարդ հարաբերություններ և՛ իշխանությունների հետ և՛ այն գործընկերների հետ, որոնք չէին ցանկանում ձևավորել այնպիսի համախմբված պրոֆեսիոնալ դաշտ, որտեղ կլինեին մասնագիտական ընդհանուր սկզբունքներ ու կանոններ։ Շատերի համար ավելի հարմարավետ էր մնալ տարբեր բարիկադների հետևում։ Եվ հենց այն ժամանակ ստեղծվեց լրատվական դաշտում օրակարգ ձևավորելու ձգտումը, ինչին էլ միտված է մեր այս 30 տարիների աշխատանքը»,- ասում է ԵՄԱ պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։
Լրատվամիջոցների ինքնակարգավորման և էթիկական ստանդարտների շուրջ համախմբվածության ձևավորումը այսօր էլ Երևանի մամուլի ակումբի առաջնահերթ խնդիրներից է։ Նավասարդյանի կարծիքով էթիկական սկզբունքների շուրջ լրագրողներին համախմբելն այսօր ավելի դժվար է, քան նախկինում։

Բորիս Նավասարդյան
«Տարբեր մարտահրավերների դեմ պայքարելու առումով այսօր ինչ-որ հոգնածություն եմ նկատում լրատվական դաշտում, շատերի մոտ կա նաև հիասթափություն, որ այդ համատեղ պայքարը ոչ մի արդյունք չի տալիս և պետք է սահմանափակվել ինչ-որ նեղ կարիքների, նեղ շահերի ապահովմամբ։ Բայց, եթե թերթենք այս տարիների պատմության էջերը, կտեսնենք, որ այդ համատեղ գործունեության շնորհիվ ինչ-որ շատ կարևոր խնդիրներ լուծվել են և այսօր մենք պետք է շարունակենք ամրապնդել տեղի ունեցած փոփոխությունները»,- ասում է Բորիս Նավասարդյանը։
Կարևորելով որակյալ լրագրության նկատմամբ հավատարմությունը և լրատվամիջոցներում էթիկական լրագրության զարգացումը խրախուսելու նպատակով՝ Երևանի մամուլի ակումբն արդեն երկրորդ տարին է իր ծննդյան օրը կազմակերպում է էթիկական լրագրության մրցանակաբաշխություն։
2025-ի էթիկական լրագրության մրցանակակիրները
Այս տարի իրենց կատարած որակյալ աշխատանքի համար ԵՄԱ-ի մրցանակների արժանացան EVN Report առցանց լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը և ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսության լրագրող Գևորգ Թոսունյանը։

Էթիկական լրագրության մրցանակաբաշխության հաղթողները
Հետքի տնօրեն Քրիստինե Բարսեղյանն էլ արժանացավ ԵՄԱ Միխայիլ Դիլոյանի անվան մրցանակին՝ լրատվամիջոցի գործունեությունն արդյունավետ կառավարելու համար։
Գևորգ Թոսունյան ՍիվիլՆեթ
Լրագրողի մասնագիտությունը ընտրել եմ մայրիկիս ու պապիս խորհրդով։ Դեռ դպրոցական տարիքից ես տարբեր բանաստեղծություններ ու փոքրիկ պատմվածքներ էի գրում։ Կամ պիտի ընդունվեի բանասիրական ֆակուլտետ կամ՝ լրագրության։ Պապս բանասեր է և մեծ ազդեցություն ուներ իմ որոշումների վրա, հենց նա էլ խորհուրդ տվեց գնալ լրագրության ուղղությամբ։ Ես առաջին, թե երկրորդ կուրսի ուսանող էի, երբ ընթանում էին մարտի մեկին նախորդող ցույցերը, այդ ժամանակ որպես ուսանող լրագրող գնում էի, հետևում էի ցույցերին, որոշ նոթեր էի անում։ Հենց այդ ժամանակ կարող եմ ասել ինքս էլ հասկացա, որ ճիշտ որոշում եմ կայացրել։ Լրագրությունն է ինձ հետագայում որպես տեսակ ձևավորել։
Վերջին տարիներին ամեն ինչ խառնվել է ատելության խոսքի հորձանուտում։ Բոլոր էթիկական ու բարոյական նորմերն ու սկզբունքները ամեն քայլափոխի խախտվում են տարբեր խմբերի կողմից և դրանք դոմինոյի էֆեկտով նաև անդրադառնում են լրագրողների գործունեության վրա։
Լրագրողները ներքաշվում են տգեղ, կեղտոտ պայքարի մեջ։ Ես իմ հոդվածներով, իմ ռեպորտաժներով, սոցիալական ցանցերում իմ գրառումներով, հնարավորինս փորձում եմ պահպանել բարոյական սկզբունքները, անաչառությունը, բազմակողմանիությունը: Իմ խոսքը կառուցում եմ փաստերի, ոչ թե էմոցիաների վրա։ Ընդհանրապես, իմ սկզբունքն այն է, որ լրագրողները հեռու մնան քաղաքականության մեջ ներգրավվելուց։
Մենք ՍիվիլՆեթում ունենք մեր վարքականոնը և խստորեն հետևում ենք դրան։ Հաճախ նաև տարբեր քննարկումներ ու վիճաբանություններ ենք ունենում, հատկապես ֆեյսբուքյան, տելեգրամյան գրառումների ու դրանց բովանդակությունների վերաբերյալ։

Գևորգ Թոսունյան
Մեզ սովորեցրել են, որ լրագրողը միշտ պետք է լռի և երբեք չբարձրաձայնի իր կարծիքը։ Ես կարծում եմ, որ այժմ ամեն ինչ մի փոքր այլ է։ Մենք տեսնում ենք, որ մեր միջազգային շատ գործընկերներ տարբեր գրառումներ են անում իրենց X-ի միկրոբլոգում կամ Տելեգրամ հարթակներում։ Ես կարծում եմ, որ լրագրողները, չանցնելով վիրավորանքի դաշտը, սեփական կարծիքը չպարտադրելով մարդկանց, բայց կարող են բարձրաձայնել իրենց տեսակետը սոցիալական տարբեր հարթակներում։
Լրագրողները, լրագրողական համայնքը նախընտրում է շատ դեպքերում, պարզապես կարծիք չհայտնել, այդ թվում հստակ թիրախավորված չասել, որ այ օրինակ սա սխալ է, նման վարքագիծը սխալ է՝ սկսած անհատ լրագրողների դրսևորած վարքագծից, վերջացրած ատելություն սերմանող տարբեր քաղաքական գործիչների գործունեությանը գնահատական տալով։
Ես օրինակ խուսափում եմ իմ անձնական կարծիքը ներկայացնել, ես հիմնականում փաստեր եմ ներկայացնում, երբեմն էլ հարց եմ տալիս ու փորձում հասկանալ լսարանի տրամադրվածությունը էդ հարցի շուրջ։
Ես գրում եմ այն, ինչ տեսնում եմ, ցանկացած դեպքում փաստերն ինձ համար ավելի կարևոր են, քան այն հասարակական ճնշումը, որը տարբեր թեմաների դեպքում առկա է։ Օրինակ 2020-ի պատերազմի ժամանակ, երբ Տումիում էինք ու տեղեկություն ունեինք, որ Հադրութը գրավել են, նկարահանում էինք անում, մի մարդ զայրացած, փրփրած մոտեցավ, գիտեր, որ լրատվամիջոցից եմ, սկսեց գոռալ՝ ինչո՞ւ չեք գրում, որ Հադրութը մերն է, որ հաղթել ենք։ Ես ասացի, որ փաստեր չունենք ասելու, որպեսզի գրենք, ընդհակառակը՝ տեղեկություններ ունենք հակառակն ասելու, բայց քանի որ պաշտոնապես հաստատված չէին, դա էլ չէինք գրում։ Նույնը 2022-ին, երբ որ մենք գնացել էինք Իշխանասար, Երևանից մեզ ասում էին այնտեղ կրակում են, դուք ինչո՞ւ եք գրում, որ հանգիստ է, ես տեսնում էի մարդկանց, որոնք նորմալ կենցաղով ապրում էին։
Մարիա Թիթիզյան՝ EVN Report
Ես արդեն 25 տարի է Հայաստանում եմ ապրում։ Ես եմ ընտրել Հայստանը, ոչ թե Հայաստանը ինձ։ Ընտանիքիս հետ Հայաստան եմ տեղափոխվել 2001-ին։ Եվ արդեն 20 տարի է Հայաստանում զբաղվում եմ լրագրությամբ։ Ես ուզում եմ, որ մեր երկիրը լավ լինի, որովհետև երեխաներիս պարտական եմ, ես եմ իրենց բերել այստեղ ու ինքս եմ կրում նրանց ապագայի պատասխանատվությունը։ Այս տարիների ընթացքում տեսել ու լուսաբանել եմ գրեթե ամեն ինչ։ Եվ հասկացել եմ, որ եթե չլինի պատասխանատու, որակյալ ու էթիկական լրագրության սկզբունքներին հետևող մեդիադաշտ, ապա երկիրը չի կարող զարգանալ։
Ես EVN Report-ը հիմնադրեցի, երբ քառօրյա պատերազմից հետո՝ ամռանը, եղավ «Սասնա ծռեր»-ի դեպքը։ Բոլոր լրատվամիջոցները լուսաբանում էին, բայց ոչ մեկը չէր հարցնում` ինչու՞ եղավ, որո՞նք էին դրդապատճառները, ինչու՞ տղամարդկանց զինված խումբը գրավեց ոստիկանության շենքը և ինչո՞ւ հազարավոր մարդիկ փողոցում սատարում էին նրանց։ Շատ հարցեր կան, որոնց մասին չէինք գրում, չէինք խոսում։ Ես սիրում եմ ավելի դանդաղ աշխատել, ավելի խորքային հարցեր բարձրացնել։ Ես՝ որպես քաղաքացի, որպես հայաստանաբնակ մարդ, ուզում եմ հասկանալ` ի՞նչ է կատարվում և ուզում եմ, որ EVN Report-ը լինի այդ հարթակը, որտեղ մարդիկ կարող են գտնել իրենց հարցերի պատասխանները, հասկանան, ըմբռնեն, թե իրենց շուրջը կատարվող երևույթները ի՞նչ նպատակ ու ի՞նչ պատճառահետևանքային կապ ունեն։ Քաղաքացին պետք է խորապես տեղյակ լինի, որ հետագայում կարողանա իր քաղաքացիական դիրքորուշումը կայացնել։

Մարիա Թիթիզյան
Երբ ես հիմնում էի EVN Report-ը, շատերն ասացին, որ երկար վերլուծական հոդվածները չեն ընթերցվի, առավել ևս անգլերեն ո՞վ պետք է կարդա։ Ես վստահ էի, որ մենք կարող ենք ձևավորել պահանջարկ։ Այսօր մենք ունենք շատ հավատարիմ լսարան, որոնք գնահատում են մեր աշխատանքը և պարտավորեցնում, որ ավելի որակյալ ու մանրակրկիտ աշխատանք կատարենք։
Յուրաքանչյուր հոդված նախքան հրապարակվելը չորս, հինգ երբեմն անգամ հինգ մասնագետի կողմից ստուգվում ու խմբագրվում է։ Մեզ համար սկզբունքային է, որ հանկարծ, որևէ սխալ փաստ, որևէ փոքրիկ բացթողում չլինեն մեր նյութերում։
EVN Report-ում առաջնորդվում ենք պատասխանատու, լուծումներ առաջարկող լրագրությամբ։ Մեր գերխնդիրն է ճիշտ հարցադրումներ բարձրացնելը, ճիշտ ինֆորմացիա տրամադրելը, որպեսզի մեր ընթերցողը հասկանա, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում իր երկրում։
Սա է ինձ համար էթիկական լրագրությունը, դժվար է շատ, հոգնեցուցիչ է, բայց պրոֆեսիոնալ, բարեխիղճ ու որակյալ աշխատանքը հենց այս մոտեցումն է պահանջում։
Քրիստինե Բարսեղյան՝ Հետք
Հայաստանում մեդիա կառավարման համակարգը չունի ձևավորված պատմություն։ Խորհրդային շրջանից հետո, երբ մեդիան այստեղ սկսեց անկախ զարգանալ, այն չգործեց դասական արևմտյան մոդելով։ Հայաստանում մեդիան չի դիտարկվել որպես բիզնես, չեն կատարվել ֆինանսական ներդրումներ, և այն ի սկզբանե չի ունեցել նպատակ դառնալու ֆինանսապես կայուն ու ինքնաբավ։ Մեդիան իրականացրել է հանրային շահի սպասարկման առաքելություն։
Այսօր փորձում ենք անցում կատարել հիբրիդային մոդելի՝ հանրային շահը և մեդիա բիզնեսի մտածողությունը համադրելու ուղղությամբ։ Նախ պետք է փոխենք մեր մտածողությունը, որ կարողանանք նաև լսարանի պատկերացումները փոխել։ Լսարանին պետք է փոխանցենք, որ մենք ստեղծում ենք որակյալ բովանդակություն, որը ռեսուրսատար է՝ պահանջում է ժամանակ, մարդկային և ֆինանսական ներդրում։ Այդ արտադրանքը ևս արժեք է, և դրա իրացումը հնարավորություն կտա մեզ շարունակել մեր աշխատանքը։

Քրիստինե Բարսեղյան
Այսօր հայաստանյան անկախ լրատվամիջոցները տարբեր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում են իրենց աշխատանքը կազմակերպում։ Մեծ մարտահրավեր է նաև դրամաշնորհային ծրագրերի և անկախ բովանդակության համադրումը։ Դրամաշնորհները հիմնականում տրամադրվում են միջազգային կազմակերպությունների կողմից՝ կոնկրետ օրակարգերով ու թեմաներով, ինչպիսիք են մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, փոքրամասնությունների իրավունքները։ Մեր խնդիրն է կարողանալ տարիների ընթացքում այդ ծրագրերը համադրել այնպես, որ լրատվամիջոցն ընկալվի որպես հանրային շահը սպասարկող կառույց՝ չդառնալով մեկ թեմայի սպասարկող։ Լսարանը պիտի վստահի, որ մենք չենք առաջնորդվում միայն դրամաշնորհի պահանջներով։
Մեր մյուս մարտահրավերն է մեդիայի դիրքավորումը՝ որպես գործընկերային բիզնես։ Հեշտ չէ հետաքննական հարթակի համար գործընկերներ գտնել։ Մեզ համար չափազանց սկզբունքային է և մեր գործընկեր բիզնեսներին էլ մշտապես տեղեկացնում ենք, որ որևէ դեպքում գովազդը, գործընկերային հարաբերությունները չեն կարող ազդել մեր բովանդակության վրա, մեր խմբագրական քաղաքականության անկախության վրա։
Կառավարման առումով մեզ համար լուրջ մարտահրավեր էր նաև ԱՄՆ ֆինանսավորման դադարեցումը, բայց պետք է ասեմ, որ այն նաև թույլ կտա նոր հնարավորություններ ու նոր ճանապարհներ գտնել։ Մենք ակնկալում ենք, որ հասարակությունը կդառնա մեր աջակիցը։ Զարգացած ժողովրդավարական երկրներում մեդիան գործում է հենց լսարանի աջակցությամբ։ Մենք էլ ենք փորձում այդ ճանապարհով առաջ գնալ՝ զարգացնելով Patreon-ը, YouTube-ը՝ փորձելով բաժանորդագրության մոդելները։